«Հաց կիսելը քաղաքական կատեգորիա՞ է… ոչ միայն հաց ենք կիսել, այլև ընտանիքներով ենք մտերիմ եղել». Անդրանիկ Քոչարյանը՝ Ռուբեն Հայրապետյանի հետ ընկերության մասին
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը դժվարանում է ասել, թե ինչու է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել, որ իր տանը ստուգումներ անցկացնելուց առաջ իրենց ընդհանուր ընկերներից մեկի միջոցով ինքը հորդորել է նրան լքել Հայաստանը:
Այս ամենի նպատակը Ա. Քոչարյանը չգիտի, ուստի լրագրողներին կոչ արեց դրա նպատակների մասին հարցնել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից և Հանրապետական կուսակցության մյուս անդամներից:
«Ասում է, թե հաց ենք կիսել միասին, հիմա Ձեզ հետ էլ եմ հաց կիսել, մյուսների հետ էլ եմ կիսել, հաց կիսելը քաղաքական կատեգորիա՞ է: Իր հետ ոչ միայն հաց ենք կիսել, այլև ընտանիքներով ենք մտերիմ եղել, մեր երեխաներն ինչ-որ ժամանակաշրջանում միմյանց հետ մեծացել են: Այնպես որ, այստեղ քննարկելու թեմա չկա: Հիմա այս ամենն ի՞նչ նպատակ ուներ, վերջին հաշվով, քրեական լեզվով ասած՝ այս «մուտիլովկայի» իմաստը ո՞րն էր: Մենք միմյանց հետ չենք խոսել, քանի որ բացառվում է, որ նախկին ընկերները խոսելու թեմա կարող են ունենալ, քանի որ մյուս կողմը հանդես է գալիս զրպարտման լեզվով: Եվ ես, բնականաբար, զբաղեցնելով այս պաշտոնը և լինելով որոշակի քաղաքական ու մշակույթի կրող, չեմ կարող պատասխանել զուտ նախկին ընկերոջ հետ կապված հայտարություններին»,- շեշտեց Անդրանիկ Քոչարյանը:
Հարցին՝ իրեն Նիկոլ Փաշինյանի թիմի լիարժեք անդամ համարո՞ւմ է՝ հաշվի առնելով Ռուբեն Հայրապետյանի պնդումները, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց, որ Ռ. Հայրապետյանը հայտնվել է «զրպարտանքների և խառնակությունների դաշտում» և ըստ էության այդ դաշտում էլ չի հաջողել:
«Նման պահվածք նա ցուցաբերեց նաև Խաչատուր Սուքիասյանի, Ֆուտբոլային ֆեդերացիայի աշխատակիցների նկատմամբ: Հիմա երևի որ ֆեդերացիայում ընտրություններ են, իսկ դրա հետ կապված, երբ ինքը կամ թիմակիցները կորցնեն բոլոր գործող լծակները, կարծում եմ՝ մտածում եմ, որ այդ պարագայում ունենալու են շատ լուրջ խնդիրներ: Մեր թիմի ներսում նրա հայտարարության հետ կապված որևէ խնդիր չի եղել, իմ գործունեությունը եղել է բաց ու թափանցիկ: Ռուբեն Հայրապետյանը թող լուծի ՀՀԿ-ի թիմի ներսում եղած խնդիրները: Հիմա նաև երևի Սերժ Սարգսյանի անվտանգության մարմիններում է աշխատում, և այնտեղից են սնվում իր դարակազմիկ գաղափարները: Ես որևէ թիմի անդամ չեմ եղել և չեմ փոխել»,- շեշտեց Անդրանիկ Քոչարյանը: