Քիշմիշն էժանացել է, սմբուկը մթերվում է
Օգոստոսի սկզբից Ռուսաստան արտահանվող քիշմիշ խաղողի գինն այսօր 500 դրամ է: Օրեր առաջ գյուղացին այդ խաղողը վաճառում էր 600-700 դրամով: Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղի բնակիչ Արմեն Կարապետյաի հետ զրույցի ընթացքում պարզեցինք, որ արդեն մոտ 1 շաբաթ անհատների կողմից քիշմիշ տեսակի խաղող չի գնվել: Ըստ գյուղատնտեսի` դա արհեստական միջոց էր՝ շուկայում գին թելադրելու համար: «Քիշմիշ ունեցողներն այնքան էլ շատ չեն: Այս խաղողը շուտ է վարակվում, դժվար պահվող միրգ է: Դրա համար մշակողները հաճախ խուսափում են խաղողի այդ տեսակը մշակելուց: Այդքան խնդիրներով, դժվար պահելու հետ մեկտեղ, հիմա էլ արհեստական գին են գցում ու այդ գնով էլ տանում են միայն ընտիր ապրանքը: Մնացածը մնում է մեր իրացմանը: Չգիտես՝ ի՞նչ անես, տա՞ս, թե՞ չտաս: 100 դրամն այսօր գյուղացու համար մեծ գումար է: Մենք 5-10 դրամի վրա ենք աշխատում, բացի դա էլ, խաղողը թանկ ինքնարժեք ունեցող միրգ է՝ ձեռք չի տալիս էժան գնով տալը»:
Օրեր առաջ 168.am-ն անդրադարձել էր այն խնդրին, որ գյուղացին սմբուկը չի կարողանում վաճառել: Պատճառը, ըստ գյուղատնտեսների և ՀՀ գյուղնախարարության, մթերող գործարաններն էին, որոնք դեռ չէին սկսել մթերման աշխատանքները:
Այսօր 168.am-ը տեղեկացավ, որ Արմավիր քաղաքի պահածոների գործարանը սմբուկը մթերում է 80 դրամով: Մթերման նման գինը գյուղացիներին ոգևորել և հույս էր տվել, որ ապրանքը դաշտում չի մնա: Թեև Արմավիր քաղաքի պահածոների գործարանը սմբուկը մթերում է գյուղացիներին ձեռնտու գնով, սակայն հանձնված գյուղմթերքի գումարը գործարանը գյուղացուն տալիս է 10 օր ուշացումով: Նշենք, որ սմբուկի շուկայական գինը տատանվում է 80-100 դրամի սահմաններում: