Խնդրում եմ, Խաչիկյանից մի’ հարցրեք
Այսօր Ազգային ժողովում Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը լրագրողների հետ զրույցում` անդրադառնալով սոցիալական ոլորտի չարաշահումներին՝ ասաց. «Մենք այսօր շատ վստահ ասում ենք, որ պետական բյուջեի 30%-ն այլևս կարելի է համարել անխոցելի, որովհետև այն երևույթները, և այն` նույնիսկ անեկդոտի աստիճան հասնող երևույթները, որոնց մասին բազմաթիվ անգամ խոսել ենք Ազգային ժողովի ամբոնից, և նաև մեր ասուլիսների ժամանակ, այսօր չկան, և համակարգը գործում այդտեղ, նույնիսկ ենթադրում է հստակ, որ բացասական երևույթները չեն լինի»:
Ի. Զաքարյանն առանձանցրեց հատկապես պետական գնումների գործընթացն ու շինարարության ոլորտը, որտեղ, ըստ նրա, իրենք ունեն լուրջ խնդիրներ: ՎՊ-ի նախագահի խոսքով՝ այդ խնդիրների մասին ինքն արդեն զեկուցել է ՀՀ նախագահին, և ստացել է նրա հանձնարարականը՝ հաջորդ տարիներին այդ ոլորտում օպերատիվ վերահսկողություն իրականացնելու համար:
«Մեծ խախտումները սոցիալական ոլորտի խախտումներն են: Ես երկու տարի է` անընհդատ խոսում եմ այդ մասին»,- ասաց Զաքարյանը: Իսկ լրագրողներից մեկի այն դիտարկմանը, թե ՀՀ սոցիալական ապահովության ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի կատարած չարաշահումների մասին բարձրաձայնելուց բացի, որևէ գործողություն տեղի չունեցավ, Ի. Զաքարյանը պատասխանեց. «Արդյունքում եղավ այն, որ այսօր հինգ-վեց հոգի նստած են բանտում, երեկ չէ առաջին օրը կալանավորվել են ևս երեքը: Իսկ մնացածը՝ կապված Խաչիկյանի կամ մյուս պաշտոնյաների հետ, խնդրում եմ, ինձ մի’ հարցրեք, ես նախաքննություն վարող մարմին չեմ, և ոչ էլ նախաքննության գաղտնիքները կարող եմ հիմա ասել, քանի որ եթե կա քննություն, կարծում եմ՝ պետք է սպասել, և ապագայի համար խոսելը ճիշտ չէ: Իսկ ինչ վերաբերում նրան, որ Դուք ասում եք՝ ոչինչ չի փոխվել, կարծում եմ՝ շատ եք սխալվում: Ես Ձեզ ասում եմ՝ արդեն բավականին լուրջ պաշտոնյաներ նստած են, մի քանիսը ձերբակալված են: Կա հարուցված քրեական գործ, որի չափերը հասնում են տասնյակ հատորների»: