Բաժիններ՝

Հարավային Կորեայում հաստատվել է նոր կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը

Հարավային Կորեայում հաստատվել է թոքաբորբի առաջին դեպքը, որի պատճառը դարձել է կորոնավիրուսի նախկինում անհայտ տեսակը: Ինչպես հայտնել է «Ռյոնհապ»-ը, այդ մասին հայտարարել են Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կորեական կենտրոնում։

Հիվանդացել է 35-ամյա մի կին, որը եկել էր Չինաստանի Հուբեյի նահանգի Ուհան քաղաք, որտեղից սկսվել է նոր վիրուսի տարածումը: Կնոջ վիճակը վատացել է Ինչհոն օդանավակայանում. բարձրացել է նրա ջերմությունը, սկսվել են շնչառական խնդիրներ եւ ի հայտ են եկել բնորոշ այլ ախտանշաններ: Նրան տեղավորել են տեղի հիվանդանոցում եւ մեկուսացրել:

Անցած հանգստյան օրերին Չինաստանի Ուհան քաղաքի բժշկական իշխանություններն արձանագրել են թոքաբորբով հիվանդանալու 136 նոր դեպք: Եվս երկու մարդ է հայտնաբերվել Պեկինի նոր օդանավակայանում այն ուղեւորների թվում, որոնք ժամանել էին Ուհանից, մեկ հիվանդ՝ Գուանդունի հարավային նահանգում:

Անցած տարվա դեկտեմբերին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկում է արձանագրվել: Ավելի ուշ պարզվել է, որ հիվանդանալու պատճառը դարձել է կորոնավիրուսի՝ նախկինում անհայտ տեսակը:
Վերջին տվյալներով՝ Ուհան քաղաքում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 198-ի, մինչ այժմ արձանագրվել է հիվանդությունից մահվան երեք դեպք: 25 մարդ դուրս է գրվել, 170-ը բուժվումէ բժշկական հիմնարկություններում: 35-ի վիճակը գնահատվում է՝ ծանր, ինը հոգի գտնվում է օրհասական վիճակում, 126 պացիենտի մոտ հիվանդության թեթեւ ձեւ է: Եվս 90 մարդ գտնվում է կարանտինում:

Չինաստանի իշխանությունների պաշտոնական տվյալներով՝ առայժմ արձանագրված չէ վիրուսի փոխանցում մարդուց մարդու, թեեւ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում դա չեն բացառում: Դրա հետ մեկտեղ, հիվանդանալու դեպքեր են արձանագրվել Հոնկոնգում, Թաիլանդում եւ Ճապոնիայում:

Բրիտանացի փորձագետները համոզված են, որ իրականում հիվանդացածների թիվը հասել է 1,7 հազարի , հաղորդել է BBC հեռուստառադիոկորպորացիան: Այն վկայակոչել է Լոնդոնի Կայսերական քոլեջին կից Վարակիչ հիվանդությունների գլոբալ վերլուծության կենտրոնի հետազոտության տվյալները, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս