«Այս տեխնոլոգիան պիտի մերժվի. փաստացի պատերազմող երկրում չի կարելի անել հեղափոխություններ՝ ոչ թավշյա, ոչ մետաքսյա, ոչ էլ չթի»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս հրապարակեց համազգային 6 կոնսենսուս, որոնց մեջ՝ 2-րդ կետում, ասվում էր, թե «կարևոր է համարում Արցախի Հանրապետությունում սպասվող նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացումը ազատ, մրցակցային, ժողովրդավարական միջավայրում և ժողովրդի ազատ կամարտահայտման իրական երաշխիքների ապահովումը: Եվ, որ ՀՀ-ն պետք է հանդես գա և հանդես կգա՝ որպես Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտման և այդ կամարտահայտման միջոցով լեգիտիմ իշխանության ձևավորման երաշխավոր»:

«Ընդդեմ իրավական կամայականության հ/կ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ լեգիտիմությունը լինում է երկու տեսակ՝ ներքին, որն արտահայտում է ժողովրդի վստահությունն առ ընտրյալ կամ ընտրվող իշխանություններ, և արտաքին, երբ որևէ երկիր կամ հասարակական կազմակերպություն ճանաչում է տվյալ ընտրության արդյունքում ընտրված իշխանություններին:

«Հիմա ՀՀ-ն ի՞նչ պիտի անի, ո՞ր լեգիտիմության համար է երաշխավոր: Ուզում են այնտեղ մասնակցել դիտորդական նպատակով, դա միշտ արվել է, պատգամավորական մեծ խմբեր են գնացել, արտերկրից ենք մարդիկ հրավիրել: Եթե խոսքը սրա մասին է, լավ: Բայց եթե՝ ոչ, արդյո՞ք խոսքը նրա մասին է, որ ընտրություններից հետո հայտարարվելու է՝ Հայաստանը դե յուրե ճանաչում է Արցախի ընտրված իշխանություններին: Փաշինյանի ասածի տակ նյութ կա, բայց պետք է հասկանալ՝ ինչ է դա ենթադրում: Ես ուզում եմ, որ այն գերակտիվությունը, որ երեկ ցուցաբերվեց ՀՀ ԱԺ-ում, չցուցաբերեն Արցախում տեղի ունենալիք ընտրություններին, այլ լինեն զուսպ»,- նշեց Ալավերդյանը:

Նա դատապարտեց Արցախի «Արի ռեզորթում» վարչապետի պահվածքը՝ ասելով.

«Խոսքն այստեղ վերաբերում է ոչ թե արածին, այլ, թե դա ինչ կարգավիճակից ելնելով է արել: Եթե որպես հաճախորդ տեսել ես՝ ՀԴՄ չեն տալիս, հայտնել ես, այստեղ ավարտվում են քո լիազորությունները: Ո՛չ ՀՀ-ի, ո՛չ էլ Արցախի Սահմանադրությամբ որևէ մեկին տրված չէ պիտակավորել: Ես սա պատահական չեմ համարում, հատկապես, երբ նրա ամեն մի այցելությունը դառնում է սկանդալային պատմության առիթ»:

168.am-ի հարցին՝ Արցախում սպասվելիք խորհրդարանական և հատկապես նախագահական ընտրությունների ելքը պակաս կանխատեսելի է նախորդների համեմատ, և արդյոք համաձա՞յն է որոշ քաղաքագետների մտահոգությունների հետ, թե Արցախում հեղափոխական տարրեր են նկատվում, Ալավերդյանը դատապարտեց նման փորձերը՝ փաստացի պատերազմական վիճակում գտնվող երկրում չի կարելի հեղափոխություն հրահրել:

«Այս տեխնոլոգիան պիտի մերժվի, փաստացի պատերազմող երկրում չի կարելի անել հեղափոխություններ՝ ոչ թավշյա, ոչ մետաքսյա, ոչ էլ չթի: Երկրորդ՝ չպետք է խախտել այն ավանդույթը, որը միշտ հիացրել է արտերկրին, երբ շատ բարձր են գնահատվել Արցախի ընտրությունները: Արցախահայությանը չպետք է անկիրթ ցեղի նմանեցնել, որ այնտեղ ստեղծվի այնպիսի իրավիճակներ, որոնք խորթ են իրենց՝ Արցախի ժողովրդին: Մենք ՀՀ-ում տեսանք դուդուկներ, թռվռոցներ, Ֆրանսիայից ինձ մի փորձագետ էր զանգել և ասում էր՝ ես գիտեի, թե դուք ավելի քաղաքակիրթ ժողովուրդ եք և տիրապետում եք այլ մեթոդի»,- նշեց Ալավերդյանը:

Մեր դիտարկմանը՝ Արցախի նախագահի թեկնածուներից ոմանք կարծես թե փորձում են արժանանալ ՀՀ իշխանությունների բարեհաճությանը, իրականում կա՞ նման բան,  ԼՂ հարցում Փաշինյանի կոչին արագ արձագանքելը դրա շրջանակում չէ՞ր, փորձագետն ակնարկեց, որ կոչին արագ արձագանքելը կոռեկտության մասին է խոսում զուտ:

«Իրենք մտածում են՝ Մայր Հայաստանի ղեկավարը դիմել է, պետք է արագ պատասխանենք»,- ընդգծեց «Ընդդեմ իրավական կամայականության հ/կ գործադիր տնօրենը:

Տեսանյութեր

Լրահոս