«Նման ձևով համալսարանից որևէ ուսանողի չպետք է բերման ենթարկեն, վիրավորական է». Դավիթ Ափոյանն՝ իրեն ձեռնաշղթաներով բերման ենթարկելու մասին
Ինչպես հայտնի է՝ այսօր Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) իր աշխատասենյակից բերման էր ենթարկվել ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը: Նրան ոստիկանները բերման էին ենթարկում ձեռնաշղթաներով, և ավելի ուշ հայտնի դարձավ, որ նա բերման է ենթարկվել ոստիկանության Երեւան քաղաքի վարչության կենտրոնական բաժին՝ որպես վկա: Պարզվեց՝ դեկտեմբերի 20-ին ԵՊՀ-ի բակում վիճաբանության է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են նաև կրակոցներ, և Դ. Ափոյանին որպես վկա ձեռնաշղթաներով բերման էին ենթարկում հենց այդ գործի շրջանակներում: Սկզբում որպես կասկածյալ էին ասում, հետո հարցաքննվեցի որպես վկա
Քիչ առաջ նա ազատ է արձակվել: Դ. Ափոյանը լրագրողների հետ զրույցում պատմել է, որ իրավապահները իրեն բերման են ենթարկել ԵՊՀ-ի ուսխորհրդի սենյակից, բայց նախ ներկայացրել են բերման ենթարկելու հիմքերը. «Ու հիմքերը շատ նոսր են ներկայացնում՝ ինչ-որ մեկին ճանաչում եմ… Ես ասում եմ՝ հա, պատրաստակամ եմ, եթե օրենքի պահանջով պետք է ներկայանամ, խնդիր չկա, բայց ես պահանջում եմ պաշտոնական ծանուցում լինի: Չի ներկայացվում»:
aravot.am-ի փոխանցմամբ՝ Դ. Ափոյանը պատմել է, որ ինքն իրավապահներին ասել է՝ դեպքի առնչությամբ ոչ ոքի չի ճանաչում, չի տեսել. «Խնդիրն այն է, որ ուսանողական խորհրդի հետ կապ ունեցող ինչ-որ անձ, ինչ-որ 2-րդական կարեւորության առնչություն էր ունեցել գործի հետ: Ես էլ ներկայացրել եմ, որ ուսխորհրդում օրական 100 տարբեր մարդ է մտնում: Որոշ ժամանակ անց, ոստիկաններից մեկը դուրս եկավ, ներս մտավ ու ասաց՝ ձեզ պետք է բերման ենթարկենք: Դա ինձ համար տարօրինակ էր: Որոշման օրինակ ցույց չտվեցին»:
Ափոյանի խոսքերով՝ մինչ բերման ենթարկելը, իրավապահներին ասել է՝ պատրաստ է փաստաբանի հետ ժամը 14:00-ին ներկայանալ, բայց իրավապահները չեն ընդունել.
«Նման ձեւով համալսարանից որեւէ ուսանողի չպետք է բերման ենթարկեն, վիրավորական է, առավելեւս ուսանողական խորհրդի նախագահին չպետք է այդպես բերման ենթարկեին, դա վիրավորական վարքագիծ էր, հատկապես, այն պարագայում, երբ ես ասում էի՝ կգամ»։
Ափոյանը վստահեցրեց՝ բերման ենթարկելու օրինականությունը վիճարկելու են։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: