Բաժիններ՝

«Վախենում եմ հավատալ այն փաստին, որ երեխան, հնարավոր է, մահացած չլինի, ու նրան էլ որդեգրած լինեն». Վլադ Հարությունյան

Դեկտեմբերի 18-ին ՀՀ Քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիկինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության վարույթում օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, ծնողներից երեխային ապօրինի բաժանելու կասկածանքով ձերբակալվել է «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը:

Այդ և գործին առնչվող այլ պաշտոնատար անձանց ձերբակալությունից հետո մեծ աղմուկ բարձրացավ, ու օրեցօր ավելի ու ավելի շատ քաղաքացիներ են բարձրաձայնում իրենց հետ երբևէ տեղի ունեցածի մասին:

168.am-ի խմբագրություն է դիմել Երևանի Աջափնյակ համայնքի բնակիչ Վլադ Հարությունյանը, ով նույնպես Հանրապետական ծննդատանը 2016թ. առնչվել է մանկական մահացության դեպքի հետ, երբ իրենց առաջնեկին 9 ամիս սպասող ծնողները ծննդաբերությունից տառացիորեն օրեր առաջ լսում են, որ պտուղը մահացած է, և պետք է արհեստական ծննդաբերություն կատարել բարդություններից խուսափելու համար, և սա՝ այն դեպքում, երբ մայրը 9 ամիս տարել է նորմալ հղիություն:

«Հերթական ստուգումից հետո, երբ մեզ հիվանդանոցում ասացին, որ ամեն ինչ լավ է, եկանք տուն, իսկ երեկոյան կինս ցավեր ունեցավ: Զանգեցինք բժշկուհուն, ասաց, որ նորմալ է, թող կինս նոշպա դնի լեզվի տակ»,- ասաց Վլադ Հարությունյանը՝ հավելելով, որ որոշ ժամանակ անց, երբ ցավերը չեն դադարել, գնացել են հիվանդանոց: Այնտեղ ստուգել են ու ասել, որ պտուղը մահացել է, պետք է հեռացնեն:

Վլադ Հարությունյանը պնդում է, որ կինը հղիության ողջ ընթացքում որևէ խնդիր չի ունեցել:

Այնուամենայնիվ, կատարվում է արհեստական ծննդաբերություն, ու բժիշկների ասելով՝ պտուղը հեռացնում են:

«Հղիության ընթացքում ամեն ամիս, բացի պետական վճարումներից, ահավոր շատ գումարային հարցեր են եղել: Ամեն ամիս հղիության ընթացքին հետևող բժշկուհուն՝ Ջուլիետա Վաղինակովնա Ստեփանյանին, պիտի ավել գումար տայինք, որ լավ նայեր»,- ասաց իր առաջնեկին կորցրած հայրը:

Նա նշում է, որ իբր մահացած պտուղը հեռացնելուց  հետո իրեն իր մոտ է հրավիրում ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը, ասում, որ ցավում է, որ նման բան է եղել, բայց սա առաջին դեպքը չէ, յուրաքանչյուրի հետ էլ կարող է նման բան լինել:

«Իրենք ինձ ցույց չտվեցին երեխային: Ասացին, որ արգելվում է: Մի շաբաթից եկեք, կասենք՝ ինչն է եղել պատճառը»,- նշում է հայրը:

Մեր հարցին, թե այդ ընթացքում իրավապահ մարմիններին չի՞ դիմել արդյոք, Վլադ Հարությունյանն ասաց՝ «Ոչ, չենք դիմել: Շոկային վիճակում էինք: Չէինք էլ հասկանում, թե ինչ պետք է անենք»:

Ի վերջո, մեկ ամիս անց հայտնում են երեխայի մահվան պատճառը՝ արյան խտության հետ կապված խնդիր, սակայն հայրը նշում է, որ չի հավատում Հանրապետական ծննդատան վարկածին, քանի որ իրենք մահվան եզրակացությունն այլ բժիշկների էլ են ցույց տվել, և բոլորն էլ ասել են, որ անհասկանալի պատճառ է նշված:

Վլադ Հարությունյանը նշում է, որ չի հավատում, որ հնարավոր էր՝ իր երեխան մահանար մի քանի ժամվա ընթացքում, քանի որ հենց նույն ցերեկն էին եղել հիվանդանոցում, ուր իրենց վստահեցրել էին, որ ամեն բան լավ է:

168.am-ի հարցին, թե եթե այս աղմուկը չբարձրանար, իրենք իրենց պատմությունը կբարձրաձայնեի՞ն, Վլադ Հարությունյանն ասաց, որ այս տարիների ընթացքում մի քանի անգամ մամուլով խոսել է, սակայն իրավապահներին չի դիմել: Մտածել է, որ մամուլի հրապարակումը կդիտարկվի՝ որպես հաղորդում, և հույս ունի, որ այս հրապարակումն էլ կհայտնվի իրավապահների ուշադրության կենտրոնում:

«Վախենում եմ հավատալ այն փաստին, որ երեխան, հնարավոր է, մահացած չլինի, ու նրան էլ որդեգրած լինեն»,- ասաց Վլադ Հարությունյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս