Գույքը կբռնագանձեն նաև առանց քրգործի․ նոր նախագծի հետքերով․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Կառավարությունը երեկ հավանության արժանացրեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: Այս օրենքի ընդունումը հնարավորություն է ընձեռելու իրավասու մարմնին՝ Գլխավոր դատախազությանը, համապատասխան հիմքերի առկայության դեպքում ուսումնասիրել գույքի ձեռքբերման օրինականությունը եւ ներկայացնել գույքի բռնագանձման պահանջով հայց, եթե հայտնաբերվում է գույք, որի ձեռքբերումը չի հիմնավորվում, օրինակ, եկամտի աղբյուրներով, եւ որի արժեքը ներկայում գերազանցում է 50 մլն դրամի շեմը:

Ուսումնասիրությունը կարող է ներառել դրա սկսելուն նախորդող տասը տարիները: Ըստ այդմ, գույքը ենթակա է բռնագանձման, եթե ապացուցվում է, որ գույքը օրենքով նախատեսված ծավալներով չի հիմնավորվում օրինական եկամուտներով:

Նկատենք, որ փոփոխություններն էական են. գործող օրենսդրությունն այժմ թույլ է տալիս բռնագանձել բացառապես դատավճռով հաստատված հանցագործության կատարման համար օգտագործված կամ դրա արդյունքում ստացված գույքը, իսկ նոր նախագիծը նախատեսում է, որ դատախազությունը կարող է առանձին վարույթ սկսել եւ ուսումնասիրել, համեմատել անձի օրինական եկամուտներն ու ունեցած գույքը, եւ եթե դրանց տարբերությունը լինի 50 միլիոն դրամից ավելի, ապա դիմել դատարան այդ գույքը բռնագանձելու համար:

Նկատենք, որ այս օրենքի շուրջ աշխատանքները վաղուց էին տարվում, եւ նախագիծն ուղարկվել էր նաեւ միջազգային փորձաքննության, որից հետո էլ դրվեց հանրային քննարկման: Ինչպես հայտնի է, իրավասու մարմին է ճանաչվել ՀՀ գլխավոր դատախազությունը: Սակայն այս տարբերակը միակը չի եղել:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` մի քանի տարբերակ է քննարկվել` նախ` ստեղծել անկախ մարմին, որ կզբաղվի նման գործերով, կամ էլ նման գործառույթ տալ ստեղծված Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին: Սակայն հետագայում եկել են այն եզրակացության, որ սրանք հարմար տարբերակներ չեն, եւ, որպես իրավասու մարմին, ընտրվել է դատախազությունը:

Հավելենք, որ այս օրենքի շուրջ խորհրդարանում բուռն քննարկումներ են սպասվում, քանի որ ընդդիմության ներկայացուցիչները խնդրահարույց կետեր են տեսնում եւ կարծում են, որ օրենքը կարող է վնասել նաեւ «շարքային» քաղաքացիներին եւ դառնալ վրեժխնդրության հիմք»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս