«Որևէ ներդրող հեղափոխական երկրում ներդրումներ չի կատարում». Խոսրով Հարությունյան
«Հունվար-հոկտեմբեր ամիսների վիճակագրության համաձայն՝ մենք ունենք թե՛ արդյունաբերության, թե՛ ծառայությունների, թե՛ շինարարության ոլորտներում դրական տեղաշարժեր՝ նախորդ տարվա համեմատ: Բայց հանուն արդարության՝ պետք է ասել, որ նույն վիճակագրության տվյալների մեջ կան որոշակի հակասություններ»,- 2019 թվականի տնտեսական իրավիճակի մասին խոսելով՝ նման տեսակետ հայտնեց Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը:
Հակասության օրինակներից մեկը Հարությունյանի համար այն է, որ ունենալով 8% արդյունաբերության աճ, 15% ծառայությունների աճ, 4-5% շինարարության աճ՝ ունենք էլեկտրաէներգիայի ծավալների նվազում: Ստացվում է, որ սխալ են կա՛մ այն թվերը, որոնք ցույց են տալիս դրական տեղաշարժ, կա՛մ այն թվերը, որոնք պատկերում են նվազում:
Խոսրով Հարությունյանի համար դրական ծրագրերից են համայնքային ենթակառուցվածքների արդիականացման նախագծերը, որոնց հիմնական մասն ուղղված է ճանապարհների արդիականացմանը, ավիացիայի ոլորտի դրական տեղաշարժը:
Այս ամենի կողքին Հարությունյանի համար մնում է մեկ հարց, որը, ըստ նրա՝ Հայաստանի թիվ 1 խնդիրն է:
«Արդյո՞ք այդուհանդերձ կառավարությանը հաջողվել է, թեկուզ կարճաժամկետ, ստեղծել պայմաններ տնտեսության դինամիկ ու անընդհատ աճի համար, այսինքն՝ ներդրումներ ապահովել: Այստեղ մենք իսկապես խնդիր ունենք»,- նկատեց Հարությունյանը:
Հարությունյանի մոտ տպավորություն է, որ կառավարությունը 2020 թվականի բյուջեն որպես պահպանողական՝ 4.9%, ներկայացնելը նպատակ ունի հետագայում քննարկումների թիրախից խուսափել: Նա նաև մտահոգություն ունի, թե նման թիվ ներկայացնելն ապացուցում է, որ կառավարությունը դինամիկ քայլերով աճ ապահովելու հնարավորությունը սահմանափակ է գնահատում:
Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահի խոսքով՝ այսօր ոչ այնքան մտահոգիչ է այն, որ չկան ներդրումներ, այլ այն, որ կառավարությունը ոչ թե փորձում է վերլուծել, թե որն է ներդրումներ չլինելու պատճառը, այլ քողարկում է ներդրումներ չլինելը:
«Ժամանակն է, որ գիտակցենք, որ հեղափոխությունը պրոպագանդելով՝ մենք ներդրողներին չենք գայթակղում: Կարծում եմ՝ ճիշտ հակառակն է տեղի ունենում: Որևէ ներդրող հեղափոխական երկրում ներդրումներ չի կատարում»,- ասաց Խոսրով Հարությունյանը՝ հավելելով, թե այսօր բազմաթիվ պոտենցիալ ներդրողներ գլոբուսի վրա Հայաստանի տեղը չգիտեն:
Ներդրումներ ապահովելու համար Հարությունյանն անհրաժեշտ է համարում ներդրումներ ապահովող համակարգի ստեղծում: Դրա մաս, ըստ Հարությունյանի, կարող են լինել մեր դեսպանները, եթե զբաղվեն տնտեսական դիվանագիտությամբ: Մինչդեռ մեր դեսպաններին նման հրահանգ անգամ չի տրվում:
«Հայաստանը մի շատ կարևոր առանձնահատկություն ունի, ինչի գործունեության համար նախկինները լուրջ քայլեր էին կատարել: Հայաստանը կարելի է վերածել եվրոպական և եվրասիական տնտեսական հնարավորությունների համար իդեալական հարթակի»,- փաստում է Հարությունյանը՝ նկատելով, որ օրվա իշխանությունները երկրի այդ առանձահատկությունը չեն օգտագործում:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում