«Եթե Էդմոն Մարուքյանն արդարանալու բան ուներ… ինքը պետք է գնահատի, թե ինչքանով ստացվեց». Թեհմինա Վարդանյան
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը մանդատը վայր չի դնի. «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի որոշման մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը: Դեկտեմբերի 17-ին հայտարարել էին, որ, հիմք ընդունելով քաղաքացիների արձագանքները և մի շարք այլ հանգամանքներ՝ ԼՀԿ կառավարման խորհուրդը քննարկում է Երևանի ավագանու կազմից իր միակ անդամ Դավիթ Խաժակյանին հետ կանչելու հարցը: 168.am-ի հետ զրույցում Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն ասաց, որ ինքն ի սկզբանե վստահ էր, որ Խաժակյանին հետ կանչելը կեղծ օրակարգ է, և, որ նա մնալու է ավագանիում:
«Այս որոշումն ինձ համար սպասելի էր, ես գրեթե վստահ էի, որ Խաժակյանը մանդատը վայր չի դնելու, ես անչափ ուրախ եմ այդ փաստի առթիվ, որ շարունակելու ենք աշխատել միասին, որովհետև նա ավագանու համար շատ թանկագին անդամ է, շատ կարևոր անդամ է: Որևէ բան տեղի չէր ունեցել, կեղծ աղմուկ բարձրացնելու կարիք չկար, քաղաքում շատ ավելի լուրջ խնդիրներ կան, քան նման իրադարձությունները»,- ասաց Թեհմինա Վարդանյանը:
Դավիթ Խաժակյանին հետ կանչելու գործընթաց սկսելու համար պատճառ էր դարձել Երևանի ավագանու դեկտեմբերի 16-ի նիստը, որի ընթացքում «Լույս» խմբակցություն-Հայկ Մարության՝ սովորականի պես բուռն բանավեճը վերաճել էր «Մի կաթիլ մեղր»-ի պատմության: Քաղաքապետը, համարելով, որ Թեհմինա Վարդանյանն իր ելույթի ժամանակ շեղվում է քննարկվող թեմայից, անջատել էր ավագանու անդամի խոսափողը, ինչն առաջացրել էր խմբակցության անդամների վրդովմունքը, և հայտարարել, որ անգամ ՀՀԿ-ի ժամանակ նման բան չի եղել: Էդմոն Մարուքյանն ավագանու իրենց անդամին հետ չկանչելու մասին որոշման մեջ նրբանկատորեն ակնարկում է, որ իրենց դուր չի գալիս այն հռետորաբանությունը, որն օգտագործում են ավագանու մյուս անդամները, քանի որ դրա համար պատասխանատվություն է կրում նաև Դավիթ Խաժակյանն ու իրենց կուսակցությունը, և, որ այսուհետև հստակեցված է լինելու պատասխանատվության շրջանակը: ԱԺ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահը հիշեցրել էր, որ «Լույս» խմբակցությունը երկու սուվերեն կուսակցությունների դաշինք է:
Թեհմինա Վարդանյանին էլ ա՛յս հանգամանքն է դուր գալիս.
«Էդմոն Մարուքյանին խորհուրդ եմ տալիս, որ հետայսու նայի իմ բոլոր հարցազրույցների, գրառումների, անգամ նկարների տակ եղած մեկնաբանությունները, եթե հարկ է համարում էլ ավելի ընդգծել և առանձնացնել, իմ էջում էլ հատ առ հատ թող պատասխանի այն մեկնաբանություններին, որոնք գրվում են «Լուսավոր Հայաստան» կուսակցության մասին: Ես միայն ուրախ եմ, որ դա հստակեցվում է և կհստակեցվի, որովհետև որևէ մեկը չպետք է ուրիշ մեկի համար պատասխանատվություն կրի: Ինձ համար կարևորն այն է այդ հայտարարության մեջ, որ Դավիթ Խաժակյանը մնալու է և շարունակելու է աշխատել որպես ավագանու անդամ՝ «Լույս» խմբակցության շրջանակում»,- ասաց ավագանու անդամը:
168.am-ի հարցին, թե կա՞ն արդյոք հակասություններ ժամանակին դաշինք կազմած կուսակցությունների միջև, և հնարավո՞ր է՝ հենց դա է ծագած խնդիրների պատճառը, Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամը պատասխանեց.
«Երբևէ որևէ նմանատիպ խոսակցություն չի եղել, մասնավորապես՝ «Լույս» խմբակցության հետ կապված: «Լուսավոր Հայաստանը» որոշեց հայտարարությամբ հանդես գալ, ինչը իրենք պետք է գնահատեն՝ տեղի՞ն էր, թե՞ անտեղի էր, ի՞նչ արձագանք ստացավ հանրության և քաղհասարակության կողմից: «Հանրապետություն» կուսակցությունը, ինչպես Արամ Սարգսյանը նշել էր իր հայտարարության մեջ, նույնիսկ կոռեկտ էլ չի համարում մտնել այդ դաշտ և պատասխանել այդ հայտարարությանը: Դա կուսակցության հայտարարություն էր, տեսակետ էր, լսեցինք, ժպտացինք, անցանք առաջ:
Եթե Էդմոն Մարուքյանն արդարանալու բան ուներ որոշ անձանց, հանրության կամ որոշ օղակների առաջ, ինքը պետք է գնահատի, թե ինչքանով ստացվեց»:
Թեհմինա Վարդանյանը մեզ հետ զրույցում հույս հայտնեց, որ կշարունակեն աշխատել, ինչպես առաջ, և տեղի ունեցածը չի ազդի իրենց աշխատանքի վրա.
«Վստահ եմ՝ գործընկերներս էլ կիսում են այս ցանկությունը: Դավիթ Խաժակյանը շարունակում է մնալ իմ սիրելի գործընկերը և իմ սիրելի ընկերներից մեկը»:
Իսկ, թե կփոխվի՞ նախկին հռետորաբանությունը, թե՞ ոչ, Թեհմինա Վարդանյանն ասաց՝ ժամանակը ցույց կտա: