Արգենտինան պատրաստակամ է ամենաբարձր մակարդակով համագործակցել Հայաստանի հետ բոլոր ոլորտներում. Թիմերման
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստան ժամանած Արգենտինայի արտգործնախարար Հեկտոր Մարկոս Թիմերմանի գլխավորած պատվիրակությանը, տեղեկացնում է Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
«Համոզված ենք, որ Ձեր այցը նոր խթան կհանդիսանա մեր երկու երկրների միջև առկա հարաբերությունների հետագա զարգացման համար: Հայաստանի և Արգենտինայի կառավարությունները պետք է ջանքեր գործադրեն, որպեսզի այդ հարաբերությունները դառնան ավելի բազմատեսակ»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Արգենտինայի ԱԳ նախարարը բարձր է գնահատել երկու երկրների միջև հարաբերությունները և կարևորել տարբեր բնագավառներում կապերի հաստատումը:
«Արգենտինան պատրաստակամ է ամենաբարձր մակարդակով համագործակցել Հայաստանի հետ բոլոր ոլորտներում: Ձեր կողմից ներկայացված ցանկացած առաջարկությանն Արգենտինան դրականորեն կարձագանքի: Այդ կամքն առկա է և մենք պետք է կարողանանք այն օգտագործել»,- նշել է Հեկտոր Մարկոս Թիմերմանը:
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի: Կողմերը կարևորել են երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացումը և այդ ուղղությամբ հայ-արգենտինյան առևտրային պալատի գործունեության ակտիվացումը:
Տիգրան Սարգսյանը նշել է, որ Հայաստանը պատրաստ է առաջիկայում կազմակերպել հայ-արգենտինական բիզնես ֆորում, որի շրջանակներում էլ հնարավոր կլինի ընդլայնել և զարգացնել երկու երկրների գործարար կապերը:
Այդ համատեքստում անդրադարձ է կատարվել գյուղատնտեսական ապրանքների վերամշակման ծրագրերում, Հայաստանում ստեղծվող ազատ տնտեսական գոտիներում արգենտինյան կողմի հնարավոր ներգրավմանը:
Զրուցակիցները քննարկել են նաև զբոսաշրջության, գիտության և առողջապահության բնագավառներում երկկողմ հարաբերությունների զարգացմանը և գործնական քայլերի իրականացմանն առնչվող հարցեր:
Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Արգենտինայի իշխանություններին՝ արգենտինահայ համայնքին մեծ ուշադրություն դարձնելու և վերջիններիս խնդիրներին աչալուրջ լինելու համար: