Նոր պատվաստում. երեխաները կպատվաստվեն նաև ռոտավիրուսի դեմ
Հոկտեմբերի 1-ից Հայաստանում մինչև 3 ամսական երեխաները կպատվաստվեն ռոտավիրուսի դեմ: Վերջինս մինչև 5 տարեկան երեխաների փորլուծային հիվանդությունների հիմնական պատճառն է: ՀՀ ԱՆ իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը 168.am-ի հետ զրույցում չցանկացավ այս մասին մանրամասներ հաղորդել: Նա միայն նշեց, որ ԱՆ-ն սեպտեմբերի 14-15-ը կկազմակերպի այս թեմայով սեմինարներ, և մանրամասները կհաղորդվեն այդ ժամանակ:
Նշենք, որ ռոտավիրուսով վարակվում են սննդային ճանապարհով: Հիվանդությունը սկսվում է բավական բուռն. հիվանդներն ունենում են փսխում, բարձրանում է ջերմությունը, հնարավոր է նաև փորլուծություն, ախորժակի բացակայություն, հաճախակի թուլության զգացողություն: Ռոտավիրուսով հիվանդանում են ինչպես երեխաները, այնպես էլ`մեծահասակները, բայց մեծահասակների մոտ այն ավելի թեթև ընթացք է ունենում:
Մանկաբույժ, «Վստահություն» հասարակական կազմակերպության նախագահ Սուսաննա Հարությունյանը նշեց, որ շատ ուրախ է , որ Հայաստանում իրականացվելու է ռոտավիրուսի դեմ պատվաստում: «Ռոտավիրուսը շատ տարածված վարակ է, ռոտավիրուսով հիվանդ երեխաներ հաճախ են հայտնվում հիվանդանոցում, այդ պատճառով շատ լավ է, որ այդ պատվաստումն արդեն կա Հայաստանում»,- ասաց նա:
Նշենք, որ նախօրեին Գայանե Սահակյանը նշել էր, որ պատվաստանյութը բացարձակ անվտանգ է: Առավելագույն դեպքում՝ երեխան կարող է թեթև ջերմություն ունենալ, փսխում կամ փորլուծ:
Ըստ Գայանե Ավագյանի, սա նորմալ ռեակցիա է, ինչը վկայում է պատվաստանյութի «աշխատելու» մասին: