Բաժիններ՝

Վրաերթի ենթարկված երեխայի մոր կողմից Դավիթ Սանասարյանից գումար պահանջելու վերաբերյալ քրեական գործը կարճվել է

ՀՀ պետական վերահսկողական ծառայության՝ լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանից գումար պահանջելու վերաբերյալ հրապարակման հիման վրա հարուցված քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով կարճվել է:

Այս մասին գրառում է արել Դավիթ Սանասարյանը. «Հարգելի ընկերներ, տեղեկացնում եմ, որ այսօր էրեբունու քննչական մարմնի քննիչի կողմից կարճվեց երեխայի պատահարի հետ կապված շորթման գործը։

Ուզում եմ հստակ նշել, որ այս գործում կար երկու ցուցմունք շորթման փաստի վերաբերյալ, որն ըստ քննիչի, բավարար հիմք չէր մեղադրանք ներկայացնելու համար։ Սակայն ՊՎԾ «հայտնի գործով» ինձ մեղադրանք առաջադրելու համար երկու կիսատ-պռատ ու շինծու ցուցմունքը համարվեց բավարար, որի արդյունքում ես այսօր ամբաստանյալ եմ և լիազորություններս կասեցված են։

Փաստաբանի հետ միասին դեռ կքննարկենք քննիչի որոշումը բողոքարկելու հարցը. իմ նպատակն այդ կնոջը վատություն անելը չէր, այլ հաղորդում տվեցի հանցագործության մասին միայն նրա համար, որ այդ կնոջ կողմից կատարված անթույլատրելի ու հակաօրինական արարքը կանխվի և դաս լինի մյուսների համար»։

Հիշեցնենք, որ «Սանասարյանը երեխայի ծնողներին մեղադրում է շանտաժի մեջ» վերտառությամբ հոդվածի հիման վրա Ոստիկանության Էրեբունու բաժնում նախապատրաստված նյութերով տվյալներ են ստացվել այն մասին, որ Դավիթ Սանասարյանը սեպտեմբերի 12-ին վրաերթի է ենթարկել անչափահաս Ա.Ղ.-ին, որի մայրը հեռախոսազրույցի ընթացքում Դավիթ Սանասարյանից պահանջել է գումար՝ սպառնալով, որ գումարը չտալու դեպքում նրա վերաբերյալ արատավորող տեղեկություն կհայտնի լրատվամիջոցներին:

Դատախազությունից հայտնել էին, որ նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշների մասին վկայող տվյալներ, Ոստիկանության Էրեբունու բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Գործը ոստիկանությունից ուղարկվել էր նախաքննական մարմնին, որը և հիմա կարճվել է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս