Հայաստանում կայացել է ՀԱՊԿ օպերատիվ հակազդման ուժերի առաջին համատեղ վարժանքը (լուսանկարներ)

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մասնակից երկրների Օպերատիվ հակազդման հավաքական ուժերի (ՕՀՀՈւ) «Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժությանը նախապատրաստվելու շրջանակներում սեպտեմբերի 10-ին ՀՀ զինված ուժերի «Բաղրամյան» զինափորձարանում տեղի Է ունեցել միավորված զորախմբի ստորաբաժանումների առաջին համատեղ վարժանքը՝ կապված առաջիկա ուսումնամարտական առաջադրանքների կատարման հետ: Հավաքական ուժերի գործողությունների ղեկավարումն իրականացրել է Հայաստանի Հանրապետությունից ՀԱՊԿ-ի ՕՀՀՈւ-ի հրամանատար գեներալ-մայոր Կամո Քոչունցը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Վարժանքի ընթացքում մշակվել են կառավարման մարմինների գործակցության, մարտական տեխնիկայով ստորաբաժանումների կիրառման եւ ուսումնամարտական առաջադրանքների կատարման շրջաններում անձնակազմի գործողությունների հարցերը: Զորքերի գործողություններն իրականացվել են ռազմաճակատային եւ բանակային օդուժի ստորաբաժանումների աջակցությամբ:

Ռուսական զորակազմից վարժանքին մասնակցել են Հայաստանում տեղաբաշխված 102-րդ ռուսական ռազմակայանի շուրջ հարյուր զինծառայողներ եւ 30 միավոր մարտական եւ հատուկ տեխնիկա: Նաեւ գործի են դրվել ՀԱՊԿ-ի ՕՀՀՈՒ-ի կազմի մեջ մտնող ՀՀ զինված ուժերի ցամաքային զորքերի տանկային ստորաբաժանումները:

Ուսումնամարտական առաջադրանքներն առաջին անգամ համատեղ կատարել են ՀԱՊԿ-ի մասնակից երկրների ՆԳՆ ներքին զորքերի, արտակարգ իրավիճակների նախարարության, փրկարար ծառայությունների եւ անվտանգության մարմինների հատուկ ստորաբաժանումները:

Ստորաբաժանումների գործողությունների համակարգման նպատակով ուսումնամարտական առաջադրանքների կատարմանը նվիրված ՀԱՊԿ-ի ՕՀՀՈւ-ի զորակազմերի համատեղ վարժանքները կշարունակվեն մինչեւ սեպտեմբերի 14-ը:

«Բաղրամյան» զինափորձարանում վարժանքների ակտիվ փուլը ՀՀ պաշտպանության նախարարի ղեկավարությամբ տեղի կունենա սեպտեմբերի 15-19-ը: Դրանց կմասնակցեն Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի զինված ուժերի, ՀԱՊԿ-ի մասնակից երկրների անվտանգության մարմինների ստորաբաժանումները:

 

Տեսանյութեր

Լրահոս