Ռոբերտ Քոչարյանի կալանքից կազատվի՞
Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ ընթացավ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքի քննությունը:
Քոչարյանի պաշտպանները բողոքարկել էին Առաջին ատյանի դատարանի՝ Քոչարյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը մերժելու որոշումը:
Բողոքը ներկայացնելիս Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը նշեց, որ այս դատարանում իրենք ոչ թե ուզում են քննության դնել այն հարցը, թե արդյոք Ռոբերտ Քոչարյանը պե՞տք է ազատ արձակվի, թե՞ ոչ, այլ այն, թե արդյոք Առաջին ատյանի դատարանի որոշումը համապատասխանո՞ւմ է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պրակտիկային:
Պաշտպանի խոսքով՝ առաջին ատյանի դատարանն ակնհայտ անհիմն որոշում է կայացրել, ինչը պատճառաբանված չէ, և այս դատարանում ցանկանում են քննարկման դնել հենց պատճառաբանված լինել-չլինելու հարցը:
«Որոշումը կամայական է, այն հակասում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի երկու դրույթների: Խնդրում եմ բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը և Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխարինել գրավով»,- ասաց Հայկ Ալումյանը՝ գրավի ողջամիտ չափի սահմանման իրավունքը թողնելով դատարանի հայեցողությանը:
Անդրադառնալով գրավի ողջամիտ չափի սահմանմանը, պաշտպանական կողմը նշեց, որ ողջամիտ չափ չեն ցանկանում առաջարկել, որպեսզի չառաջանա ապացուցելու լրացուցիչ բեռ, որն անհրաժեշտ կլինի հիմնավորել:
Մեղադրող կողմն այլ կարծիք հայտնեց: Ըստ դատախազության ներկայացուցիչների՝ առաջին ատյանի դատարանի որոշումը պատճառաբանված է հավուր պատշաճի: Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը նաև ասաց, որ իր կարծիքով՝ խափանման միջոցի քննությունից հետո անցած ժամանակը չի կարող որևէ կերպ անդրադառնալ խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու հարցի քննության վրա:
Նմանատիպ տեսակետ հայտնեցին նաև տուժողները, տուժողների իրավահաջորդները, տուժողների և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները:
Դատարանը Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքի վերաբերյալ որոշումը կհրապարակի դեկտեմբերի 20-ին, ժամը 16:00-ին:
Հիշեցնենք, որ 2019թ. նոյեմբերի 7-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժել էր Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ Քոչարյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը:
Տեղեկացնենք, որ այս գործով բողոքը նախ մակագրվել էր դատավոր Մխիթար Պապոյանին, որին մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանն ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել: Դատավոր Պապոյանը բավարարել էր մեղադրող կողմի միջնորդությունը, ինչից հետո գործը մակագրվել էր Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանին: Լուսինե Աբգարյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրել էին Ռ. Քոչարյանի փաստաբանները, որը դատարանը չէր բավարարել:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում