«Սա նորմալ չէ». Ռուբեն Ռուբինյանը կիսում է ՍԴ-ի և ԵԽԽՎ համազեկուցողների մտահոգությունները
«Միանշանակ կիսում եմ ԵԽԽՎ համազեկուցողների անհանգստություններն առ այն, որ Հայաստանում երկու ինստիտուտների՝ Սահմանադրական դատարանի և վարչապետի ինստիտուտի միջև կա լարվածություն: Կարծում եմ՝ սա նորմալ չէ, նաև կարծում եմ, որ սա արդյունքն է այն բանի, որ ՍԴ նախագահն արել է քաղաքական տարբեր հայտարարություններ, որոնք կրում են ընդդիմադիր բնույթ: Այսինքն՝ ՍԴ նախագահը, որը չպետք է զբաղվի քաղաքականությամբ, անում է քաղաքական հայտարարություններ»,- այս մասին այսօր խորհրդարանում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով ԵԽԽՎ համազեկուցողների և Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջ. Բուքիքիոյի հայտարարություններին՝ կապված Սահմանադրական դատարանի և վարչապետի ինստիտուտի շուրջ եղած իրավիճակին:
Հիշեցնենք, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներ Անդրեյ Շիրցելն ու Կիմմո Կիլժունեն հանդես են եկել հայտարարությամբ Սահմանադրական դատարանի և վարչապետի ինստիտուտի միջև եղած իրավիճակի վերաբերյալ:
«Մենք չափազանց մտահոգ ենք այն բարձր աստիճանի լարվածությամբ, որն առկա է Հայաստանի երկու պետական ինստիտուտների՝ ՀՀ վարչապետի գրասենյակի և Սահմանադրական դատարանի նախագահության միջև։ Զսպումներն ու հակակշիռներն առանցքային են ցանկացած ժողովրդավարական համակարգում: Սա ենթադրում է, որ իշխանության բոլոր ճյուղերը պետք է գործեն իրավունքի գերակայության սկզբունքին համահունչ և հարգեն այն իրենց գործողություններում և խոսքերում, ներառյալ՝ անմեղության կանխավարկածի սկզբունքը։ Եթե նրանք ձախողեն այս սկզբունքներին համաձայն գործելը, նրանք թուլացնում և վնասում են միմյանց: Ուստի մենք անհանգստացած ենք աննախադեպ մակարդակի հասած լարվածության երկարաժամկետ վնասով, որը կարող է հասցվել դատական համակարգին, որի նկատմամբ վստահության մակարդակն արդեն իսկ շատ ցածր է»,- ասել են համազեկուցողները։
Ռուբեն Ռուբինյանը կարևոր է համարում նաև այն, որ ԵԽԽՎ համազեկուցողներն իրենց մեկնաբանության մեջ ֆիքսել են, որ դատական համակարգի նկատմամբ հանրային վստահությունը շատ ցածր է:
«Մինչ օրս ԱԺ-ն և Կառավարությունը իրավիճակը փորձել են հանգուցալուծել՝ իրավական ընթացակարգը պահպանելով: Դատավորների վաղ կենսաթոշակի ուղարկելու մեխանիզմը ստացել է Վենետիկի հանձնաժողովի դրական եզրակացությունը, նրանք հետևելու են դրա իրագործման ընթացքին: ԵԽԽՎ համազեկուցողները նշում են, որ վաղ կենսաթոշակի մեխանիզմի ներդրման նպատակն այն է, որ 2015 թվականի ընդունված Սահմանադրության ոգին պահպանելը արդարացված է: Բացի այդ, ԵԽԽՎ համազեկուցողները նշել են նաև, որ այդ լարվածությունը չպետք է խաթարի արդեն իսկ ընթացքի մեջ գտնվող պլանավորված բարեփոխումները: Ես նույնպես կարծում եմ, որ այս լարվածությունը չի նպաստում բարեփոխումներին, կարծում եմ՝ այս հարցը պետք է լուծվի, և վստահ եմ՝ լուծվելու է»,- շեշտեց Ռուբեն Ռուբինյանը: