Բաժիններ՝

Զբաղվածության պետական աջակցության կրկնակի ձախողում և աճող ռիսկեր

Բազմիցս ներկայացրել ենք կոնկրետ մտահոգություններ և օբյեկտիվ գնահատումներ զբաղվածության պետական ծրագրերի ձախողումների վերաբերյալ, որոնք արձանագրվում են իշխանափոխությունից հետո՝ ոլորտի չհամակարգված և ոչ արհեստավարժ կառավարման հետևանքով:

Մասնավորապես, 2018 թվականին զբաղվածության պետական ծրագրերի կատարողականը կազմել է աննախադեպ ցածր՝ 25 տոկոս: Նույնիսկ եղած սուղ հնարավորությունների պայմաններում շուրջ 3000-4000 գործազուրկներ չեն ստացել հնարավոր պետական աջակցություն և չեն տեղավորվել աշխատանքի: Սրա հետևանքով է նաև, որ 2019 թվականի 1-ին եռամսյակին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գործազուրկների թիվն աճեց 16 հազարով:

2019 թվականի տասը ամիսների ցուցանիշներով ևս արձանագրվում է զբաղվածության պետական ծրագրերի ձախողումը: Ասենք օրինակ՝ գործազուրկների մասնագիտական ուսուցման ծրագրի կատարողականը կազմում է շուրջ 19 տոկոս, գործատուին աշխատավարձի մասնակի փոխհատուցման ծրագրինը՝ 25 տոկոս, գործազուրկին աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին միանվագ փոխհատուցման ծրագրինը՝ 45 տոկոս, երիտասարդների մասնագիտական պրակտիկայի ծրագրինը՝ 40 տոկոս, գյուղացիական սեզոնային զբաղվածության աջակցության ծրագրինը՝ 50 տոկոս (հղումը՝ http://employment.am/am/report.html): Այլ կերպ ասած, այս ծրագրերի կատարողականը այս տարի ևս խիստ ցածր է՝ չի գերազանցում 50 տոկոսը:

Փաստորեն ստացվում է, որ զբաղվածության ոլորտի պատասխանատու, քաղաքական բարձր պաշտոններ զբաղեցնողներն ամեն ամիս ստանում են իրենց աշխատավարձի չափ պարգևատրումներ՝ իրենց համար ծրագրված հիմնական աշխատանքը կիսով չափ չկատարելու համար: Այս երևույթը ևս աննախադեպ է՝ բացասական իմաստով:
Ոլորտի պատասխանատուները հիմա էլ մի նոր մանիպուլիացիա են մտածել՝ նորից աննախադեպ: Կառավարության վերջին նիստում ընդունվեց զբաղվածության ծրագրերի ֆինանսական վերաբաշխման նախագիծը (հղում. օրակարգի 32-րդ հարց): Այս նախագծի հիմնավորման մեջ նշված է հետևյալ նպատակը՝ գործազրկության մակարդակի նվազեցում և կայուն զբաղվածության ապահովում:

Սակայն իրական նպատակը բոլորովին այլ է.
ապահովել զբաղվածության պետական ծրագրերի կատարողականը՝ պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման արդյունավետությունը լրիվ անտեսելու և ծրագրերի իրականացման ռիսկերն առավելագույնի հասցնելու գնով:

Մասնավորապես, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նաարարության առաջարկով՝ զբաղվածության հիմնական ծրագրերի թերի կատարման հետևանքով չծախսված միջոցները (615 միլիոն դրամ) վերաուղղվում են ընդամենը մեկ ծրագրի՝ անասնապահությամբ զբաղվելու համար աջակցության ծրագրին: Այս փոփոխությունը առաջ է բերում մի շարք խնդիրներ: Նախ՝ սահմանված չեն գնահատման արդյունքային ցուցանիշները՝ շահառուներից քանի՞ ընտանիքներ դուրս կգան նպաստ համակարգից, քանի՞սը կդառնան ֆերմերներ, լրացուցիչ քանի՞ մարդու համար կապահովվի ժամանակավոր ղբաղվածություն և այլն: Լիարժեք նախատեսված չեն շահառուների ընտրության առաջնահերթությունները, ընդ որում՝ ամեն 30 ընտանիքից պիտի ընտրվի 1 ընտանիք: Տարվա ավարտին մնացել է մեմուկես ամիս, որն օբյեկտիվորեն բավարար ժամանակ չի 1000 լրացուցիչ շահառուների համար այս ծրագիրը կազմակերպելու համար, եթե նկատի ունենանք, որ 2019 թվականի 10 ամիսներին այս ծրագրում ներգրավվել են ընդամենը 42 շահառուներ՝ նախատեսված 50-ի փոխարեն:

Փաստորեն, այս պարագայում առանց մեծ ջանքերի և արդյունքի համար պատասխանատվության՝ կարելի է ցանկացած թվով շահառուների ներգրավել այս ծրագրում և ապահովել բարձր կատարողական նաև զբաղվածության մյուս՝ առավել բարդ ընթացակարգ և հստակ չափելի արդյունք ունեցող ծրագրերի համար, որոնք վերջին երկու տարիներին ձախողվում են: Այս ծրագրի բովանդակությունը պարզ է՝ շուկայից ձեռք է բերվում ասենք խոշոր եղջրավոր անասունը և տրամադրվում է անապահով ընտանիքին՝ յուրաքանչյուր ծրագրի համար ծախսելով 1 միլիոն դրամ:
Այս պարագայում նաև հարց է առաջանում՝ անհրաժեշտ է՞ ունենալ շուրջ 300 աշխատողներով, տարեկան շուրջ 1,2 միլիարդ դրամ պահպանման ծախսերով զբաղվածության պետական ծառայություն, որը, փաստացի պետք է իրականացնի այս ծրագիրը և կազմակերպման բարդության տեսանկյունից դրան համարժեք՝ գյուղացիական սեզոնային զբաղվածության աջակցության ծրագիրը, ամսական մոտ 150 շահառուների համար:

Թադևոս Ավետիսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի
ծրագրերի համակարգող, տնտեսագետ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս