Ղազախստանի դեսպանությունը դիմել է ՀՀ ԱԳՆ-ին՝ Անդրանիկ Հովհաննիսյանի հարցում պարզաբանում ստանալու համար

«Վերջերս ինձ մոտ սպառվեցին հնարավորությունները՝ Մոսկվայում բնակվել և սպասել ՀՀ պատկան մարմինների արձագանքին։ Ստիպված եմ եղել մեկնել Ղազախստան՝ ծնողներիս մոտ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանից արտաքսված՝ Ղազախստանի քաղաքացի Անդրանիկ Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ին կից «Օրբելի» կենտրոնի փորձագետ Անդրանիկ Հովհաննիսյանի ձեռքից «Զվարթնոց» օդանավակայանում սահմանապահները վերցրել են կացության վկայականը և արտաքսել երկրից:

«Ես փորձում եմ անել հնարավոր ամեն ինչ, որ խնդրին տրվի արդար ու իրավական լուծում։ Անգամ անձնական նամակով վարչապետ Նիկոլ Փաշինյանին եմ դիմել՝ խնդրելով իրեն անձամբ զբաղվել այս հարցով։ Բայց նա դեռ չի արձագանքել»,- ասաց Անդրանիկ Հովհաննիսյանը:

Ավելի վաղ 168.am-ի հետ զրույցում նա պատմել էր, որ 2018թ․ դեկտեմբերին ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ից իրեն հրավիրել են հարցազրույցի, որտեղ տեղեկացել է, որ շուտով նախատեսվում է ՊՈԱԿ-ին կից «Օրբելի» վերլուծական կենտրոնի բացումը. «Ծանոթ լինելով իմ գիտական արդյունքների հետ՝ ինձ հրավիրեցին աշխատանքի՝ որպես Կենտրոնական Ասիայի և Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հարցերով զբաղվող փորձագետ»:

Անդրանիկ Հովհաննիսյանն այն կարծիքին է, որ իր հարցով անձամբ պետք է զբաղվի վարչապետ Ն․Փաշինյանը. «Իր կարգավիճակից ելնելով՝ նա միակ մարդն է, ով կարող է ԱԱԾ-ից հիմնավոր ապացույցներ պահանջել, քանի որ նրանք մեղադրում են ինձ Հայաստանի Հանրապետությանը սպառնալիք ներկայացնելու մեջ։ Վերոնշյալ տեղեկությանը ես արդեն մի քանի անգամ հստակ արձագանքել եմ՝ պնդելով, որ դա բացարձակ սուտ է և որևէ կերպ չի կարող առնչություն ունենալ իմ անձի հետ»:

Անդրանիկ Հովհաննիսյանի տեղեկություններով՝ ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության դեսպանությունը բողոքի նոտա է հղել ՀՀ ԱԳՆ, սակայն ԱԳՆ-ից ևս ոչ մի արձագանք չկա։

168.am-ի հետ զրույցում ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն ասաց, որ Ղազախստանի դեսպանության կողմից ստացվել է գրություն՝ պարզաբանելու Ղազախստանի քաղաքացի հանդիսացող Անդրանիկ Հովհաննիսյանի՝ ՀՀ մուտքն արգելելու հարցը, որի վերաբերյալ ՀՀ պատկան մարմինների կողմից տրվել է պարզաբանում:

168.am-ը հարցում է ուղարկել ԱԱԾ՝ պարզելու համար, թե ի՞նչ պատասխան է տրվել Ղազախստանի դեսպանությանը, և ինչո՞ւ է արգելվել Անդրանիկ Հովհաննիսյանի մուտքը ՀՀ: ԱԱԾ-ի պատասխանը ստանալուն պես՝ կհրապարակենք:

Տեսանյութեր

Լրահոս