Ինչո՞ւ են ներդրողները հիասթափված հեռացել Հայկ Մարությանի և Արթուր Մեսչյանի հետ հանդիպումից. քաղաքապետարանի արձագանքը
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ իր երկու միլիարդատեր գործընկերները՝ Աբու Դաբիի թագաժառանգը և Արաբական Միացյալ Էմիրությունների «Ռոտանա» հյուրանոցային ցանցի տնօրենը, ցանկություն են հայտնել Հայաստանում ներդրումներ անել, 2 հյուրանոց և հիվանդանոց կառուցել՝ կարիքավորներին անվճար օգնություն տրամադրելու համար, բայց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի և ճարտարապետ Արթուր Մեսչյանի հետ 30 րոպե հանդիպումից հետո հիասթափվել ու մտափոխվել են:
«Նրանք հանդիպել են քաղաքապետի և ճարտարապետի հետ, հանդիպումը տևել է կես ժամ, և մարդիկ հիասթափված դուրս են եկել և իրենց ներդրումների մասին մոռացել են, ժամանակավոր սառեցրել են»,- հայտարարել է Գագիկ Ծառուկյանը:
Հարցին, թե գո՞ւցե ներդրողները քաղաքապետարանին «Կամազ» չեն նվիրել, դրա համար չեն ստացել թույլտվություն, Ծառուկյանը պատասխանել է, թե չգիտի, բայց վստահեցրել է, որ ներդրողները ցանկացած պայմանի համաձայն են եղել, անգամ առաջարկել են վթարային շենքերը հիմնանորոգել:
Իսկ թե ինչո՞ւ են հիասթափված հեռացել, Գագիկ Ծառուկյանը խորհուրդ տվեց հարցի պատասխանը ստանալ քաղաքապետարանից:
Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, թե չի լսել Ծառուկյանի խոսքը ու չի ցանկանում մեկնաբանել այն:
«Եվ նաև տեղյակ չեմ, թե ինչ հանդիպման մասին է խոսքը: Ես կարող եմ միայն ասել, որ ցանկացած բիզնեսմեն քաղաքում, առավել ևս, որ շինարարություն է կատարում, ներդրումներ է կատարում, Երևանի համայնքի զարգացման տեսլականի շրջանակներում և Հայաստանի Հանրապետության օրենսդրության շրջանակներում անխոչընդոտ իրականացնում է իր բիզնեսը: Այդտեղ որևէ դրական կամ բացասական խտրականություն չկա: Եվ նաև անկախ տիտղոսներից և անկախ այդ մարդկանց հասարակությունում ունեցած դիրքից, հարգանքից, որևէ մեկը որևէ արտոնություն չի կարող ստանալ, դա ասում եմ ընդհանրապես»,- ասաց Հակոբ Կարապետյանը՝ կրկին նշելով, որ կոնկրետ Գագիկ Ծառուկյանի վկայակոչած դեպքի մասին տեղյակ չէ:
Մեր զրուցակցին առաջարկեցինք ավելի ուշ զանգահարել՝ բարձրաձայնված կոնկրետ դեպքերի առնչությամբ մանրամասներ իմանալու համար, սակայն վերջինս այսպես արձագանքեց. «Դրանից իմ պատասխանը չի փոխվի, ըստ էության, որովհետև, ամենայն հարգանքով հանդերձ, քաղաքում ներդրում անել կատարող ցանկացած անձի կամ կազմակերպության նկատմամբ Երևան քաղաքում գործում են օրենքներ»:
Նա նաև վստահեցրեց, թե որևէ խոչընդոտ չի եղել:
Կարապետյանը զուգահեռներ տարավ Գագիկ Ծառուկյանին առնչվող մեկ այլ ծրագրի հետ՝ նշելով, որ, երբ Աբովյան 5 հասցեում Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանի հետ փոխկապակցված ընկերությունը շինարարություն անելու ծրագիր ուներ, և այդ շինարարությունը կասեցվել էր զուտ հարակից տարածքներից մեկի բացած դատական հայցի բերումով, այն թյուրիմացաբար ներկայացվում էր՝ որպես քաղաքապետարանի կողմից խոչընդոտ: