«Վերջին ուսուցիչն» առաջին տեղում է
«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է հայ գրողների գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ դեկտեմբերի վաճառքի տվյալների:
Առաջին հորիզոնականն է զբաղեցնում Վարդգես Պետրոսյանի «Վերջին ուսուցիչը»: Ոմանք նրան տեսել են Եվայի մերկությամբ, ոմանք՝ ծովափնյա, ինչ կա որ: Ոչինչ չէր լինի, եթե այդ պահին դուռը չբացվեր, և անակնկալ ներս չնայեր քիմիայի ուսուցչուհի Սոնա Միքայելյանը: Տեսածը տեսած էր, որ նշանակում է հաջորդ պահին այդ մասին պետք է իմանար տնօրենը, հետո ուսուցչանոցը, հետո ամբողջ դպրոցը…
Երկրորդ տեղում է Սյունե Սևադայի «Կախվածություն» գիրքը: «Կախվածություն» պատմվածքների ժողովածուն ներառում է գրողի վերջին երեք տարվա գործերը։ Ներկայացված են կայքում հրապարակված, ամսագրերում տպագրված և այլ լեզուներով թարգմանված որոշ պատմվածքներ և անտիպ գործեր։ Պատմվածքի թեմաները չունեն ուղղվածություն, որոշները սոցիալական են, որոշները՝ ավելի զգայական, որոշ պատմվածքներ հղում ունեն Արցախյան ազատամարտին։
Երրորդ տեղում է Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» վեպը: Գործը գրվել է 2008-2009 թթ. ընթացքում, երբ հեղինակը քաղաքական հետապնդումներից խուսափելու նպատակով գտնվում էր ընդհատակում: Վեպի է վերածվել հոդվածաշարը, որը տպագրվել է 2008 թվականի մայիս-դեկտեմբեր ամիսներին «Հայկական ժամանակ» օրաթերթում: «2018 թվականի հունվարին ինձ մոտեցավ մի սկսնակ հրատարակիչ և առաջարկեց կազմակերպել «Երկրի հակառակ կողմը» վեպի տպագրությունը՝ առանձին գրքով։ Ես թերահավատությամբ վերաբերվեցի այդ գործը կազմակերպելու նրա հմտությանը, այնուամենայնիվ, ժամանակ խնդրեցի վեպը կարդալ-խմբագրելու համար։ Վեպի ընթերցումը 10 տարի անց ինձ տակնուվրա արեց պարզապես։ Իմ ներսում մի իսկական փոթորիկ սկսվեց, մի իսկական հեղափոխություն։ Ես հասկացա, որ ժողովրդի հաղթանակի ժամը եկել է…»,- գրում է Նիկոլ Փաշինյանը:
Արմեն Նիազյանի «Բռնիր ձեռքս. ես վախենում եմ» գիրքը չորրորդ հորիզոնականում է: Այն բաղկացած է երեք մասից՝ պատմվածքներից, մտորումներից, բանաստեղծություններից, որոնց ասելիքը հետևյալն է՝ ուշադիր լինել մարդու նկատմամբ, չանտեսել ու չարհամարհել նրանց, ովքեր մեր կարիքն ունեն, բռնել նրանց ձեռքը, ովքեր հայտնվել են անդունդում, և փոխանցել հույսի ու լույսի շողեր։ Համամարդկային արժեքների փունջ ներկայացնող այս գիրքը հեղինակի վերջին տարիների մտորումների, խոհերի ու հաճախ ցավալի իրականության հետ առնչվելու արգասիքն է:
Հինգերորդ տեղում է Լևոն Նեսի (Հովհաննիսյան) «Բալզակ. մի շան պատմություն» գիրքը: Բալզակը խոհեմ և իմաստուն շուն է: Անսովոր անուն է շան համար, բայց վերջինս օժտված է անժխտելի գրական ձիրքով, իսկ փաստերին դեմ գնալն անպտուղ գործ է: Հեղինակը փորձել է մարդուն նայել կենդանու`շան աչքերով: Հարցերն ու ոչ այնքան սփոփիչ հետևություններն անխուսափելի են. արդյո՞ք կենդանին երբեմն ավելի բանական չէ, քան մարդը: Գուցե վերջինս պարզապես յուրացրե՞լ է բանական արարածի իր բարձր տիտղոսը: Իսկ բանականությունը, որ մեր տեսակի կայացման նախապայմանն է, արդյոք թույլ տալի՞ս է անվերապահորեն արժանանալ մեր չորքոտանի բարեկամների անսահման նվիրվածությանն ու հավատարմությանը:
Արտավազդ Եղիազարյանի «Քաղաքը լուսնի տակ» գիրքը վեցերորդ տեղում է: Արտավազդ Եղիազարյանի ձեռագրի հատկանշական կողմն արտաքուստ թեթև ու անչար հումորն է: Բայց այդ հումորը, համադրվելով սուր դիտողականության ու պատումի անսեթևեթ ոճի հետ՝ օգնում է գրողին ստեղծել կոլորիտային կերպարներ և նրանց միջոցով վեր հանել մեր իրականության պատկերը: Ընդ որում՝ նրա պատմվածքներին բնորոշ ինքնահեգնանքը չի խանգարում բարձրացնել նաև հասարակական-քաղաքական կարևոր հարցադրումներ:
Յոթերորդ տեղում է Դավիթ Սամվելյանի «Ռոդենի ձմեռը» : Այն ներառում է պատմվածքներ, էսսեներ, որոնց առանցքային թեմաներն են մարդկային բնավորությունների ու խառնվածքների հակադրությունները, շատերի հիշողություններում դեռ թարմ «մութ ու ցուրտ» և, միաժամանակ, հերոսական տարիները, այդ օրերի կոլորիտը, մարդկանց պահվածքի ու ներաշխարհի, փոխհարաբերությունների փոփոխությունները տարիների ընթացքում։
Ութերորդ տեղում է արձակագիր, հրապարակախոս, հասարակական գործիչ Վարդգես Պետրոսյանի «Դեղատուն «Անին»» վիպակը: Դեղատուն «Անին» Պետրոսյանի հայտնի ստեղծագործություններից է: Թեման դարձյալ երիտասարդությունն է, որտեղ առաջնային է ապագայի նկատմամբ վերաբերմունքը:
Տա Թևերի «731 օր քեզ համար» վիպակը իններորդ հորիզոնականում է: Վիպակը 2014 թվականին բանակ զորակոչված երիտասարդի մասին է: Գիրքը նվիրված է սահմանին ծառայող զինվորին ու նրան թիկունքում հավատով սպասող հայուհուն: Հերոսն այս պահին ծառայող, արդեն զորացրված, կենդանի կամ անմահացած տղաների հավաքական կերպարն է:
Տասներորդ տեղում է Դավիթ Սամվելյանի «հակաՔԱՂԱՔական» գիրքը: Համատարած կարոտ և թախիծ: Հենց այսպես կարելի է բնորոշել Դավիթ Սամվելյանի նոր գիրքը: Գրքի էջերը ողողված են մի անբացատրելի կարոտով, դա կարոտ է դեպի մարդը և թախիծ, որը լուսավոր է ու տանում է քեզ իր ետևից: Այդ նույն տխրության ու լուսավոր թախծի մեջ էլ ապրում են նրա հերոսները, որոնք կարծես կյանքի լուսանցքում հայտնված պատմություններ լինեն, բայց հենց նրանք են, որ ամբողջացնում են մեր քաղաքի նկարագիրը, ամբողջացնում են մեր կյանքը առհասարակ: Այդ հերոսները ճակատագրեր են, որոնք չեն հաշտվում, ըմբոստանում են, պայքարում ռոբոտ դարձած այս աշխարհի և նրա կանոնների դեմ: Նրանք հաղթում են, հաղթում, բայց իրենց ձևով…
«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը