Բաժիններ՝

Պետք է կանգնենք Արցախի ժողովրդի կողքին. Եվրախորհրդարանի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգ

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգին Արցախ կատարած առաջին այցից հետո ադրբեջանական կողմից ստացած «սև ցուցակ»-ում հայտնվելու զգուշացումները չեն վախեցրել, նա երկրորդ անգամ էլ կայցելի, բայց արդեն վստահ է`Արցախը հիանալի է: Բերգն Արցախում զարգացման մեծ ներուժ է տեսնում, պատրաստվում է նաև Արցախի հարցը բարձրացնել Եվրախորհրդարանի արտաքին հարաբերութունների հանձնաժողովում, որի անդամ է: Նա համոզված է ինքն ու «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության այլ անդամներ պետք է կանգնեն Արցախի ժողովրդի կողքին: «Արմենպրես»-ը այս և այլ հարցերի մասին զրուցել է վերջերս Հայաստան այցելած Եվրոպական խորհրդարանի անդամ, «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության անդամ Լարս Պատրիկ Բերգի հետ:

-Պարոն Պատրիկ Բերգ, գիտեմ, որ դեռ երկու տարի առաջ Արցախ եք այցելել, բավականին հանդիպումներ ունեցել: Եվրոպական խորհրդարանի, Գերմանիայի հետ համագործակցության ի՞նչ հեռանկարներ եք տեսել Արցախում:

-Ես կարծում եմ, որ Արցախը մեծ ներուժ ունի՝ տուրիզմի, գյուղատնտեսության, հատկապես օրգանիկ գյուղատնտեսության (գինի, մրգեր, բանջարեղեն) ոլորտներում: Նախորդ անգամ ես Արցախում եմ եղել 2 տարի առաջ: Այցի ընթացքում հանդիպել եմ մի քանի ձեռներեցների, որոնք արտադրում էին գինի, աճեցնում օրգանական բանջարեղեն: Կարծում եմ, որ դա մեծ շուկա է, և պետք է դրան օժանդակել, քանի որ ԱՄՆ-ում, Եվրոպայում և այլ երկրներում մարդիկ իսկապես շատ են սիրում գումար ծախսել օրգանական սննդի վրա: Արցախը գեղեցիկ երկիր է՝ լեռներով, հին վանքերով, պատմությամբ, հիանալի մարդկանցով: Այսպիսով՝ ես կարծում եմ, որ սա ևս Եվրոպական խորհրդարանի կողմից քննարկման թեմա կլինի՝ զբոսաշրջության ոլորտում լավ համագործակցություն ստեղծելու համար: Արցախում քրիստոնյաները հավատում են՝ առանց բացասական վերաբերվելու այն մարդկանց, ովքեր այլ հավատք ունեն: Կարծում եմ, որ Արցախն ամրոցի է նման, և մենք պետք է աջակցենք Արցախի բարեփոխումներին: Ինչ վերաբերում է Գերմանիային, թեև ես Բունդեսթագի անդամ չեմ, սակայն կարծում եմ, որ Հայաստանն, ընդհանուր առմամբ, կարևոր է Գերմանիայի համար: Աշխարհաքաղաքական տեսակետից այն գտնվում է շատ կարևոր տարածաշրջանում: Որպես Եվրոպական խորհրդարանի անդամ կարծում եմ, որ Արևմտյան Եվրոպան պետք է նպաստի խաղաղ բանակցություններին՝ կարգավորելու հակամարտությունը, որը գոյություն ունի Արցախի տարածաշրջանում, և վերջ տալու Թուրքիայից եկող լարվածությանը: Կարծում եմ, որ կարևոր է տարածաշրջանում նպաստել խաղաղ գործողություններին, երիտասարդների համար նոր հնարավորություններ ստեղծել:

-Խոսեցիք հակամարտությունից, այս առիթով ուզում եմ նշել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ արդեն շեշտադրել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը պետք է ընդունելի լինի թե Հայաստանի, թե Արցախի և թե Ադրբեջանի ժողովրդի համար, սակայն մենք դեռ համապատասխան արձագանք չենք լսել ադրբեջանական կողմից: Ի՞նչ կասեք այս առումով:

-Իմ անձնական կարծիքով` երբեմն որոշակի ժամանակ է պահանջվում՝ գտնելու երկարատև լուծում, շատ բանակցություններ և վստահություն է պետք: Եթե վստահություն չկա, ապա շատ դժվար է: Եվ բավականին երկար ժամանակ է պահանջվում՝ լուծելու այս հակամարտությունը: Եվ ես կարծում եմ, որ վարչապետը իսկապես իրավացի է, լուծումը պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի համար, հակառակ դեպքում խաղաղություն չի լինի:

-Ադրբեջանը հաճախ Արցախ այցելած միջազգային պաշտոնյաներին գցում է, այսպես ասած, «սև ցուցակ», դուք Արցախ այցելելիս որևէ կաշկանդվածություն, վախեր չե՞ք ունեցել արդյոք:

-Երկու տարի առաջ, երբ Արցախից վերադարձա, Գերմանիայում Ադրբեջանի դեսպանից նամակ ստացա, նա Բադեն Վուրթեմբերգի խորհրդարանի նախագահին դժգոհել էր իմ՝ Արցախ այցի կապակցությամբ և նշել էր, որ ես «սև ցուցակում» կհայտնվեմ և չեմ կարող այլևս Ադրբեջան մուտք գործել: Ես չեմ պատասխանել այդ նամակին՝ չցանկանալով սրել վիճակը: Բայց ես չեմ վախեցել Արցախ գալուց, դա շատ ապահով ճամփորդություն էր, ես հանդիպել եմ շատ հիանալի մարդկանց, պաշտոնյաների, Արցախի նախագահին, որը շատ հմուտ և տաղանդավոր մարդ է, արտաքին գործերի նախարարին, ուսանողների: Եվ շատ կարևոր է գտնել խաղաղ, երկարատև լուծում՝ այս բարդ հակամարտության համար, որը օգտակար կլինի բոլոր կողմերի համար: Եվ մենք պետք է աջակցենք Արցախին, Հայաստանին: Ես եղել եմ Ստեփանակերտում, այն շատ խաղաղ ու շատ գեղեցիկ քաղաք է: Եղել եմ նաև Մարտակերտում, հանդիպել եմ մարդկանց, եղել եմ նաև մարտական դիրքերից ոչ շատ հեռու: Եվ ես շատ եմ ցավում այն մարդկանց, այն երեխաների ու կանանց, ընտանիքների համար, ովքեր ստիպված են այդ փորձությունների միջով անցնել: Շատ կարևոր է գտնել խաղաղ,երկարատև լուծում: Եվ կցանկանայի աջակցել, ես վարչապետ չեմ, Եվրոպական խորհրդարանի նախագահը չեմ, պարզապես խորհրդարանի սովորական անդամ եմ, սակայն ես կցանկանայի բարձրացնել Արցախի հարցը խորհրդարանում արտաքին հարաբերությունների հանձնաժողովում: Եվ հետո կտեսնենք, թե դրան ինչ կհաջորդի: Ես շատ դրական եմ տրամադրված:

-Դուք Արցախում, կարծեք թե, շատ բան եք տեսել, Եվրոպական խորհրդարանում ի՞նչ հարց եք ուզում բարձրացնել:

-Եվրոպական խորհրդարանում Մարդու իրավունքների հարցերի և արտաքին հարաբերությունների հանձնաժողովների անդամ եմ: Ես կասեմ, որ շատ կարևոր է լսել երկու կողմերին, և շատ կարևոր է նաև գտնել լուծում` Արցախում ուժեղացնելու տնտեսական դրությունը: Եթե մենք դա չանենք, չի բացառվում, որ որոշ երիտասարդներ լքեն երկիրը: Երիտասարդ տաղանդավոր մարդիկ պետք է լինեն իրեն ծննդավայրում, և ես այս հարցը կբարձրացնեմ խորհրդարանում: Կան քաղաքական գործիչներ, որոնք չեն ցանկանում լսել նման բաներ, չեն հետաքրքրվում, սակայն ես և մյուսները շատ ուրախ կլինենք այս հարցը բարձրացնելով:

-Տեղյակ եմ նաև, որ 2020-ին Արցախի համընդհանուր ընտրությունների ընթացքին հետևելու է գալու Գերմանիայից դիտորական խումբ, ովքեր են լինելու այդ խմբում, և արդյոք Արցախի ընտրություններն այդքան կարևոր են Գերմանիայի համար:

-Ընտրություններին դիտորդական խմբում, կարծում եմ, որ կլինեն Բունդեսթագի անդամներ, հավանաբար երկրամասային խորհրդարաններից «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության անդամներ: Կարծում եմ, որ շատ լավ է, որ սերտ կապեր կան Արցախի և «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության, խորհրդարանների միջև: Կարծում եմ, որ շատ կարևոր է Արցախում ապրող ժողովրդի ինքնորոշման նկատմամբ ցույց տալ սոլիդարություն։ Կարծում եմ, որ դա շատ լավ գաղափար է, քանի որ մոտ կապեր կստեղծվեն Արցախի խորհրդարանի, քաղաքական գործիչների և «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության միջև: Ես և իմ մի քանի գործընկերներ եղել ենք Արցախում, Արցախից մեր կոլեգաները ևս եղել են Գերմանիայում: Սա շատ կարևոր է, ուժեղացնում է երկրների և մարդկանց միջև կապերը: Երկու տարի հետո ես կայցելեմ Արցախի համալսարան, հիանալի կլինի, եթե Արցախի և Գերմանիայի համալսարանների ուսանողների փոխանակման ծրագիր լինի: Սա դեռ գաղափար է, որ ես ունեմ: Այնքան տաղանդավոր մարդիկ կան, և ես ուզում եմ, որ նրանք գան Եվրոպա, հնարավորություն ունենան մի քանի ամիս անցկացնել մեր համալսարաններում և վերադառնալ:

-Ինչպես հասկացա, Արցախի հետ կապված պլաններ ունեք, Արցախի վերաբերյալ որևէ հավելելու բան ունե՞ք:

– Ես համոզված եմ, որ մենք չենք կարող մարդկանց թողնել մենակ: Մենք պետք է աջակցենք Արցախին, Հայաստանին: Խաղաղ լուծում պետք է լինի: Երիտասարդների համար հնարավորություններ պետք է լինեն: Ես և մեր «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության այլ անդամներ շատ հետաքրքրված ու միանգամայն համոզված ենք, որ պետք է կանգնենք Արցախի ժողովրդի կողքին: Արցախը քրիստոնեության օրրան է, մենք շատ ընդհանուր բաներ ունենք՝ մշակույթը, կրոնը: Կրոնը մեր ընդհանրություններից է, և մենք չպետք է մոռանանք դա:

-Հայաստանը ներկայում ձգտում է ԵՄ երկրներում վիզայի ազատականացման երկխոսություն սկսել, հետաքրքիր է, թե Եվրոպական խորհրդարանը ի՞նչ կարող է անել նպաստելու այս գործընթացին: Ի՞նչ տրամադրություններ կան այս առումով խորհրդարանում:

-Որպես Եվրոպական խորհրդարանի անդամ, կարծում եմ, որ նախքան վիզայի ազատականացումը, ամենակարևորն է աջակցել Հայաստանի կառավարությանը և ժողովրդին: Առաջին հերթին պետք է երիտասարդներին հնարավորություն տալ, նրանց համար ավելի շատ ու ավելի երկարատև աշխատանքի հնարավորություն ստեղծել, որ նրանք ստիպված չլինեն լքել իրենց հայրենիքը, միգրացիայի դիմել: Եվ հետո հաջորդ քայլը կլինի վիզայի ազատականացումը: Երկու տարի առաջ ես Հայաստանում այցելել եմ «ArmTab» ընկերություն, որտեղ աշխատում էին շատ տաղանդավոր երիտասարդներ: Նմանատիպ շատ ընկերությունների կարիք կա թե Հայաստանում, թե Արցախում: Կարծում եմ, որ Եվրոպական խորհրդարանում վիզայի ազատականացման հարցում դեռ վերջնական որոշում չկա, դեռ բանակցությունները շարունակվում են: Սակայն ես կարծում եմ, որ Եվրոպական խորհրդարանի տեսանկյունից շատ կարևոր է՝ աջակցել Հայաստանին` այդ թվում առևտրի համագործակցության համար: Դա երիտասարդների համար հնարավորություն է: Տրամադրությունները խորհրդարանում դրական են, սակայն Եվրոպան դեռ հանդիպում է ապօրինի միգրացիայի ներհոսքին՝ Աֆրիկայից, Ասիայից, շատ երկրներից: Եվ մենք պետք է լուծում գտնենք, թե ով կարող է գալ Եվրոպա, ով՝ ոչ: Հազարավոր մարդիկ են գալիս ու գալիս, և դա չի համակարգվում: Անօրինական միգրացիան մեծ խնդիր է, և ես կարծում եմ, որ նախ այդ խնդիրը պետք է լուծենք:

Հարցազրույցը՝ Աննա Գրիգորյանի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս