Կենդանաբանական այգի նորից շուն է մտել
Այսօր Երևանի Կենդանաբանական այգի նորից շուն է մտել: Այս մասին 168.am–ին տեղեկացրեց այգու տնօրենի օգնական Վալյա Մարգարյանը:
«Շունը կենդանիներին վնաս չի հասցրել: Մեր այգու աշխատակիցներն ու FPWC հիմնադրամի անտառապահներն ամբողջ գիշեր հերթապահում են: Կանխել են վտանգը: Շանը տեղափոխել ենք «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ»,- ասաց Վալյա Մարգարյանը:
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ է պատրաստվում անել Քաղաքապետարանը, որ այգու տարածք այլևս շներ չմտնեն:
«Նախատեսում ենք ցանկապատել Կենդանաբանական այգին և տեսահսկման համակարգ ներդնել: Հիմա նախագծահաշվային աշխատանքներ են ընթանում և ենթադրվում է, որ 2020-ի ընթացքում կարվեն աշխատանքները: Անհրաժեշտ է չափագրում իրականացնել, իսկ մասնագետներն ասում են, որ չափագրում անցկացնելու համար պետք է սպասել տերևաթափի ավարտին, վերևից կվադրակեպտերով, դրոնով չափագրություն անելու համար անհրաժեշտ է, որ տերևաթափ լինի»,- պարզաբանեց Հակոբ Կարապետյանը:
Մեր հաջորդ հարցին, թե ի՞նչն է պատճառը, որ քաղաքապետ Հայկ Մարությանի երկրում չլինելու պարագայում Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանի աշխատանքից ազատման դիմումը ստորագրում է փոխքաղաքապետը, իսկ Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանինը՝ ոչ, մի՞թե Կենտրոնի թաղապետի պաշտոնը պակաս կարևոր է, Հակոբ Կարապետյանը պատասխանեց, որ խնդիրն ավելի կամ պակաս կարևոր լինելը չէ:
«Ամեն մի կոնկրետ իրավիճակի տրվում է իրավիճակային լուծում: Պայմանավորվածություն կա, որ քաղաքապետը կհանդիպի Ռուբեն Խաչատրյանին, որոշակի քննարկումներ կլինեն Կենդանաբանական այգու ապագայի և այդ գործում Ռուբեն Խաչատրյանի մասնակցության մասին»,- ասաց նա:
Հիշեցնենք՝ Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել նոյեմբերի 1-ին՝ փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի հորդորով: Վերջինը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ առաջարկն անելուց առաջ խորհրդակցել է քաղաքապետ Հայկ Մարությանի հետ: Պատճառը թափառող շների՝ երկու օր անընդմեջ հարձակումներն էին այգու կենդանիների վրա, որի հետևանքով անկել էր 3 մուֆլոն և 3 կենգուրու:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ