Իրաքցի հասարակական գործիչը՝ իրաքյան հակակառավարական ցույցերի մասին
Շուրջ մեկ ամիս է՝ Իրաքում չեն դադարում հակակառավարական ցույցերը: Երեկ գործադուլավոր իրաքցիները փակել են երկրի մի շարք շրջանների կենտրոնական կամուրջները և պողոտաները:
Միջազգային մամուլը պարբերաբար արձանագրում էր նաև ցուցարարների շրջանում սպանվածների ու վիրավորների մասին: Բողոքողների դեմ բռնությունների դադարեցման պահանջով Իրաքի իշխանություններին էին դիմել Միացյալ Նահանգները և Իրաքում ՄԱԿ-ի առաքելությունը և հորդորել անցկացնել արտահերթ ընտրություններ, ինչպես խոստացել էր նախագահ Բարամ Սալեհը:
168.am-ն այս իրադարձությունների շուրջ զրուցեց իրաքցի հասարակական գործիչ դոկտոր Ջավադ Ալ-Բեյդանիի հետ, ով ներկայացրեց իրավիճակը.
«Ակնհայտ է, որ կառավարության կողմից թույլ տրված սխալները բարդացնում են նրանց և քաղաքացիների միջև փոխհարաբերությունները, քանի որ այդ սխալները զգալիորեն նպաստեցին տնտեսական կառուցվածքի ոչնչացմանը»:
Անդրադառնալով ցույցերի ժամանակ սպանված ու վիրավոր ցուցարարներին՝ նա նկատեց, որ կառավարության ամենամեծ սխալը խաղաղ ցուցարարների դեմ արյունալի և ամոթալի գործողությունն է.
«Պաշտոնյայի գործը ժողովրդի կարիքը բավարարելն է, ոչ թե նրան սպանելը»:
Ջավադ Ալ-Բեյդանին համոզված է, որ, եթե կառավարությունը հրաժարականը չտա, իրավիճակը կհանգի քաղաքացիական պատերազմի:
Նշենք, որ հոկտեմբերի սկզբից Իրաքում շարունակվում են զանգվածային բողոքի ցույցերն ընդդեմ կենսապայմանների վատթարացման, գործազրկության աճի և կոռուպցիայի: Բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր զոհվել է ավելի քան 300 մարդ, վիրավորվել են հազարավորները։
Զարուհի Դիլանյան