«Ապրիլյան դեպքերի հետ կապված՝ զերծ կմնամ մեկնաբանություններից». ԶՈւ գլխավոր շտաբի պետ
ԱԺ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի նիստին այսօր մասնակցում էր Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, նիստը տևեց մոտավորապես 3,5 ժամ։
Նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում Արտակ Դավթյանը զերծ մնաց գնահատականներ տալուց հանձնաժողովի աշխատանքներին, միայն նշեց, որ հանձնաժողովի հետ իր աշխատանքն անցել է լավ մթնոլորտում, բոլոր հարցերը հանգամանորեն քննարկվել են։
Թե ի՞նչ հարցեր են քննարկել և ի՞նչ տեղեկություններ է փոխանցել հանձնաժողովին, Արտակ Դավթյանը նշեց, որ այդ ամենը պետք է ասի միայն հանձնաժողովը։
«Ապրիլյան դեպքերի հետ կապված՝ զերծ կմնամ մեկնաբանություններից։ Մենք բոլորս պետք է աջակցենք, որպեսզի հանձնաժողովն իր աշխատանքները հասցնի տրամաբանական ավարտին, և վերջում կարվեն եզրակացություններ, և կլինեն հայտարարություններ»,- նշեց Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը։
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպես է ստացվում, որ մի շարք պաշտոնատար անձանց որդիներ հայտնվում են Պաշտպանության բանակի նույն զորամասում, որտեղ վերջերս, ըստ պաշտոնական վարկածի, ինքնասպան էր եղել ժամկետային զինծառայող Վահրամ Ավագյանը, և նույն պաշտոնական վարկածի համաձայն՝ նրան ինքնասպանության հասցրել են ծառայակիցները, արդյո՞ք այստեղ կոռուպցիոն ռիսկեր չի տեսնում։
Արտակ Դավթյանը պատասխանեց, որ որևէ կոռուպցիոն ռիսկ չի տեսնում, և ցանկացած զորամաս, որտեղ ծառայեին պաշտոնատար անձանց որդիները, կրկին լինելու էին նույն բնորոշումները, թե կոռուպցիա կա։
«Այդ զորամասն այս պահին մարտական հերթապահություն է կատարում, որտե՞ղ տանենք այդ մարդկանց, Արցախում ծառայում են՝ ասում են՝ Արցախում են, բերում ենք այստեղ՝ կրկին դժգոհում են։ Իրավապաշտպանները որ դժգոհում են բանակում տիրող իրավիճակից, մեկ-երկու անգամ որ շփվեին սպանների հետ, այդպես չէին արտահայտվի, նրանք դրա փոխարեն՝ կարող են աջակցել մեզ։ Իհարկե, ունենք բացթողումներ, բայց որ ասում են՝ բանակում որևէ մեկն իր տեղում չէ, այդպես չէ, տեղում մենք խնդիրները տեսնում ենք։ Վարչապետը հայտարարեց, որ նախորդ տարի բանակում զոհերը քիչ էին, աղմուկ բարձրացավ, իսկապես անցած տարի քիչ էր։ Մեր նպատակն այն է, որ ընդհանրապես զոհ չունենանք»,- շեշտեց Արտակ Դավթյանը։
Քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ ասաց, որ պատահական չէ, որ այս փուլում կարևորում էին, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ հանդիպումից հետո, Արտակ Դավթյանի հետ հանդիպումը։
«Քննարկել ենք շատ տարաբնույթ հարցեր՝ անցյալի, ներկայի և ապագայի վերաբերյալ։ Կարծում եմ՝ մենք այսօր հերթական արդյունավետ աշխատանքն ենք ունեցել, և դա միտված է եղել ապրիլյան դեպքերի հետ կապված խնդիրներն արագ ավարտելուն և հանրությանը ներկայացնելուն։ Մեր ներկայացրածը պետք է լինի փաստարկված։ Միշտ ասել եմ, մեր եզրակացությունների մեջ նորություն կգտնեք, կամ՝ հակառակը, բայց դրանք կլինեն անհերքելի և փաստարկված»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։