Կոռուպցիոն ռի՞սկ, թե՞ էթիկական խնդիր աղբամանների գնման մրցույթում
Երևանի քաղաքապետարանը կենցաղային թափոնների աղբամանների գնման մրցույթ էր հայտարարել: Մրցույթի առաջին խմբաքանակի մատակարարման համար հայտ էր ներկայացրել և հաղթել փետրվարին բացված «Արտար էկո սերվիս» ՍՊԸ-ն, որը, ինչպես պարզվեց, պատկանում է քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության՝ արդեն նախկին պետ Արարատ Խաչիկյանի քրոջ որդուն:
Հիշեցնենք, որ քաղաքապետարանը «Արտար էկո սերվիս» ՍՊԸ-ից ձեռք էր բերել 2000 հատ պլաստիկ 1000 լիտր տարողությամբ աղբամաններ՝ 180 միլիոն դրամով:
Խաչիկյանը եղել է նաև աղբամանների գնման գնահատող հանձնաժողովի նախագահը: Բայց դեկտեմբերի 18-ի առավոտյան աշխատանքից հեռանալու մասին դիմում է ներկայացրել քաղաքապետ Հայկ Մարությանին:
168.am-ը հարցով դիմեց Երևանի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանին, որը պատասխանեց, թե խնդրով պետք է զբաղվեն իրավապահները, քանի որ խոսքը վերաբերում է քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյային, ու այս պարագայում առկա է կոռուպցիոն ռիսկ:
«Ես հավաստի տեղեկություն ունեմ, որ Հայկ Մարությանը նախապես իմացել է, որ Արարատ Խաչիկյանի քրոջ որդուն պատկանող ընկերությունն է մասնակցում մրցույթին, բայց ոչինչ չի ձեռնարկել: Ու լրագրողի զանգից հետո Հայկ Մարությանը շտապ ընդունել է Խաչիկյանի՝ աշխատանքից ազատման դիմումը: Մրցույթին մասնակցել է երեք ընկերություն, որոնցից մեկը ներկայացրել է ամենացածր գինը, սակայն գնման հանձնաժողովն այդ ընկերությանը դուրս է թողել մրցույթից և ընտրել երկրորդ տեղը զբաղեցրած՝ Խաչիկյանի քրոջ որդուն պատկանող ընկերությանը: Առաջին տեղը զբաղեցրած ընկերությունը բողոքարկել է մրցույթի արդյունքները: Մնում է սպասել ու հետևել զարգացումներին»,- ասաց Դ.Խաժակյանը:
Երևանի քաղաքապետի մամլո խոսնակ Հակոբ Կարապետյանն ավագանու անդամի պարզաբանմանն ի պատասխան՝ ասաց. «Ինչ վերաբերում է պրն Խաժակյանի պնդումներին՝ ես դրանք հերքում եմ, որովհետև Դավիթ Խաժակյանի, չակերտների մեջ ասած, աղբյուրների հիման վրա մի շարք ապատեղեկատվություն պարունակող տեղեկություններ են տարածվել մամուլում: Ինչ վերաբերում է մրցույթների ժամանակ պաշտոնյաների ազգականներին պատկանող ընկերությունների մասնակցությանը, ապա քաղաքապետարանն այդ գործիքակազմը չունի, որ դրանք բացահայտի: Փոխարենը՝ տվյալ պաշտոնյան պետք է ունենա քաջություն կամ որոշակի այլ հատկանիշներ, որպեսզի խուսափի նման քայլի դիմելուց: Այս պարագայում մենք խոսում ենք էթիկական տեսանկյունից, և փաստ է, որ Խաչիկյանն այլևս չի աշխատում քաղաքապետարանում»,- հակադարձեց քաղաքապետի մամլո խոսնակը:
«Հրապարակ» օրաթերթը մի ուշագրավ տեղեկություն էր հրապարակել, ըստ որի՝ Արարատ Խաչիկյանը հրավիրվել էր ԱԱԾ, որից հետո ներկայացրել էր աշխատանքից ազատման դիմումը: 168.am-ի դիտարկմանն ի պատասխան՝ Հակոբ Կարապետյանն ասաց, որ այդ մասին որևէ տեղեկատվության չի տիրապետում, իսկ եթե նման բան իսկապես եղել է, ապա դա չի ազդել Խաչիկյանի՝ ազատման դիմում գրելու վրա:
ԱԱԾ-ի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից 168.am-ին տեղեկացրին, որ Արարատ Խաչիկյանին ԱԱԾ-ում հարցաքննության կանչելու վերաբերյալ տեղեկություններ չունեն:
Ֆեյսբուք սոցիալական ցանցի օգտատերերից Արմեն Մոբեր Սուքիասյանն իր գրառման մեջ անդրադարձել էր աղբամանների գնման մրցույթին ու նշել, որ Alibaba կայքում նույնանման պլաստիկ աղբամանները վաճառվում են շատ ավելի ցածր գնով՝ սկսած 38.000 դրամից: Այնինչ, «Արտար էկո սերվիս» ՍՊԸ-ին մեկ աղբամանի դիմաց քաղաքապետարանը 90.000 դրամ է վճարելու:
168.am-ը Երևանի քաղաքապետի մամլո խոսնակից հետաքրքրվեց նաև, թե ինչու նախապատվություն չի տրվել ուղիղ գնման միջոցով ավելի էժան աղբամաններ ձեռք բերելուն, Հակոբ Կարապետյանը պատասխանեց, որ գնումների հիմնական մասը քաղաքապետարանն իրականացնում է մրցույթների միջոցով, իսկ ուղիղ գնումը կատարվում է հատուկ դեպքերում, երբ կա հրատապության խնդիր: Այս պարագայում հրատապության խնդիր չի եղել:
Մեր զրուցակցի վկայությամբ՝ աղբամանների գնման համար հայտարարվել էր միջազգային բաց մրցույթ, հայտեր են ներկայացվել Լեհաստանից, Բելառուսից, Հայաստանից: Ընտրվել է այն կազմակերպությունը, որի առաջարկած ապրանքը համապատասխանել է բոլոր չափանիշերին:
168.am-ի այն դիտարկմանը, թե գնման մրցույթի արդյունքները վերանայվելո՞ւ են, թե՞ ոչ, պայմանավորված քաղաքապետարանի պաշտոնյայի ու հաղթող ընկերության տնօրենի ազգակցական կապով, Հակոբ Կարապետյանն արձագանքեց, որ էթիկական հարթությունում խնդիր իսկապես կա, սակայն զուտ կանոնադրական ու օրենսդրական տեսանկյունից մրցույթի արդյունքները վերանայելու խնդիր չկա:
Հայկանուշ Ալոյան