«ԵԽԽՎ-ի հայտարարությունը «դեղին քարտ» է ՀՀ իշխանություններին». Գագիկ Համբարյան

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներ Անդրեյ Շիրցելն ու Կիմմո Կիլժունեն հանդես են եկել հայտարարությամբ՝ Սահմանադրական դատարանի և վարչապետի ինստիտուտի միջև եղած իրավիճակի վերաբերյալ:

«Մենք չափազանց մտահոգ ենք այն բարձր աստիճանի լարվածությամբ, որն առկա է Հայաստանի երկու պետական ինստիտուտների՝ ՀՀ վարչապետի գրասենյակի և Սահմանադրական դատարանի նախագահության միջև։ Զսպումներն ու հակակշիռներն առանցքային են ցանկացած ժողովրդավարական համակարգում: Սա ենթադրում է, որ իշխանության բոլոր ճյուղերը պետք է գործեն իրավունքի գերակայության սկզբունքին համահունչ և հարգեն այն իրենց գործողություններում և խոսքերում, ներառյալ՝ անմեղության կանխավարկածի սկզբունքը։ Եթե նրանք ձախողեն այս սկզբունքներին համաձայն գործելը, նրանք թուլացնում և վնասում են միմյանց: Ուստի մենք անհանգստացած ենք աննախադեպ մակարդակի հասած լարվածության երկարաժամկետ վնասով, որը կարող է հասցվել դատական համակարգին, որի նկատմամբ վստահության մակարդակն արդեն իսկ շատ ցածր է»,- ասել են համազեկուցողները։

168.am-ի հետ զրույցում Շիրակի պետական համալսարանի դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանն անդրադառնալով այս հայտարարությանը, նկատեց՝ սա «դեղին քարտ» էր Հայաստանի իշխանություններին, ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի։

«Ինձ համար շատ զարմանալի է, որ գործող իշխանության որոշ ներկայացուցիչներ, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաներ և ԱԺ պատգամավորներ, ընդամենը մեկ նախադասություն են մեջբերում ԵԽԽՎ հայտարարությունից՝ չմանրամասնելով նաև մյուս կետերը, որտեղ պարզ ու բացահայտ ՀՀ իշխանություններին մեղադրում են Սահմանադրական դատարանի նկատմամբ արշավ սկսելու համար։ Ես այս ամենը կանխատեսել էի, քանի որ այն շատ վաղուցվա հնարք է, երբ պետություններն իրենց դեմ ընդունված որոշումները փորձում են ներկայացնել՝ որպես ձեռքբերում։

Ավելին՝ իշխանության որոշ ներկայացուցիչներ չեն վարանել կեղծել հայտարարության որոշ դրույթներ  և այն ներկայացնել իրենց ցանկալի երանգներով»,- ասաց Գագիկ Համբարյանը։

Ըստ քաղաքագետի՝ այժմ ՀՀ իշխանությունների ձեռքում է գտնվում ամբողջ «քարտ-բլանշը», թե ինչպիսի հետևանքներ կարող է ունենալ նշված հայտարարությունը, քանի որ այն ԵԽԽՎ-ի կողմից կարող է դառնալ պաշտոնական փաստաթուղթ։

«Հիմա վարչապետը պետք է որոշի, թե ինչպիսի քաղաքականություն պետք է վարի, եթե որոշեց, որ ԵԽԽՎ-ի հայտարարությունն իր համար զրո արժեք ունեցող է, ապա կշարունակի իր կոշտ և, շատ դեպքերում, հակաօրինական գործողությունները՝ ՍԴ-ի և Հրայր Թովմասյանի դեմ։ Եթե վարչապետը գիտակցի, որ այս ամենը կարող է մեծ բացասական հետևանքներ ունենալ Հայաստանի համար, ապա կանգ կառնի և կփորձի բոլոր հարցերը լուծել օրենքի սահմաններում։ Սակայն խնդիրն այն է, որ պարոն Փաշինյանը վաղուց անցել է «կարմիր գծերը» և իր վարած քաղաքականության արդյունքում իրեն գցել է ծուղակի մեջ, քանի որ կանգ առնել՝ նշանակում է՝ պարտություն կրել, իսկ առաջ գնալ՝ նշանակում է՝ խնդիրներ ստեղծել երկրի համար»,- շեշտեց Գագիկ Համբարյանը։

Նրա բնորոշմամբ՝ ՍԴ-ի և Հրայր Թովմասյանի շուրջ ստեղծված իրավիճակը շինծու ճգնաժամ է, որի հեղինակը վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, ով՝ փողոցի միջոցով իշխանության գալով, կարողացել է սեփականաշնորհել գործադիր և օրենսդիր  իշխանությունները, հետագայում նույն փողոցի միջոցով փորձ արեց դատական իշխանությունն իրենով անել, ինչը նրան հաջողվեց, և այդ ամենի վառ օրինակը Բարձրագույն դատական խորհրդի ցրումն էր։

Այս համատեքստում, ըստ քաղաքագետի, մնում է միայն մեկ «սպիտակ ագռավ», որը Սահմանադրական դատարանն է։ Վերջինիս հետ սկզբնական սիրախաղերը գործադիրի ղեկավարին հույս էին ներշնչել, որ այլ գերատեսչությունների նման կուլ կգնա իր իշխանությանը, իսկ գերատեսչության ղեկավարն էլ կհամբուրի իր աջը, ինչպես եղավ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Գլխավոր դատախազության և այլ գերատեսչությունների դեպքում։

«Պարոն Փաշինյանի բոլոր թեզերն այն մասին, իբրև թե Հրայր Թովմասյանն ապօրինի է ընտրված՝ ընդամենը հայտարարություն է, որոնք նախ պետք է ապացուցվեն դատարանով, քանի որ նրա առաջադրված բոլոր թեզերը դատական հանգուցալուծում պահանջող թեզեր են։ Այն, որ վարչապետն ամեն ինչ հուզական դաշտ է տանում և ինչ-որ գրիչ ներկայացնում՝ որպես ապացույց, թե Հրայր Թովմասյանն իրեն քծնել է, էժանագին հետուստառեպորտաժներ տարածում և դա ներկայացնում՝ որպես արդարության վերջին ճիչ՝ արդեն ոչ թե ծիծաղելի է, այլ ողբերգություն է։

ՍԴ-ի շուրջ ստեղծված այս շինծու աղմուկը և մեղադրանքները հենց օրվա իշխանությունների ձեռքի գործն է։ Որքանով ես եմ հասկանում՝ ՍԴ նախագահը հրաժարվել է ընդունել պարոն Փաշինյանի գերակայությունը»,- նշեց Գ. Համբարյանը։

Նա նաև ընդգծեց, որ Հրայր Թովմասյանի և վարչապետի միջև հարաբերությունները վերջնականապես լարվեցին, երբ ՍԴ նախագահը Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ նամակ հղեց ՄԻԵԴ-ին, որի պատասխանը հավանաբար կլինի մարտ ամսին, իսկ վարչապետ Փաշինյանին ձեռնտու չէ, որպեսզի այդ նամակի պատասխանը գա։

«Վարչապետը շատ լավ գիտի, որ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալության հիմքերը շատ թույլ են, և ամեն ինչ տարված է դեպի հուզականության դաշտ, և ըստ վարչապետի՝ իբրև ինքն ամեն ինչ տանում է դեպի բարոյական ուղղության, բայց այստեղ ավելի շատ անբարոյականություն է, և չի բացառվում, որ ՄԻԵԴ-ի պատասխանը լինի ոչ հօգուտ ՀՀ գործող իշխանությունների, ինչը մեծ հարված կլինի Հայաստանի իշխանությունների համար»,- եզրափակեց քաղաքագետը։

Տեսանյութեր

Լրահոս