Հայաստանում կյանքը կթանկանա 5-7 տոկոսով. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, անդամակցելով ԵՏՄ-ին, Հայաստանը միացել է նաև միասնական մաքսային սակագներին: Սա ինքնին ենթադրում էր, որ ակնկալվում է զգալի քանակի ապրանքների մաքսատուրքերի բարձրացում: Վերջինիս ազդեցությունը հնարավորինս մեղմելու նպատակով Հայաստանի Հանրապետությունը 5 տարուց ավելի անցումային ժամանակահատված վերցրեց՝ հիմնականում սպառողական զամբյուղում ներառված առավել կարևոր ապրանքների համար:

Այդ ապրանքային խմբերի մի ստվար հատվածի համար անցումային ժամանակահատվածն ավարտվում է 2020 թվականին:

Եվ հունվարի 1-ից սպասվում է մոտ 700 ապրանքատեսակի թանկացում։ Կարծիք կա, որ դրանց մեջ քիչ չեն այնպիսի ապրանքները, որոնք, այսպես ասած, «ամեն օր չես գնում»:

Սակայն մասնագետները պնդում են, որ միևնույն է, թանկացումները մարդկանց կենսամակարդակի վրա ընդհանուր առմամբ էական ազդեցություն թողնելու են:

Ի դեպ, գյուղատնտեսության ոլորտը զերծ չի մնալու թանկացումներից։ Մասնավորապես՝ հունվարի 1-ից թանկանալու է նաև գյուղատնտեսական մթերքի, կենդանիների կերի, հացահատիկի, հացահատիկի սերմնացուի մաքսազերծումը. դրանց համար ներմուծողները սահմանին կվճարեն 3-4 տոկոսով ավելի գումար, իսկ պարարտանյութերի համար՝ 2,5-4 տոկոսով ավելի։

Մյուս կողմից՝ 2020թ. հունվարի 15-ից ուժի մեջ է մտում օրենսդրական նորմը, ըստ որի՝ անասունի մորթը պետք է իրականացվի սպանդանոցներում:

Անասնապահությամբ և մսի վաճառքով զբաղվողները մտահոգություն ունեն, որ այս ամենի արդյունքում մսի գնի էական թանկացում կարող է տեղի ունենալ:

Իսկ ընդհանուր առմամբ, ըստ որոշ տնտեսագետների հաշվարկների, առաջիկա ամիսների ընթացքում կյանքը Հայաստանում հերթական անգամ կթանկանա, նախնական հաշվարկներով, սկզբի համար 5-7 տոկոսով»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս