«Երբ որ զենքով տային, իրար տային-սպանեին, էդ ժամանակ թշնամանքի մասին կխոսվեր»
168.am-ի հարցին, թե՝ ինչպե՞ս կմեկնաբանեք Կապանի գործող քաղաքապետ, քաղաքապետի այլևս նախկին թեկնածու Արտուր Աթայանի այսօր ներկայացրած ինքնաբացարկի դիմումը և այն հանգամանքը, որ քաղաքապետն իր հրաժարականի հայտարարության մեջ նշել է ընտրապայքարի՝ թշնամանքի մթնոլորտի մասին, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը պատասխանեց.
«Լսի՛, Հայաստանի բոլոր քաղաքներում, մասնավորապես՝ մարզկենտրոնի համար, պետք է օրինակելի քայլ լինի, որովհետև ժողովուրդը փորձում է միասնական լինի, և այդ միասնությունը հարգելով` մեկը հանում է և թողնում է մյուս թեկնածուին: Ո՞նց կարա թշնամանք լինի: Տրամաբանությունը ո՞րն ա` հալա ասա: Մարդն ինքը ինքնաբացարկ ա հայտնում ու ասում ա` հանուն մեր ժողովրդի միասնության` ես թողնում եմ, որ Հանրապետական կուսակցության թեկնածուն անցնի: Էդտեղ ի՞նչ թշնամանքի մասին ա խոսվում: Երբ որ զենքով տային, իրար տային-սպանեին, էդ ժամանակ թշնամանքի մասին կխոսվեր: Հիմա հասկանո՞ւմ ես, որ մարդը՝ հանուն քաղաքի միասնության, հանուն քաղաքի վաղվա օրվա` ինքնաբացարկ է հայտնում»:
Իսկ հարցին, թե ինչպիսի՞ն էին իր և Կապանի քաղաքապետ Ա. Աթայանի փոխհարաբերությունները, Ս. Խաչատրյանը պատասխանեց. «Ընտիր: Աթայանը ընկերս ա»:
Հիշեցնենք, որ այսօր Ա. Աթայանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել` նշելով, որ քաղաքում ստեղծվել էր թշնամանքի մթնոլորտ: