ԱՄՆ-ն ապրանքների միլիարդավոր մաքսերով է սպառնացել Ֆրանսիային

Ֆրանսիան խտրական քաղաքականություն է վարում Միացյալ Նահանգների թվային ընկերությունների նկատմամբ, դրան ի պատասխան ԱՄՆ-ը կարող է մինչեւ 100 տոկոս հարկադրույքով մինչեւ 2,4 միլիարդ դոլարի մաքսեր սահմանել ֆրանսիական ապրանքների վրա: Այդ մասին ասված է ԱՄՆ-ի առեւտրական ներկայացուցչի զեկույցում։

Հուլիսի կեսերին Ֆրանսիայի խորհրդարանն ընդունել է օրենք խոշորագույն թվային ընկերությունների ծառայությունների հարկի մասին, ինչպիսիք են Amazon-ը, Apple-ը, Facebook-ը եւ Google-ը: Այդ օրենքը խիստ քննադատություն է առաջացրել ԱՄՆ-ի կողմից: Միացյալ Նահանգների ղեկավար Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ որպես պատասխան միջոց կարող է հարկ սահմանել ֆրանսիական գինու վրա:

ԱՄՆ-ի առեւտրական ներկայացուցիչը հայտարարել է, որ «ավարտել է հետաքննության առաջին մասը» ֆրանսիական թվային հարկի վերաբերյալ, եւ հանգել եզրակացության, որ այն «խտրական է ԱՄՆ-ի ընկերությունների նկատմամբ»:

Մասնավորապես, խոսքը վերաբերում է այնպիսի ընկերությունների, ինչպիսիք են Google-ը, Apple-ը, Facebook-ը եւ Amazon-ը: Որպես պատասխան միջոց ԱՄՆ-ը դիտարկում է ապրանքների՝ մինչեւ 2,4 միլիարդ դոլար ընդհանուր արժողությամբ մաքսերի սահմանման հնարավորությունը: «Առեւտրական ներկայացուցչի որոշումն ուղարկում է հստակ նախազգուշացում, որ ԱՄՆ-ը գործողություններ կձեռնարկի թվային հարկային ռեժիմների դեմ, որոնք խտրականության են ենթարկում ԱՄՆ-ի ընկերություններին»,- ասված է հայտարարության մեջ: Համանման հետաքննություններ են սկսված Ավստրիայի, Իտալիայի եւ Թուրքիայի նկատմամբ, ճշտել են գերատեսչությունում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս