Դադարեցվել են Վարդան Ղուկասյանի թիկնազորի լիազորությունները

Այսօր Aravot.am-ը տեղեկություններ է ստացել այն մասին, որ Գյումրիում հնչած կրակոցների պատճառով  Վարդան Ղուկասյանի թիկնապահներից մեկի` Հարություն Համբարյանի  ձերբակալումից հետո  ոստիկանությունը դադարեցրել է Գյումրու քաղաքապետի թիկնազորի լիազորությունները: Այլ կերպ ասած` քաղաքապետին այլևս արգելել են ման գալ թիկնապահներով: Նրանց զինաթափել են  ու Վարդան Ղուկասյանին առաջարկել`  եթե քո անվտանգության մասին ես մտածում, ապա անհրաժեշտության դեպքում դիմիր մեզ` քեզ ոստիկանական պահակախումբ կառաջարկենք:

Նշենք, որ իր դեմ կատարված մահափորձից հետո,  պարոն Ղուկասյանը  թիկնապահների մեծ խմբով էր ման գալիս, նրան ուղեկցում  էին մոտ 5 հոգի:

aravot.am-ը այս տեղեկատվությունը ճշտել է նաև ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության կապերի վարչությունից, որտեղից փոխանցել են, որ Գյումրու քաղաքապետը պայմանագրային հիմունքներով ուներ թիկնազոր, որի պայմանագրի ժամկետը լրացել է, ու  ոստիկանությունը այն չի թարմացրել: Այսինքն քաղաքապետի պահպանության բաժնի աշխատակիցները եղել են ոստիկաններ:

Ըստ կայքի աղբյուրների, քաղաքապետը միջնորդ է փնտրում երկրի նախագահի հետ հանդիպելու ու որդու վիճակը մեղմացնելու նպատակով:

Հիշեցնենք, որ Ղուկասյաններին պատկանող «Հրաշքների աշխարհ» մանկական խաղասրահի դիմաց  տեղի ունեցած հաշվեհարդարի  ու հնչած կրակոցների պատճառով քրեական գործ է հարուցվել նաև քաղաքապետի որդու` Սպարտակի դեմ: Նրան մեղադրում են Քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով` խուլիգանություն կատարելու մեջ, որը նախատեսում է 4 –ից մինչև 7 տարի ազատազրկում, և 235 հոդվածի 1-ին մասով, որը սահմանում է . «ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից, և դրա փամփուշտներից, ռազմամթերք ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը , իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը `պատժվում է կալանքով ` առավելագույնը 3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 3 տարի ժամկետով»:

Հիշեցնենք, որ քաղաքապետի որդին հետախուզման մեջ է :


Տեսանյութեր

Լրահոս