Բաժիններ՝

Ով դաշնակցի՝ ում փող տան

Ինչպես հաղորդում է Ինտերֆաքսը, Ռուսաստանը 5 միլիարդ եվրոյի վարկ կհատկացնի Կիպրոսին։ Գործարքը դեռ պաշտոնապես չի հաստատվել, սակայն գործակալությունը հղում անելով իր աղբյուրներին՝ նշում է« որ ռուսների համաձայնությունն արդեն կա։

Կիպրոսի իշխանությունները նույնպես դեռ չեն հաստատում վարկավորման հարցով ՌԴ-ի հետ պայմանավորվածության փաստը։ Իսկ ՌԴ ֆինանսների նախարարությունը« Ինտերֆաքսի հետ զրույցում, ըստ էության, ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել է այդ տեղեկատվությունը՝ նշելով, որ Կիպրոսին նոր վարկ տրամադրելու հարցը դեռ քննարկման փուլում է, և վերջնական որոշում դեռ չի կայացվել։ Դրական լուծում ստանալու դեպքում՝ սա կլինի ՌԴ-ի կողմից Կիպրոսին տրամադրվող երկրորդ խոշոր վարկը։ 2011թ. դեկտեմբերին Կիպրոսը Ռուսաստանից ստացել էր 2.5 միլիարդ դոլար՝ տարեկան 4.5% տոկոսադրույքով։

Կիպրոսն այսօր մեծ դժվարություններ ունի միջազգային շուկաներից միջոցներ ներգրավելու հարցում։ Պատճառը Հունաստանի ֆինանսական խնդիրներն են, որի հետ այս երկրի տնտեսությունը սերտ կապեր ունի։ Հունիսին Կիպրոսն օգնություն էր խնդրել կրեդիտորների «եռյակից»՝ Արժույթի միջազգային հիմնադրամից, Եվրահանձնաժողովից և Եվրոպայի Կենտրոնական բանկից։ Այս կառույցներից դրական պատասխան չստանալով՝ Կիպրոսը դիմել էր ՌԴ-ին։

Իսկ Կիպրոսի նման փոքր երկրի ինչի՞ն է պետք միլիարդավոր դոլարների վարկը։ Այս հարցում այս երկիրը շատ նման է Հայաստանին. որոշ հաշվարկների համաձայն, Կիպրոսին այսօր անհրաժեշտ է 13 միլիարդ եվրո՝ նախկին պարտքերը մարելու, բյուջեն համալրելու և բանկերին աջակցություն ցուցաբերելու համար։

Կարդացեք նաև

Ինչպես հայտնի է, Հայաստանի իշխանություններին էլ խորթ չէ նոր վարկեր ներգրավելու միջոցով հները մարելու և սպասարկելու պրակտիկան։ Սակայն կոնկրետ Ռուսաստանից երկար բանակցություններից հետո հաջողվել է ստանալ առավելագույնը 500 միլիոն դոլար։ Հիշեցնենք, որ ռուսական վարկը տրամադրվեց 2009թ.՝ Libor +3% տոկոսադրույքով, 15 տարի մարման ժամկետով, որից 4 տարին՝ արտոնյալ։ Այս վարկի գծով սպասարկումը սկսվելու է հաջորդ տարվանից։

Փաստորեն, վարկ ստանալու համար ռազմավարական գործընկեր լինելու հանգամանքը գրեթե դեր չի խաղում: Ավելի կարևոր է արևմտյան կենտրոնների հետ «խաղեր տալու» ունակությունը և տնտեսական դժվարություններ ունեցող երկրների հետ սերտ հարաբերությունները։ Մյուս կողմից՝ ավելի փիլիսոփայորեն մտածելու դեպքում դժվար է ասել՝ ո՞վ է ավելի շատ տուժում՝ վարկեր ներգրավելով։ Հիշելով, թե Ռուսաստանն ինչպես ետ ստացավ Հայաստանին իր տրամադրած 100 միլիոն դոլարը՝ կարելի է ենթադրել, թե ինչպես Կիպրոսից կստանա 5 միլիարդ եվրոն և նախկին 2.5 միլիարդը։ Այնպես որ, կարելի է նաև համարել, որ գործընկերության իմաստը հենց մեծ վարկ չտալու՝ «կրակը չգցելու» մեջ է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս