Լոնդոնի մետրոյի օդն ամենաաղտոտվածն է ճանաչվել աշխարհում
Լոնդոնի մետրոպոլիտենում օդի աղտոտվածության մակարդակն աշխարհում ամենաբարձրն է ճանաչվել դրանում այն մանրագույն մասնիկների առկայության պատճառով, որոնց խտությունն առանձին տեղամասերում թույլատրելի ցուցանիշները գերազանցում է տասնյակ անգամներ: Այդ մասին հայտնել է The Times թերթը՝ վկայակոչելով Լոնդոնի Թագավորական քոլեջի ուսումնասիրությունը:
Օդում մարդու առողջության համար վնասակար մանր մասնիկների կուտակումը մայրաքաղաքի ստորգետնյա երկաթուղու առանձին գծերում ավելի բարձր է, քան Պեկինի, Լոս Անջելեսի, Նյու Յորքի, Սեուլի, Սիդնեյի եւ Բարսելոնայի մետրոներում: Այսպես, օդի մեկ խորանարդ մետրում հայտնաբերվել է միջին հաշվով 302 մկգ նման միկրոտարրերի առկայություն, ինչը 15 անգամ բարձր է քաղաքի փողոցներում գրանցված մակարդակից:
Ընդ որում՝ օդի աղտոտվածության ամենաբարձր մակարդակը գրանցվել է Victoria ուղեգծին՝ մեկ խորանարդ մետրում՝ 800 մկգ, ինչը 40 անգամ բարձր է պայմանականորեն թույլատրելի նորմայից:
Լոնդոնի մետրոն ամենահինն է աշխարհում եւ բացվել է 1863 թվականին: Այն բաղկացած է 402 կիլոմետր ընդհանուր երկարություն ունեցող 11 ուղեգծից եւ հաշվում է 270 կայարան: Օրական դրանից օգտվում է 2,8 մլն ուղեւոր, հաղորդել էՏԱՍՍ-ը: