Ազգային ժողովը Բաքվում հայերի ջարդերի վերաբերյալ հայտարարություն կընդունի

Հանրապետական կուսակցության փոխնախագահ, ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել էր Բաքվի հայերի ջարդերի 30-րդ տարելիցին և շեշտել. «Այս թեման առանցքայիններից պետք է լինի ողջ տարվա ընթացքում, հատկապես՝ խորհրդարանական դիվանագիտության համար։

Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների մասնակցությամբ պետք է մշակել և ընդունել ԱԺ համապատասխան հայտարարություն, որն անհապաղ թարգմանել և հղել միջազգային խորհրդարանական կազմակերպություններին։

Որպես օրինակ կարող է օգտագործվել իմ կողմից մշակված, Սումգայիթի ջարդերի 30-րդ տարելիցին նվիրված և 28.02.2018 ընդունված ԱԺ հայտարարությունը և նրանից բխած գործողությունները»։

168.am-ը ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք Ազգային ժողովը պատրաստվում է ընդունել համապատասխան հայտարարություն Բաքվի հայերի ջարդերի կապակցությամբ, որի վերաբերյալ գրառում էր կատարել Արմեն Աշոտյանը։

«Հունվարի 18-ին խորհրդարանում տեղի է ունենալու Հաայստանի և Արցախի Ազգային ժողովների միջխորհրդարանական ընդլայնված նիստ, որի թեման լինելու է Բաքվի ջարդերի տարելիցը, և լինելու է քննարկում, որի արդյունքում ընդունվելու է նաև հայտարարություն և, բնականաբար, մեր խորհրդարանական պատվիրակությունները և ընդհանրապես խորհրդարանականները, ինչպես Բաքվի հայերի ջարդը, այնպես էլ Ադրբեջանում տարվող հակահայկական քաղաքականության հարցը շարունակելու են բարձրացնել»,- ասաց Ռուբեն Ռուբինյանը։

Հիշեցնենք, որ Բաքվում հայերի ջարդերը տեղի են ունեցել 1990 թվականի հունվարի 13-19-ը, ջարդերն իրականացրել է Ադրբեջանի ժողովրդական ճակատը, ինչը հովանավորել են իշխանությունները։ Ջարդերից հետո մոտավորապես 250 հազար հայ լքել է Բաքուն, հազարավոր հայեր էլ անհայտ կորել ու բռնի տեղահանվել են։ Ըստ տարբեր տվյալների՝ Բաքվի ջարդերին զոհ է գնացել մոտավորապես 15 հազար հայ։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս