«Նախորդներին «բանակցային ժառանգության» հարցերում մեղադրելը անշնորհակալ գործ է. նրանք արել են այն, ինչ հնարավոր է եղել այն ժամանակ»
Հարցազրույց քաղաքագետ, բանակցային գործի մասնագետ (CMPartners, Քեմբրիջ, ԱՄՆ) Արթուր Մարտիրոսյանի հետ
– Պարոն Մարտիրոսյան, Ժնևում հունվարի 29-ին մեկնարկեց և հունվարի 30-ին շարունակվեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումն իր ադրբեջանցի պաշտոնակցի հետ ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո, ընդհանուր առմամբ երկու օր ձգված հանդիպումը տևեց 11 ժամ: Հայկական կողմը պնդում է, որ բանակցային սեղանին փաստաթուղթ չկա, տեղի ունեցողը բանակցություն չէ: Ավելին, օրերս Կապանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, քննադատեց, իր իսկ խոսքերով, ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի Ղարաբաղյան «ժառանգությունը»՝ Մադրիդյան սկզբունքները: Լինելով բանակցային գործի մասնագետ՝ խնդրում եմ, պարզաբանեք՝ հակամարտող կողմերի միջև ժամեր շարունակվող հանդիպումները, որոնց ընթացքում ենթադրաբար ինչ-որ հարցեր են քննարկվում, ի՞նչ կարող է լինել, եթե ոչ՝ բանակցություն:
– Մենք մտել ենք իմաստաբանական խաղիկների գոտի: Ակնհայտ է, որ կան բնորոշումների տարբերություններ: Հարվարդի դպրոցի համաձայն, յուրաքանչյուր իրավիճակ, որում Դուք փորձում եք ազդել մյուս կողմի որոշման վրա, կամ մյուս կողմը և կամ կողմերը փորձում են ազդել Ձեր որոշման վրա՝ բանակցային է: Թե ինչպես է բնորոշում բանակցությունները վարչապետը՝ ես չգիտեմ, լրագրողների, հասարակական կազմակերպությունների խնդիրն է՝ խնդրել նրան կամ Արտգործնախարարությանը տալ իրենց բնորոշումը, եթե այն, ինչով նրանք զբաղվում են, բանակցություններ չեն: Ըստ իս, պետք չէ այդքան վախենալ «բանակցություններ» տերմինից, ոչ էլ, առավել ևս, բանակցային գործընթացից:
Նախագահ Բուշ-կրտսերն ասում էր, որ չի վարում բանակցություններ Թալիբանի հետ, ում նրա աշխատակազմը որակում էր՝ ահաբեկիչներ, բայց, երբ հարկ եղավ բանակցություններ վարել Թալիբանի հետ, նա դա անվանեց խոսակցություն: Այնինչ այդ բնորոշումից գործի էությունը չի փոխվում: Եթե Նիկոլ Փաշինյանի խոսքով, նա հրաժարվել է «Մադրիդյան սկզբունքներից» (2007թ. նոյեմբեր) ու այս փաթեթի տարատեսակ կրկնություններից, ապա կանաչ լույս նրան: Նախորդներին «բանակցային ժառանգության» հարցերում մեղադրելն անշնորհակալ և անիմաստ գործ է. նրանք արել են այն, ինչ հնարավոր է եղել այն ժամանակ, իսկ եթե նա կարող է գործն առաջ տանել՝ ավելի լավ, ապա նրան բաժին կհասնի և՛ գովասանքը, և՛ պատիվը, բայց չեն ներվի միայն նախորդներից տարբերվելու նպատակով փորձարարության հետևանքով թույլ տրված սխալները:
Նմանատիպ բանակցային գործընթացները սովորաբար ձգվում են տասնյակ տարիներով, և դրանցում քարի վրա փորագրված ոչինչ չկա՝ մինչև կողմերի վերջնական համաձայնությունը: Այսպես, իսրայելապաղեստինյան գործընթացում կարգավորման ուրվագծերը հայտնի էին երկրորդ Քեմփ Դևիդից սկսած՝ հիմնված երկու պետության և 1967 թ. «կանաչ գծի» սահմանազատման վրա: Այդ մոտեցումները կողմերը քննարկում էին հետագա բոլոր բանակցությունների ժամանակ՝ 20 տարվա ընթացքում, եթե ոչ ավելի: Սատանան մանրուքներում էր, և օրեր առաջ նախագահ Թրամփը փաստորեն զրոյացրեց այդ ողջ գործընթացը, իսկ նրա խաղաղ ծրագիրը ներառում է մեզ համար ուշագրավ հատվածներ, օրինակ՝ այն մասին, որ «պաշտպանական պատերազմի ընթացքում գրավված տարածքներից զորքերի դուրսբերումը պատմականորեն հազվադեպ հանդիպող փաստ է»:
Մեր դեպքում ռազմավարական պաշտպանական բուֆերային տարածքներից զորքերի հեռացումն անիմաստ է, քանի դեռ չեն լուծվել այն բոլոր հարցերը, որոնք վերաբերում են արցախցիների անկախ և անվտանգ զարգացմանը:
– ՀՀ ԱԳՆ խոսնակն ասել էր, որ հանդիպմանն անդրադարձ է կատարվում ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող հարցերի լայն շրջանակի: Ըստ Ձեզ՝ ի՞նչ կարևորության հարցեր են քննարկում նախարարները փակ դռների ետևում, դատելով այն բոլոր հայտարարություններից, որոնք վերջերս հնչել են:
– Բնականաբար, ես չեմ կարող իմանալ, թե ինչից են խոսել Արտաքին գործերի նախարարները, իսկ եթե իմանայի, ապա չէի ասի ավելին, քան Ձեզ կասի, հուսով եմ, պարոն Մնացականյանը վերադարձից հետո: Շատ տարբեր ենթադրություններ կարելի է անել: Քննարկո՞ւմ են արդյոք նրանք «փաստաթուղթ», մեր խոսակցական լեզվով՝ «տարբերակների փաթեթ» միջնորդների կողմից, կամ կողմերը սկսել են մաքուր էջի՞ց, ինչպես վարչապետն է պնդում, և մշակում են սեփակա՞ն փաթեթը, մենք չգիտենք: Բայց գործընթացի կառուցումից, միջնորդների հետ հանդիպումներին հաջորդող երկար տետ-ա-տետ «խոսակցությունից» նախարարների միջև, կարելի է, ամենայն հավանականությամբ ենթադրել, որ դրանք կարող են լինել քննարկումներ կողմերի շահերի մասին և կամ հումանիտար օրակարգի կոնկրետ հարցերի և վստահության կառուցման միջոցառումների շուրջ: Եվ նմանատիպ քննարկումները, «գաղափարների բրեյնսթորմինգը» կարող է ունենալ երկարաձգված բնույթ բազում տեխնիկական դետալների պատճառով: Պետք է հասկանալ, որ այդ մակարդակում ցանկացած քննարկում կամ բանակցություն անպայմանորեն չի նշանակում որոշման կայացում, գործընթացում գործում է շատ կարևոր մի սկզբունք. կողմերը չեն հասել համաձայնության այնքան ժամանակ քանի դեռ չեն պայմանավորվել բոլոր հարցերի շուրջ:
– Վերջին ժամերին շատ քննարկվեց ադրբեջանական մամուլում հայտնված այն տեղեկությունը, որ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Լի Լիտցենբերգը Ժնևյան հանդիպմանն ընդառաջ սեփական նախաձեռնությամբ հանդիպել է ԼՂ ադրբեջանական համայնքի ղեկավար Թուրալ Գյանջալիևի հետ, վերջինս դեսպանին է փոխանցել ադրբեջանական համայնքի հիմնական ցանկություններն ու պահանջները: Նման հանդիպմանն ընդառաջ՝ նման հանդիպման նախաձեռնությունն ամերիկյան կողմից ինչպե՞ս կմեկնաբանեք:
– Եթե ԱՄն դեսպանն իսկապես հանդիպել է, դա կարող էր տեղի ունենալ ադրբեջանական կողմի խնդրանքով: Կարելի է ենթադրել, որ դա արվել է Ժնևի բանակցություններում «Ղարաբաղի ադրբեջանական համայնք» գաղափարի ճնշման նպատակով: Այդպե՞ս է արդյոք դա՝ կիմանանք առաջիկայում: Մենք ստիպված ենք հույսեր կապել այն բանի հետ, որ Հայաստանի գլխավոր դիվանագետը կարողանում է ասել «ոչ»: Հարկ է հաշվի առնել, որ Ժնևի հանդիպման ժամանակը ևս ամենահարմարը չէր: Անկախ այն հանգամանքից, թե ինչպես կներկայացվի այս հանդիպմանը տեղի ունեցածը, այն կազդի Արցախում ընտրական գործընթացների վրա: Ամերիկացի դեսպանը պետք է ծանոթ լինի ամերիկյան արտահայտությանը՝ «the buck stops here»: Նման գրությամբ ցուցանակ կար նախագահ Թրումանի սեղանին՝ ինչ-որ նման մի բան՝ որոշումների համար այստեղ պատասխանատու եմ ես: Ուստի այս պարագայում «այստեղ»՝ արցախցիները: Արցախում ընտրությունների արդյունքներից առաջ որևէ տեղաշարժ որևէ ուղղությամբ հնարավոր չէ: Ինչո՞ւ էին միջնորդներըն այդքան սեթևեթում, չէ՞ որ Ադրբեջանում կայանալիք ընտրությունների արդյունքում ևս կարող է տեղի ունենալ իշխանափոխություն: Գուցե միջնորդները համոզված են նրանում, թե ինչպիսին են լինելու արդյունքներն «ընտրություններից» առաջ: Միակ պատասխանը հետևյալն է՝ չկորցնելու համար այն տեմպը, որը տրվել է անցյալ տարի դեկտեմբերի 5-ին Բրատիսլավայում:
– Նիկոլ Փաշինյանը, ստանձնելով իշխանությունը, նշել էր, որ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը սկսում է նոր կետից: Այդ հայտարարությունից բավական ժամանակ է անցել, ՀՀ ներկայիս իշխանությունը և երկրների ղեկավարների, և նախարարների մակարդակով հանդիպումներ է ունեցել: Ըստ Ձեզ՝ ո՞րն է այն նոր կետը, որից բանակցային գործընթացը սկսել է նոր իշխանությունը, որքանո՞վ է այն արդյունավետ:
– Տարօրինակ է, որ Կապանում 5 ժամ տևած մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողները չգտան հնարավորություն ստանալ պատասխաններ Հայաստանի ժողովրդավար ղեկավարից: Եթե դատենք առաջին քայլերից, ապա նա փորձում է կառուցել գործընթաց, որում կողմերը սկսում են ոչ թե փաթեթի քննարկումից, այլ վստահության կառուցումից: Տեսականորեն, ինչպես նաև միջազգային պրակտիկայում՝ դա շատ ճիշտ քայլ է: Եթե եղել են էթնոքաղաքական հակամարտություններ, որոնց շուրջ վերջին տասնամյակի ընթացքում որոշումներ են կայացվել, ապա վստահության հիման վրա: Մեր դեպքում 25 տարիների ընթացքում միջնորդները փորձել են լուծման տարբերակներով սայլը դնել հարաբերությունների ձիուց, այսինքն՝ վստահությունից առաջ:
Հնարավոր չէ կողմերին ուղղորդել համաձայնության, եթե վստահություն չկա: Առավել ևս, երբ ադրբեջանական կողմն այս ողջ ընթացքում սպառազինվել է, իսկ 2016 թ. փորձեց «արցախյան ընկույզը»՝ բլից-կրիգ «փտած ատամով»: Ուստի եզրակացությունն այն է, որ բավարար չէ ճիշտ ալգորիթմի ընտրությունը, կողմերը պետք է ռազմավարական համբերություն ունենան՝ վստահության կառուցման համար կարող են պահանջվել տասնամյակներ, իսկ դրա առկայությունն անհրաժեշտ է, սակայն անբավարար է փաթեթային լուծման դուրս գալու համար, որի մասին Նիկոլ Փաշինյանն է խոսում, որպեսզի լուծումն ընդունելի լինի բոլոր երեք կողմերի համար:
– Պարոն Մարտիրոսյան, վերջին ամիսներին, առավել ակտիվորեն՝ վերջին օրերին, մենք հետևում ենք այն վեճին, որը ծավալվում է Սահմանադրական դատարանի և գործադիր ու օրենսդիր իշխանության մարմինների միջև: ՀՀ վարչապետն իր ֆեյսբուքյան էջում, տարածելով Հանրային հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը՝ Հրայր Թովմասյանի մասին, նշել էր. «Հրայր Թովմասյանը չի կարող լինել ՍԴ նախագահ և որևէ կապ ունենալ ՍԴ-ի հետ»: Վստահաբար Դուք հետևել եք գործընթացներին ավելի լայն տեսանկյունից: Ինչպե՞ս եք գնահատում ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը, այն, ինչին մենք հետևում ենք, կարելի՞ է համարել օրինական գործընթաց:
– Այստեղ՝ ԱՄՆ-ում, փորձագիտական համայնքը հետևում է տվյալ իրավիճակի զարգացմանը՝ մեկնաբանություններ ստանալու նպատակով ինձ հետ արդեն կապ են հաստատել 2 հեղինակավոր հետազոտական կենտրոնից: Որպես քաղաքագետ և բանակցային գործի մասնագետ՝ կարող եմ ասել, որ զրոյական ելքով տվյալ վեճն իշխանությունների միջև կարող է երկարաձգվել մինչև 2021 թվական, երբ փոփոխություններ մտցվեն Սահմանադրության մեջ հանրաքվեի միջոցով: Վարչապետը, գործող Սահմանադրության համաձայն, որին նա երդվել է հետևել, ՍԴ դատավորների փոփոխման կամ հետկանչի որոշում չի կայացնում:
Ն.Փաշինյանը կրկին հեղափոխական «բլուզ է հագել» և արտահայտվում է ոչ թե՝ որպես գործադիր իշխանության ղեկավար, որն առանձին և անկախ է դատական և օրենսդիր իշխանություններից, այլ՝ որպես հեղափոխական տրիբուն, ինչպես նա նշում էր դատարանների բոյկոտի ժամանակ: Այնինչ հեղափոխական հակասահմանադրական որոշումների ժամանակը կորսվել է, իսկ երկիրը մղել դեպի սահմանադրական ճգնաժամ՝ թանկ է քո և երկրի համար: Ինչպես ասում են՝«և՛ նալին, և՛ մեխին», բայց Վենետիկի հանձնաժողովը (չշփոթել վանեցյանականի հետ), իսկ ավելի ճիշտ՝ Եվրոպան, հավանություն չի տալիս:
Եթե նույնիսկ առաջին ատյանի դատարանը Թովմասյանին ճանաչի մեղավոր այն գործով, որի մասին մեզ օրերս հայտնեց Հանրային հեռուստաընկերությունը՝ խորհրդային ավանդույթներով, այսինքն՝ առանց մյուս կողմի, պաշտպանության կարծիքը ներկայացնելու, ապա այնտեղ ևս կլինի վազք տարբեր ատյաններով՝ մինչև Վճռաբեկ դատարան, որը ևս շատ ժամանակ կպահանջի: Նիկոլ Փաշինյանը կարող է փորձել գնալ հեղափոխական միջոցների, ջարդել ծնկները, բայց ես խորհուրդ կտայի հաշվարկել բոլոր հնարավոր ռիսկերն ու կորուստները, այդ թվում՝ ներդրումային: Ցավոք սրտի, երկիրը ծախսում է էներգիան ոչ թե ստեղծարարության և պետական ինստիտուտների ամրապնդման, այլ պետական կառավարման անձնավորված գործընթացներով հարաբերություններ պարզելու վրա: