«Համոզվել եմ, որ իսկապես ունենք անկախ ՍԴ». Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել ԲԴԽ-ի որոշումը
Դեռևս փետրվարի 14-ին, Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ, դադարեցվել էին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանի լիազորությունները։
ԲԴԽ-ն նման որոշում էր կայացրել Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի նախորդ տարվա դեկտեմբերի 25-ին ներկայացրած միջնորդությունը քննելուց հետո՝ Արայիկ Մելքումյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։
Ըստ ԲԴԽ պաշտոնական հաղորդագրության՝ կարգապահական վարույթի պատճառն ուժի մեջ չմտած դատական ակտին Արայիկ Մելքումյանի կողմից կատարողական թերթ տալն է եղել։
Ամիսներ առաջ 168.am-ի հետ զրույցում Արայիկ Մելքումյանն ասել էր, որ ԲԴԽ-ի այդ որոշումն անօրինական է և դուրս է իրավական դաշտից, ուստի որոշումը պետք է բողոքարկի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում և Սահմանադրական դատարանում։
Արայիկ Մելքումյանը Սահմանադրական դատարան էր դիմել մայիսի կեսին, շաբաթներ առաջ հայտնի դարձավ, որ ՍԴ-ն ԲԴԽ-ի որոշումը հակասահմանադրական է ճանաչել։
168.am-ի հետ զրույցում Արայիկ Մելքումյանը հաստատեց, որ Սահմանադրական դատարանը բավարարել է իր ներկայացրած՝ ԲԴԽ-ի որոշումն անվավեր ճանաչելու մասին բողոքը։
«Սահմանադրական դատարանը որոշում կայացրել է, և դա արդեն վերջնական է, և դա պարտադիր է ԲԴԽ-ի համար, որպեսզի վերջինս որոշում կայացնի և վերականգնի իմ լիազորությունները։ Այսինքն, եթե ԲԴԽ-ն այս որոշման կատարումն անտեսի, ապա ապօրինի կլինի։ Միաժամանակ դիմել եմ Եվրոպական դատարան, և եթե ԲԴԽ-ն անտեսի ՍԴ-ի որոշումը, ապա արդեն կակնկալեմ, որ կլինի Եվրոպական դատարանի որոշումը»,- նշեց Արայիկ Մելքումյանը։
Հարցին՝ պաշտոնին վերականգնվելուց հետո արդյո՞ք պատրաստ է աշխատել համակարգում, քանի որ բազմիցս իշխանության կողմից հայտարարվել է, որ դատական համակարգի նկատմամբ հանրության կողմից կա մեծ անվստահություն, նա պատասխանեց.
«Եթե խոսքը վերաբերում է վեթինգին, ապա դրա մասին մեկ տարի է, ինչ խոսում են, որ քննություն է իրականացվելու, և այլն։ Եթե ամեն ինչ լինելու է օրենքի սահմաններում, ապա պատրաստ եմ անցնելու այդ քննությունը։ Բայց եթե պատվեր կատարվի, որ այս կամ այն դատավորներին, որոնք իշխանամետ չեն, նրանք պետք է քննության ենթարկեն, ապա չի կարող նման բան լինել, քանի որ դատական համակարգն անկախ է, և այն երբեք չի կարող քաղաքական լինել: Այդուհանդերձ, եթե նման բան լինի, ապա դա կլինի հենց մեր պետության ամոթը»,- շեշտեց նա։
Մեր զրուցակիցը նշեց, որ այս պահին գտնվում է արտերկրում, որտեղ սովորում է, միևնույն ժամանակ՝ պրակտիկա անցնում և աշխատում։ Իսկ դատավորի պաշտոնում վերականգնելու համար կոնկրետ ժամկետներ չկան։ Նա լիազորել է իր փաստաբանին, որը դիմում կներկայացնի ԲԴԽ-ին, որպեսզի վերջինս վերացնի իր որոշումը և այդ որոշումով էլ վերականգնի իր լիազորությունները։
«Անձինք, որոնք նախինում մասնակցել են իմ լիազորությունների դադարեցման գործընթացին, խոսքը վերաբերում է ԲԴԽ-ի այն անդամներին, որոնք այս պահին շարունակում են իրենց աշխատանքը, մասնավորապես՝ Հայկ Հովհաննիսյանը, որն ըստ էության մի դեպքում՝ հարցազրույց է տալիս և ինքնամաքրման մասին է խոսում իմ լիազորությունների դադարեցման մասով… Բայց այսօր այնպես է ստացվում, որ ԲԴԽ-ում անձինք են աշխատում, որոնք որոշում են կայացնում կամ կայացրել, որը կոնկրետ իմ մասով հակասահմանադրական է ճանաչվել։
Նման պարագայում արդեն կասկած է հարուցում՝ արդյո՞ք նրանք ի զորու են այս պահին որոշում կայացնելու այդ մարդկանց մասով, որոնք պետությանն իրենց պրոֆեսիոնալ աշխատանքն են ցուցաբերել։ Այսինքն՝ այստեղ դատական իշխանության ինքնամաքրման գործընթացը, որն այդ պահին պետք է իրականացվի, պետք է սկսվի հենց Հայկ Հովհաննիսյանից»։
Նա վստահեցրեց, որ վերադառնալու է Հայաստան և պատրաստ է ամբողջությամբ իր գիտելիքները ներդնել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում։
«Այսքան ժամանակ, երբ խոսում են, որ ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանն այն անձն է, որն ամենաուժեղ սահմանադրագետն է, և այլն, ապա պետք է ասեմ, որ իր որոշումը, որն ինձ էր վերաբերում լիազորությունների դադարեցման մասով՝ ճանաչվեց հակասահմանադրական։ Իսկ Սահմանադրական դատարանը գործում է անկախ ու անկաշկանդ, համոզվել եմ, որ իսկապես ունենք անկախ ՍԴ»,- եզրափակեց Արայիկ Մելքումյանը։