Բաժիններ՝

ՀՀ վարչապետի խոսնակը՝ «Օրբելի» կենտրոնի փորձագետի դեպքի առնչությամբ

ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ին կից «Օրբելի» կենտրոնի փորձագետ Անդրանիկ Հովհաննիսյանի ձեռքից «Զվարթնոց» օդանավակայանում սահմանապահները մեկնելուց վերցրել են կացության վկայականը, իսկ վերադարձին արդեն՝ արգելել երկիր մուտքը և  արտաքսել:

168.am-ն արդեն տեղեկացրել էր այս մասին՝ հղում տալով Անդրանիկ Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջին, որտեղ նա մանրամասներ էր ներկայացրել կատարվածի մասին՝ նշելով.

«Եթե հայաստանյան իշխանությունների կողմից համապատասխան /ոչ էմոցիոնալ/ արձագանք և լուծում չտրվի այս խնդրին, ապա կարող եմ եզրակացնել, որ տեղի ունեցածը նախապես ծրագրավորված գործողություն էր, որն ուղղված է հայրենիքն իսկապես սիրող հայերին երկրից վտարելու՝ փոխարենը անհայտ ծագում ու կողմնորոշում ունեցողներով երկիրը լցնելու նպատակին։ Մի՞թե Նոր Հայաստանը միտված է դառնալ Ադրբեջանից հետո երկրորդ երկիրը, որի մուտքը փակ է հայրենասեր հայի համար։ Հուսով եմ, որ պատկան մարմինները կկարողանան համապատասխան լուծում տալ այս խնդրին՝ հակառակ դեպքում այսուհետ նրանց կողմից հնչեցրած ցանկացած միտք կարող է դիտվել որպես դավադրություն՝ ուղղված Հայ ժողովրդի և Հայոց պետականության դեմ»:

Անդրանիկ Հովհաննիսյանի արտերկրում բնակվող մայրը՝ Սուսաննա Առաքելյանը, բաց նամակով դիմել էր
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որտեղ նշել էր.

«Ես՝ որպես ՀՀ քաղաքացի, Ձեզանից պահանջում եմ պատասխան, ինչո՞ւ են ավագ որդուս արգելել մուտք գործել Նոր Հայաստան։ Թե՞ Նոր Հայաստանը այլևս հայրենասեր հայերի հայրենիքը չէ։ Ուզում եմ տեղեկացնել նաև, որ շատ շուտով Հայաստան եմ այցելելու։ Հուսով եմ, որ իմ մուտքը ՀՀ ևս արգելափակված չէ»:

Թեմայի առնչությամբ մեկնաբանություն խնդրեցինք ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանից: Հարցին՝ արդյո՞ք որևէ արձագանք լինելու է Սուսաննա Առաքելյանի նամակին, Վ. Կարապետյանը պատասխանեց.

«Ընդունված կարգով դրա մասին հայտնի կդառնա: Բոլոր նամակներին արձագանքում է վարչապետի աշխատակազմը»:

Դիտարկմանն էլ, թե հաշվի առնելով, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ին կից կենտրոնի փորձագետին է առնչվում հարցը, արդյո՞ք որևէ մեկնաբանություն կա այս պահին, նա արձագանքեց. «Ես պատասխանեցի արդեն»:

Ի դեպ, 168.am-ը փորձեց կապ հաստատել նաև ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանի հետ, սակայն ապարդյուն:

Զարուհի Դիլանյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս