Բաժիններ՝

Փախստականի կարգավիճակ ստանալու խնդրանքով դիմել է 132 օտարերկրացի

2012-ի տարեսկզբից մինչ օգոստոսի 27-ը Հայաստանում փախստականի կարգավիճակ ստանալու խնդրանքով ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությանը դիմել է 132 օտարերկրյա քաղաքացի: Այդ մասին «Փաստինֆո»-ին տեղեկացրել են ՄՊԾ-ի ապաստանի հարցերի բաժնից:

Փախստականի կարգավիճակ հայցողներից 90-ը Սիրիայից են, 12-ը` Իրաքից: Երկու դեպքում էլ դիմումատուներն ազգությամբ հայեր են կամ ազգությամբ հայերի օտարազգի ամուսիններ: Մնացած 30 դիմումատուներն այլազգիներ են` աֆրիկյան մի շարք երկրներից և հարևան Իրանից:

Ընդ որում` Հայաստանում փախստականի կարգավիճակ հայցող աֆրիկացիներից առավել շատ դիմողները Լիբերիայից և Կոնգոյից են: Սա վերջին ամիսներին նկատված օրինաչափություններից է. հատկապես աֆրիկյան այս երկրներից Հայաստանում փախստականի կարգավիճակ հայցողների թիվն աճել է:

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում մերժվել են մի շարք դիմումներ, այդ թվում` Իրանի, Կոնգոյի քաղաքացիների և Թուրքիայից դիմած ազգությամբ քուրդ մեկ քաղաքացու: Երկրորդ կիսամյակում ստացված դիմումների մի մասը դեռևս քննարկման փուլում է:

Համեմատության համար նշենք, որ 2011թ. ստացվել է 73 դիմում, որոնցից միայն 9-ը` աֆրիկյան երկրներից. 1-ական` Կոնգոյից և Մալիից, 7-ը` Կոտ դ`Իվուարից: Մնացած հայցողները հիմնականում եղել են ասիական երկրներից, այդ թվում 38-ը` Իրաքից, 16-ը` Իրանից, 6-ը` Սիրիայից: Փախստականի կարգավիճակ հայցող 73 դիմումներից 48-ը բավարարվել են, 25-ը` մերժվել:

ՀՀ օրենսդրության համաձայն, Հայաստանում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձն օգտվում է Հայաստանի պաշտպանությունից: Նրան տրվում է Հայաստանում առանց ժամկետային սահմանափակման օրինական բնակության իրավունք:

Նշենք նաև, որ ՄՊԾ-ի ենթակայությամբ գործում է Հատուկ կացարան, որը նախատեսված է Հայաստանում ապաստան հայցող անձանց և նրանց ընտանիքի անդամներին տեղավորելու համար: Հատուկ կացարանում բնակվող անձանց տեղաշարժի ազատությունը սահմանափակված չէ: Նրանք կարող են բնակվել կացարանում մինչև իրենց ապաստանի դիմումի վերաբերյալ վերջնական որոշում կայացվելը, ներառյալ` մերժման որոշման դատական կարգով բողոքարկման ավարտը: Հատուկ կացարանում բնակության ողջ ընթացքում Հայաստանում ապաստան հայցողներին և նրանց ընտանիքի անդամներին տրամադրվում է սնունդ, սպիտակեղեն, անձնական հիգիենայի պարագաներ, անհրաժեշտության դեպքում` հագուստ և կոշիկ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս