«Մանվել Գրիգորյանը ոչ թե կալանք, այլ պատիժ է կրում». Փաստաբան
Նախորդ տարվա ընթացքում ակնհայտ դարձավ, որ Մանվել Գրիգորյանը ոչ թե կալանք է կրում, այլ պատիժ։ Սա է նաև պատճառը, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը շատ արագ արձագանքեց Մանվել Գրիգորյանի գործին, որոնցից մեկը վերաբերում էր առաջնահերթության կարգով գործի քննությանը։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում նշեց Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը։
Փաստաբանի խոսքով՝ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը շարունակում է բացասական դինամիկա գրանցել քաղաքացիական հիվանդանոցում և այդ ամենի պատասխանատվությունը կրում է Հայաստանի Հանրապետությունը, քանի որ ունի պոզիտիվ պարտավորություն գործառույթներ իրականացնելու համար։
«Պետական լիազոր մարմինների անօրինականությունների հետևանքով, այսօր ունենք այն, ինչ ունենք»,- շեշտեց Լ. Բաղդասարյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ առաջիկա երեքշաբթի տեղի կունենա Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը և այս պահին դժվար է ասել, նիստին Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդություն կներկայացնեն, թե՝ ոչ։
Հիշեցնենք, որ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերով (ապօրինի կերպով զենք ռազմամթերք ձեռք բերելը կրել կամ փոխադրելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) ինչպես նաեւ ՀՀ ՔՕ 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակություն):
Նշենք, որ Մանվել Գրիգորյանը նախորդ տարվա հունիսից «դատապարտյալների հիվանդանոցից» տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։