«Առաջընթացի գրավականը դրական իմպուլսի պահպանումն է»

Ասում է «Սինոփսիս» ընկերության Մարդկային ռեսուրսների և տնտեսական բաժնի գլխավոր փոխնախագահ Ջան Քոլինսոնը

Տիկին Քոլինսոն, ո՞րն է Ձեր այցի նպատակը:

– Սա իմ առաջին այցն է Հայաստան, և ինձ մեծ բերկրանք է պատճառում այս կենտրոնում գտնվելը: Իմ այցի նպատակն է` ծանոթանալ «Սինոփսիսի» հայկական անձնակազմի և կազմակերպության հետ և ձեռք բերել ամբողջական գիտելիք, ինչը կնպաստի կենտրոնի հետագա գործունեությանն աջակցելու գործընթացին:

– «Սինոփսիսը» բավականին հաջող գործունեություն էր ծավալել տնտեսական ճգնաժամի ընթացքում: Այժմ այն էլեկտրոնային նախագծման ավտոմատացման ոլորտի համաշխարհային առաջատարն է: Ո՞րն է «Սինոփսիսի» հաջողության գաղտնիքը:

Կարդացեք նաև

– Կարծում եմ, որ մեր հաջողության գաղտնիքն ընկերության ընդհանուր փիլիսոփայության մեջ է, որն է` այն, ինչ շահավետ է հաճախորդի համար, շահավետ է «Սինոփսիսի» համար: Կամ, այլ կերպ ասած, հաճախորդի հաջողությունը «Սինոփսիսի» հաջողության գրավականն է: Ճգնաժամի ընթացքում մեզ պարզ դարձավ, որ մեր հաճախորդներին անհրաժեշտ է ավելի շատ աջակցություն, նրանց ուսերին հսկայական պատասխանատվություն էր դրված, և նրանք ֆինանսական ճնշման տակ էին:

Մենք նաև ցանկանում էինք համագործակցել ընկերությունների հետ, ինչպես նաև` ավելացնել վաճառքի մեր մասնաբաժինը շուկայում: Հաճախորդների հաջողությունն ապահովելու համար անհրաժեշտ է որակավորված անձնակազմ, և, այսպիսով, այն, ինչ շահավետ էր բիզնեսի համար, շահավետ էր աշխատակիցների համար: Մեր կողմից հաճախորդների հաջողության կարևորումն այն գործոնն է, որն ապահովում է «Սինոփսիսի» շարունակական հաջողությունը:

Ընկերության համար ի՞նչ հատկանիշներ են կարևոր` աշխատակիցներին ընտրելիս:

– Կան մի քանի հատկանիշներ, որոնք մենք կարևորում ենք աշխատակիցներ հավաքագրելիս: Նախ և առաջ, մեր աշխատուժի 80%-ը ճարտարագիտական ոլորտից են, ուստի, առաջին հերթին, մեր աշխատակիցները պետք է տիրապետեն անհրաժեշտ տեխնիկական հմտությունների, «նոու-հաու»-ի` և տեխնիկական աշխատանքի փորձ ունենան: Հաջորդ քայլը` աշխատակիցների և մեր այլ պահանջների համադրումն է: Արդյոք աշխատողն ունի՞ գերազանցության հանդեպ նույն մղումը: Արդյոք նա ցանկանո՞ւմ է աշխատել մի թիմում, որտեղ բոլորն իրար աջակցում են: Արդյոք նա հարգո՞ւմ է անաչառության, գերազանցության և առաջնորդության մեր արժեքները: I.Q.-ի և E.Q.-ի համադրությունն այն հատկանիշն է, որը մենք միշտ փնտրում ենք աշխատակիցներ հավաքագրելիս:

Ձեր կարծիքով` ընկերությունում կա՞ն անփոխարինելի մարդիկ:

– Հետաքրքիր հարց է, և ես ունեմ երկու պատասխան` «այո» և «ոչ»: Իմ կարծիքով, եթե ընկերությունն ունի պատշաճ կառուցվածք, որի դեպքում հնարավոր չէ որևէ ձախողում, ապա մենք բոլորս, տեսականորեն, փոխարինելի ենք: Ընկերությունը պետք է կառավարել այնպես, որ ոչ ցանկալի կորուստները չխախտեն աշխատանքի սահուն ընթացքը: Բայց եթե խոսենք ընկերության հոգու մասին, «Սինոփսիսում» աշխատելու մշակույթի, կրքի և բերկրանքի մասին, ապա կարծում եմ` որոշ անհատներ անփոխարինելի են: Դա պայմանավորված է մարդկանց բնույթով, և այն հատկանիշներով, որոնք հատուկ են այդ մարդկանց: Այդ հատկանիշներն, ի տարբերություն հմտությունների, հնարավոր չէ փոխարինել կամ լրացնել:

Ձեր կարծիքով` ո՞րն է մարդկանց համար ամենամեծ մղիչ ուժը:

– «Սինոփսիսը» գրավում է այն մարդկանց, ովքեր շահագրգռված են լավագույն արդյունք ցույց տալու մեջ: Այսպիսով, որքան ավելի խրթին և հետաքրքիր է աշխատանքը, որը մենք առաջարկում ենք «Սինոփսիսի» յուրաքանչյուր աշխատակցի, այնքան ավելի մեծ է նրա` լավ աշխատելու մղումը և ներգրավվածության աստիճանը:

Ընդհանրապես, մարդիկ ցանկանում են ավելի մեծ նախաձեռնության մաս լինել, և ես նկատի չունեմ կոմերցիոն նախաձեռնությունը: Մարդիկ, ովքեր ընդունվում են «Սինոփսիս», ցանկանում են արագացնել տեխնոլոգիական առաջընթացը: Մենք սիրում ենք լինել բարձր տեխնոլոգիաների մշակման ամենակենտրոնում: Սա «Սինոփսիսի» աշխատակիցների` առաջ մղող ամենամեծ ուժն է (մոտիվացիան):

Երբ ես լսում եմ այն տեխնիկական խնդիրների մասին, որոնց վրա աշխատում են «Սինոփսիսի» աշխատակիցները 20 և 14 նանոմետր տեխնոլոգիաներով, միայն այդ միտքն արդեն ինձ ապշեցնում է: «Սինոփսիսի» աշխատակիցների համար ամենամեծ մոտիվացիան ամենաբարդ տեխնիկական մարտահրավերներն են:

– «Սինոփսիս Արմենիայում» աշխատում են ամբողջ «Սինոփսիսի» աշխատակիցների 7%-ը: Ի՞նչ դեր ունի հայաստանյան կենտրոնը:

– Հայաստանը մեծ դեր ունի մեր գիտաարտադրական համայնքում: SG-ը (Solutions Group) մեր ամենաարագ աճող և ամենամեծ բիզնես միավորն է, իսկ Երևանում տեղակայված է SG-ի մեծ մասը: Հայաստանում SG-ի խմբի յուրաքանչյուր աշխատակից նպաստում է մեր բիզնեսի աճին: «Սինոփսիս Արմենիան» կարևոր դեր ունի AMSG (Analog Mixed Signal Group) և SEG (Silicon Engineering Group) խմբերում հիմնական ապրանքատեսակների մշակման գործում: Ընդհանուր առմամբ, «Սինոփսիսի» արտադրանքի մշակման գործում Հայաստանը կարևոր դեր է կատարում:

Ի՞նչ երազանքներ ունեք, որ արդեն իրականացել են, և ինչի՞ մասին եք երազում այժմ:

– Ես ունեմ մի քանի երազանքներ, որոնք արդեն իրականացել են: Ես ունեմ երկու հրաշալի տղա և 24 տարվա երջանիկ ամուսնական կյանքի փորձ: Սա` իմ անձնական երազանքների մասին: Ինձ նաև բախտ է վիճակվել «Սինոփսիսի» մաս կազմել, ինչն իսկապես երազանքի է նման: Այն հրաշալի կազմակերպություն է, ունի խորը տեխնիկական մասնագիտացում, և հոգի ունի: «Սինոփսիսի» Գլխավոր գործադիր տնօրենները` Աարտ դե Ջիզը և Չի-ֆուն Չանը, մեծ եռանդով և հեռատեսությամբ են կառավարում և կազմակերպում աշխատանքը: Ես միշտ բնութագրում եմ իմ աշխատանքը` որպես «լավագույն աշխատանքը ընկերությունում»: Ես աշխատում եմ աշխարհով մեկ տեղակայված կենտրոնների բոլոր այն մարդկանց հետ, ովքեր իրենց բնագավառում լավագույնն են:

Ո՞րն է Ձեր հաջողության բանաձևը:

– Վստահ չեմ, որ ինչ-որ հատուկ բանաձև կա, բայց, ընդհանուր առմամբ, ինձ մոտ լավ է ստացվում աշխատել, երբ անում եմ այն գործը, որը սիրում եմ: Երբ դուք սիրում եք ձեր աշխատանքը և շրջապատում եք Ձեզ իսկապես ունակ, հաճելի մարդկանցով, ապա օրերն աշխատանքի փոխարեն լցվում են բացահայտումներով:

Ի՞նչն ոգեշնչում Ձեզ:

– Ինձ ոգեշնչում են փոքր և մեծ բաները: Երբ ես աշխատում եմ որևէ մեկի հետ, ով նոր հմտություններ է ձեռք բերում, ցանկանում է բարելավել իր ունակությունները որևէ նեղ մասնագիտական ոլորտում, և երբ ես տեսնում եմ, որ նա բեկումնային պահ է ապրում, դա շատ ոգեշնչող է: Մեզանում փոքրիկ բաներ փոխելու համար հսկայական անձնական նվիրվածություն և մոտիվացիա է անհրաժեշտ:

Նաև ոգեշնչվում եմ մեծ բաներով: Օրինակ, այս տարի մեր ընկերության 25-րդ տարեդարձի տոնակատարությունների կապակցությամբ, մենք մեր տեղական համայնքներում տարբեր նախաձեռնություններ ենք իրականացնում: Դրանք իսկապես հուզիչ են: Երևանում հինգ երեխաներ աչքի վիրահատության հնարավորություն ստացան` շնորհիվ «Սինոփսիս Արմենիայի» աշխատակիցների նվիրատվությունների: Դա այնքան խոսուն օրինակ է:

Ո՞րն է Ձեր ուղերձը «Սինոփսիս Արմենիայի» աշխատակիցներին:

– Կցանկանայի մաղթել, որ կենտրոնը, մենեջերները և ճարտարագետները շարունակեն առաջ շարժվել: Մի քանի տարի է պահանջվել, որպեսզի կազմակերպությունը հասնի գերազանցության այն մակարդակին, որին ես ականատես եղա այսօր: Օգտագործեք սա` որպես լծակ առաջ գնալու համար` թե՛ կազմակերպության մեջ ավելի մեծ ներդրում ունենալու իմաստով, և թե՛ արտադրանքի հանդեպ սեփականության զգացումի ամրապնդման իմաստով: Խնդիրներ միշտ կլինեն, և մենեջերների աշխատանքի գնահատման ամենաճշմարիտ չափանիշը անընդհատ, նույնիսկ դժվար ժամանակներում, առաջ գնալու ունակությունն է:

Առաջընթացի հիմնական գրավականը դրական իմպուլսի պահպանումն է: Ես շատ դրական արձագանքներ եմ ստանում Հայաստանի բիզնես բաժանմունքների ղեկավարների կողմից` իրենց թիմերի մասին: Ըստ ղեկավարների` այստեղ կա կայունություն, բարձրորակ աշխատակիցներ կան, և ընկերությունը բարձր հեղինակություն է վայելում: Այնպես որ, իմ ուղերձն է` շարունակեք առաջ շարժվել:

Տեսանյութեր

Լրահոս