Բաժիններ՝

Երևանում կկազմակերպվի հայ-թուրքմենական բիզնես ֆորում

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Թուրքմենստանի փոխվարչապետ Սապարդուրի Տոյլիևի գլխավորած պատվիրակությանը, որը Երևանում մասնակցում է հայ-թուրքմենական միջկառավարական հանձնաժողովի նիստին: Այս մասին 168.am-ին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից:

«Մենք կարևոր նշանակություն ենք տալիս երկկողմ փոխհարաբերությունների զարգացմանը: Պետք է համատեղ ջանքեր գործադրենք, որպեսզի ամրապնդվեն հայ-թուրքմենական սոցիալ-տնտեսական, հումանիտար և մշակութային կապերը: Դրանք զարգացնելու չօգտագործված մեծ ներուժ է առկա, որը պետք է իրացնել ամբողջությամբ»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Կառավարության ղեկավարը նշել է, որ հայ-թուրքմենական տնտեսական հարաբերությունների ներկա մակարդակը չի համապատասխանում երկկողմ քաղաքական բարձր մակարդակի հարաբերություններին:
Այդ առումով, զրուցակիցները կարևորել են հայ-թուրքմենական միջակառավարական հանձնաժողովի աշխատանքները: Բացի այդ, նախատեսվում է առաջիկայում Երևանում կազմակերպել հայ և թուրքմեն գործարարների բիզնես ֆորում, որը կնպաստի երկկողմ նոր կապերի հաստատմանն ու փոխահամագործակցության զարգացմանը:

Սապարդուրի Տոյլիևն իր հերթին վարչապետին է փոխանցել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի ջերմ ողջույնները և ընդգծել, որ իր երկիրը մեծապես կարևորում է եղբայրական Հայաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացումը:

Այնուհետև զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթերի կազմակերպմանը, գյուղատնտեսության, առողջապահության և զբոսաշրջության բնագավառներում հնարավոր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս