Ի՞նչ է պատասխանել ԱԱԾ-ն՝ Անդրանիկ Հովհաննիսյանի վերաբերյալ Ղազախստանի դեսպանության հարցմանը

168.am-ն արդեն տեղեկացրել է, որ ՀՀ-ում Ղազախստանի դեսպանությունը դիմել է ՀՀ ԱԳՆ-ին՝ Անդրանիկ Հովհաննիսյանի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ին կից «Օրբելի» կենտրոնի փորձագետ Անդրանիկ Հովհաննիսյանի ձեռքից «Զվարթնոց» օդանավակայանում սահմանապահները վերցրել են կացության վկայականը և արտաքսել երկրից:

Տեղեկատվությանը տիրապետելուց հետո դիմում էինք ուղարկել ՀՀ ԱԱԾ՝ հետևյալ հարցերի պատասխանները ստանալու ակնկալիքով.

1. ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության» ՊՈԱԿ-ի «Օրբելի» կենտրոնի փորձագետ, Ղազախստանի Հանրապետության քաղաքացի Անդրանիկ Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասել է, որ իր մուտքի արգելքի վերաբերյալ ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության դեսպանությունը բողոքի նոտա է հղել ՀՀ ԱԳՆ: ՀՀ ԱԳՆ-ից մեզ ասացին, որ ՀՀ-ում Ղազախստանի դեսպանության կողմից ստացվել է գրություն՝ պարզաբանելու Ղազախստանի քաղաքացի հանդիսացող Անդրանիկ Հովհաննիսյանի՝ ՀՀ մուտքն արգելելու հարցի հետ կապված, որի վերաբերյալ ՀՀ պատկան մարմինների կողմից տրվել է պարզաբանում՝ հղում անելով ԱԱԾ-ին:

Կասե՞ք, թե ինչ պարզաբանում է ներկայացվել Ղազախստանի դեսպանությանը:

2. Անդրանիկ Հովհաննիսյանը ԱԱԾ պարզաբանումից հետո հայտարարել է, որ չգիտի՝ ինչ վտանգ է ինքը ներկայացնում Հայաստանի Հանրապետության համար: «Եթե Անվտանգության ծառայությունը կկարողանա ապացուցել, որ ես վտանգ եմ ներկայացնում Հայաստանի և հայ ժողովրդի համար, կամ որևէ հանցանք եմ գործել՝ ուղղված Հայոց պետականության դեմ, թող ինձ կալանավորեն և դատեն օրենքով սահմանված կարգով»,- ասել է Անդրանիկ Հովհաննիսյանը:

Նման մեղադրանքի դեպքում քաղաքացու մուտքն արգելո՞ւմ են, թե՞ ապահովում նրա վերադարձը հայրենիք՝ համապատասխան պարզաբանում ստանալու համար:

3. Անդրանիկ Հովհաննիսյանը նշում է, որ որևէ քննչական գործողություն ոչ այս ընթացքում, ոչ էլ նախկինում իր հետ չի իրականացվել: «Փաստորեն, եթե իմ գործուղումը դեպի Տաջիկստան չլիներ, «վտանգավոր անձը» կշարունակե՞ր բնակվել Հայաստանում»,- ասել է նա:

Ինչո՞ւ մինչև գործուղում մեկնելը նրա հանդեպ որևէ գործողություն չի իրականացվել, եթե անձը պետական անվտանգությանը սպառնալիք է համարվել:

Մեր այս հարցադրումներին ի պատասխան՝ այսօր ԱԱԾ-ից ստացանք հետևյալ գրությունը. «Ի պատասխան ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը հասցեագրված Ձեր ս.թ. դեկտեմբերի 11-ի դիմումի՝ հայտնում ենք, որ Ղազախստանի քաղաքացի Անդրանիկ Հովհաննիսյանի մուտքն արգելվել է «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի «զ» ենթակետի պահանջների համաձայն, ինչի մասին ՀՀ ԱԳՆ-ի միջոցով տեղեկացվել է՝ ի պատասխան հարցման ՀՀ-ում Ղազախստանի դեսպանությանը»:

Համաձայն հոդվածի՝ Օտարերկրացուն Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա տրամադրելը (ժամկետի երկարաձգման) մերժելը, մուտքի վիզան ուժը կորցրած ճանաչելը կամ մուտք գործելը արգելվում է, երբ «գոյություն ունեն նրա կողմից Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը կամ հասարակական կարգին այլ լուրջ և հիմնավոր սպառնալիքներ»:

Տեսանյութեր

Լրահոս