«Դա կոռումպացվածության հասնող թայֆայականություն է». Սարհատ Պետրոսյանը փակագծեր է բացել. «Ազատություն»

«Ես կոռուպցիա բառը չեմ օգտագործել: Ասել եմ՝ կոռումպացվածության հասնող թայֆայականությունը: Այսօր Ավինյանի խորհրդական հանդիսացող նախկին Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարը, որը Հայաստանում երևիցե գործունեություն չի ունեցել, ներկայումս հանդիսանում է Հայաստանի խոշորագույն նախագծային կազմակերպության սեփականատերը (խոսքը Ավետիք Էլոյանի մասին է), համակարգում է հսկայական ծավալի ներդրումային ծրագրեր և իրեն պատկանող ընկերությունը անմիջապես ներգրավված է այս բոլոր գործընթացներում: Դրա մասին տեղյակ են բոլորը, տեղյակ է Ավինյանը, ես ինքս այդ մասին ասել եմ»,- «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտարարել է Կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Սարհատ Պետրոսյանը՝ անդրադառնալով իր՝ նախկինում արված հայտարարություններին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի արձագանքին։

Փոխվարչապետը, հիշեցնենք, անդրադառնալով «կոռումպացվածության հասնող թայֆայականության» մասին Սարհատ Պետրոսյանի հայտարարությանը, նշել էր, որ առաջին անգամ է լսում նման բան։

«Դրա մասին տեղյակ է ողջ ճարտարապետական հանրույթը, որը բերանը բաց նայում է, ասում է՝ չհասկացանք, եթե նույնիսկ նախորդ իշխանության ժամանակ որևէ պաշտոնյա, որը կարող է․․․ այդպես բաց չէր հայտարարում, բայց հենց «Ազատություն» ռադիոկայանում ինֆորմացիա է եղել, որ այդ պետական պաշտոնյան նախագծում է Հայաստանի ամենաբարձրահարկ շենքը: Դա փաստերով ապացուցված շահերի բախման երևույթ է, իսկ շահերի բախման երևույթը ես շատ հանգիստ կարող եմ վերաձևակերպել և ասել, որ դա կոռումպացվածության հասնող թայֆայականություն է»,-շարունակել է Կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահը :

Նա ասել է, թե մի դրվագ է նշում եւ եթե իրավապահ մարմինները ուզում են հետամուտ լինել, եթե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ուզում է հետամուտ լինել, թե իրենց կուսակցությունը ներկայացնող անհատների թիմերը ինչ գործունեություն են ծավալում, պատրաստ է հավելյալ փաստեր ներկայացնել:

Պետրոսյանն ասել է, որ շենքի հեղինակը Ավետիք Էլոյանին պատկանող կազմակերպությունն է, որը մինչև Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար լինելը չի ունեցել Հայաստանում նախագծային գործունեության որևէ առիթ:

«Այսինքն, ինքը ստացել է և՛ այս պատվերը, և՛ բազմաթիվ այլ պատվերներ պաշտոնի չարաշահման, օգտագործման շնորհիվ»,-ասել է նա:
Ըստ Սարհատ Պետրոսյանի, որեւէ կասկած չկա, որ այստեղ կոռուպցիոն ռիսկեր կարող են լինել։ Նա տարօրինակ է որակել Տիգրան Ավինյանի հայտարարությունը, թե Սարհատ Պետրոսյանը գուցե չի տիրապետում քաղաքաշինության ոլորտին։

«Ուղղակի այն ժամանակ, երբ ես քաղաքաշինարարի, կամ ճարտարապետի դիպլոմ ունեի, Ավինյանը դեռ դպրոցում էր սովորում: Ողջ իմ գործունեության ընթացքում ես, որպես փորձագետ, հանդիսացել եմ քաղաքաշինության ոլորտի այս երկրի ոչ ամենավերջին փորձագետներից մեկը: Եվ ես կարծում եմ, որ Ավինյանից ևս երկու-երեք տարի կպահանջվի, որպեսզի ինքը քաղաքաշինության ոլորտի մասին ունենա այն պատկերացումները, ինչ-որ կունենա այն մարդը, որը ճարտարապետություն է սովորել»,-ասել է Կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահը:

Հարցին՝ անձամբ Նիկոլ Փաշինյանին առիթ ունեցե՞լ է այս ամենն ասելու, Սարհատ Պետրոսյանն ասել է. «Վարչապետի հետ բազմաթիվ անգամներ քննարկել ենք, և ընդհանուր շտրիխներով ընդունելի են եղել իմ մտահոգությունները: Բայց ես ենթադրում եմ, որ այս ոլորտը վստահված է փոխվարչապետերից մեկին, և կարծում եմ, ինքը հույս ուներ, որ կկարողանանք կանոնակարգել ժամանակի ընթացքում, համատեղ աշխատանքի ընթացքում, ինչը, ցավոք, տեղի չունեցավ»:

Նա նշել է, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին բանավոր եւ նույնիսկ գրավոր տեղեկացրել է ամենի մասին։

 

Տեսանյութեր

Լրահոս