«Հիմա թափանցիկության առումով ոչինչ չի փոխվել». Վահագն Խաչատրյան

2020 թվականի սկզբից  բոլորին հետաքրքրող հարցերից, թերևս, գլխավորը,  գազի գնի հնարավոր բարձրացումն է: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը 168.am-ի հետ զրույցում ասել էր, թե մինչև 2020 թվականի ապրիլ գազի սակագնի վերանայման հայտ «Գազպրոմ Արմենիա»-ն չի ներկայացնի: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանն էլ չի բացառել, որ ապրիլից հետո «Գազպրոմ Արմենիա»-ն  ՀԾԿՀ-ին հայտ ներկայացնի գազի սակագնի վերանայման վերաբերյալ:

Դեռ հայտնի չէ, թե Ռուսաստանի Դաշնության հետ գազի սակագնի շուրջ տարվող բանակցություններն ինչ արդյունք կունենան, սակայն մինչև ապրիլ գազի սակագնի չփոփոխվելու պնդումները հանրությանն ավելի են անհանգստացնում: Ի՞նչ սպասել 2020 թվականի ապրիլից հետո:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանի խոսքով՝ գազի գնի բարձրացման, պահպանման կամ նվազման մասին հնարավոր կլինի խոսել միայն այն ժամանակ, երբ «Գազպրոմ Արմենիա»-ն ՀԾԿՀ-ին սպառողների համար գազի սակագնի վերանայման հայտ ներկայացնի:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանի խոսքով, եթե գազի գնի բարձրացում տեղի ունենա, ապա հոսանքի արտադրման ինքնարժեքի բարձրացում էլ տեղի կունենա, քանի որ մեր էլեկտրաէներգիայի 30-35 %-ը արտադրվում է  ջերմաէլեկտրակայաններում, իսկ այդ ջերմաէլեկտրակայանները աշխատում են գազով: Հարցն այն է, թե ի՞նչ չափով կլինեն  փոփոխությունները, և արդյո՞ք համակարգը այնքան ճկուն կգտնվի, որ բարձրացման հետևանքները սպառողը չզգա:

«Միգուցե գազի գնի բարձրացումը կոմպենսացվի ավելի շատ էլեկտրաէներգիայի արտադրությամբ ու այլ ձևերով և վերջնական սպառողի վրա մեծ անդրադարձ չունենա: Կարծում եմ՝ կանխատեսվող փոփոխությունները չեն տանի մեծ գնի տարբերությունների փոփոխությունների վերջնական սպառողների համար»,- ասաց Հակոբ Վարդանյանը:

Էներգետիկայի հարցերով ՄԱԿ-ի ազգային փորձագետ Արա Մարջանյանը, որը վստահ է, որ գազը սոսկ էներգիա չէ, այլ հոսող աշխարհաքաղաքականություն, կարծում է, որ անհրաժեշտ է մի համաձայնագիր կազմել, որ գոնե առաջիկա 10 տարվա համար երաշխավորի գազի գնագոյացման մեխանիզմն ու տրամաբանությունը: Ըստ Մարջանյանի՝ դրա առկայության դեպքում Հայաստանը կունենա տնտեսական զարգացման հեռանկար:

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանի կարծիքով՝ գազը Ռուսաստանի Դաշնության ձեռքին միշտ եղել է քաղաքական գործիք:

«Տարին սկսվում է՝ անհանգստանում ենք գազի գնով, տարին ավարտվում է՝ անհանգստանում ենք գազի գնով: Ե՛վ կենցաղում, և՛ տնտեսության մեջ ոնց որ խաղաղ իրավիճակներ չեն լինում: Խնդիր կա հասկանալու, թե 1997 թվականից մինչ օրս ինչ է տեղի ունեցել Գազպրոմ-Հայաստան, Գազպրոմ-ՌԴ-Հայաստան գազի համաձայնագրերի հետ: 1998 թվականից 2.5 տարվա գազի գումարը կորավ, մինչև հիմա չգիտենք՝ ինչ եղավ, այդ գումարը բյուջե մտա՞վ, թե՞ չմտավ: Եվ հիմա ի՞նչ է կատարվում. թափանցիկության առումով ոչինչ չի փոխվել»,- անդրադառնալով գազի գնի փոփոխության հարցին՝ ասաց Վահագն Խաչատրյանը:

Տնտեսագետի կարծիքով՝ կարևոր է վստահ լինել, որ ծառայություն մատուցող ընկերությունը սպառողին չի խաբում:

«Ինձ՝ որպես քաղաքացի, հոգնեցրել է այս բանավեճը՝ բարձրացնո՞ւմ ենք, չե՞նք բարձրացնում, հունվարի մեկի՞ն է բարձրանում, ապրիլի մեկի՞ն»,- խոսքն ավարտելով՝ ասաց Վահագն Խաչատրյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս