«Պետք է սպառողին դարձնել ոչ թե տեսուչ, այլ շահառու». Բաբկեն Պիպոյան

Այսօր Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ քանի որ շարունակում են ահազանգեր ստանալ ՀԴՄ կտրոններ չտպելու վերաբերյալ, ինքը  ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին առաջարկել է, որ ՀԴՄ կտրոն չթողարկելու փաստը գրանցած քաղաքացիների տեսագրության հիման վրա հարկային մարմինը սկսի վարչական վարույթ: Վարչապետը պնդում է, որ սպառողը պետք է գործիք ունենա իր իրավունքները պաշտպանելու համար:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը և ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հակադարձեցին, որ հնարավոր չէ ապացուցել ՀԴՄ կտրոն տալու կամ չտալու փաստը, և այսօր էլ  ՀԴՄ ակտերի հետ կապված խնդիր կա, դատական կարգով  դրանք համատարած անվավեր են ճանաչվում։ ՊԵԿ նախագահն ասաց, որ պետք է ապացուցողական նշանակություն ունենան այդ տեսաձայնագրությունները, անձերի իդենտիֆիկացիա պետք է կատարվի: Չնայած խնդիրները շատ են, բայց Դավիթ Անանյանը պնդեց, որ դրանք լուծելի են, և ՊԵԿ-ը  պատրաստվում է հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ: ՄԻՊ Արման Թաթոյանը ևս այստեղ որևէ խնդիր չտեսավ, եթե համապատասխան օրենսդրական կարգավորումներ լինեն: «Իրազեկ և պաշտպանված սպառող» հ/կ հիմնադիր Բաբկեն Պիպոյանը խնդրի լուծումն այլ կերպ է պատկերացնում, պնդում է՝ սպառողին պետք է շահագրգռել, որ պահանջի ՀԴՄ:

«Ես միշտ այն կարծիքին եմ եղել, որ  անհրաժեշտ է ներդնել այնպիսի մեխանիզմներ, որոնք իրականում ընդգրկելու են քաղաքացուն գործընթացի մեջ: Այս դեպքում սպառողին պետք է դարձնել ոչ թե տեսուչ, այլ այնպես անել, որ նա դառնա շահառու: Պետք է  առաջին հերթին՝ գնահատել, որ, եթե բոլոր քաղաքացիները սկսեն ՀԴՄ կտրոն պահանջել, ապա մոտավորապես քանի՞ տոկոս ստվերի դեմ ենք մենք պայքարելու, օրինակ՝ 5-7 տոկոս ստվեր ենք կրճատելու ու որոշենք՝ քանի որ սա կրճատվող ստվեր է, ապա առաջիկա երկու տարին բոլոր այն քաղաքացիներին, որոնք կպահանջեն ՀԴՄ, իրենց կուտակած գումարի 3 տոկոսը  կվերադարձվի: Այսինքն՝ քաղաքացին դառնում է ոչ թե տեսուչ, այլ շահառու, հասկանում է, որ, եթե իրեն ՀԴՄ չտվեցին, ապա իրենից փող վերցրին, որովհետև ինքն այս ՀԴՄ-ն կտաներ տուն, ամսվա վերջում կներկայացներ ու իր կուտակած գումարից 3 տոկոսը կունենար: Նայեք, թե մարդիկ կուտակային քարտերի վրա 1 տոկոս կուտակելու համար ինչպես են ճանապարհը փոխում, գնում սուպերմարկետ, որտեղ կարողանում են կուտակել»,- ասաց Բաբկեն Պիպոյանը:

Բաբկեն Պիպոյանը համաձայն է՝ ՊԵԿ-ն ամենուր չի կարող լինել, բայց բոլորին տեսուչ դարձնելու հետ էլ համաձայն չէ: Փոխարենը՝ վարչապետն է մտածում, որ համակարգի ներդրման պարագայում կարող է պարզվել, որ մեզ տեսուչ պետք չէ, տեսչական մարմին պետք չէ, պետք է ընդամենն օրինապահ քաղաքացի:

Տեսանյութեր

Լրահոս