Չի՞ հակասում արդյոք վարչապետի հրահանգն օրենքին

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում մասնավորապես գրել էր. «Սիրելի հայրենակիցներ, բոլորդ հիշում եք, որ ս/թ ապրիլի 9-ին Երևանի ավտոմաքսատանն ունեցած այցելության ընթացքում հրահանգեցի աշխատանքից ազատել մաքսային մի ծառայողի (հետագայում  պարզվեց, որ նրա անունը Հայկ Մարտիրոսյան է)՝ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունք ցուցաբերելու պատճառով: Այսօր ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին հրահանգել եմ Մարտիրոսյանին կրկին ծառայության ընդունել ՊԵԿ համակարգում: Կարծում եմ՝ այս ժամանակահատվածը բավարար էր բոլորիս համար՝ տվյալ իրավիճակի վերաբերյալ պատշաճ հետևություններ անելու համար»:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Հայկ Մարտիրոսյանն ընդունել է առաջարկը ու կաշխատի մաքսային համակարգում:

Բոլորն են հիշում այդ խայտառակ միջադեպը, որը շոուի բոլոր կանոններով ցուցադրվեց հանրային հեռուստատեսությամբ և բոլոր լրատվամիջոցներով։ Վարչապետի կողմից մաքսային ծառայության աշխատակցին նվաստացնելու, նրա մարդկային արժանապատվությունը ոտնահարելու փաստն այդ օրերին արժանացավ ամենատարբեր գնահատականների ու քննադատությունների։

Պարզվում է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայկ Մարտիրոսյանին ոչ միայն օրենքի խախտմամբ հեռացրեց աշխատանքից, այլև օրենքի խախտումով հրահանգում է աշխատանքի ընդունել։

ՊԵԿ  «Զվարթնոցի» (Արևմտյան) մաքսատան փաստաթղթային հսկողության բաժնի նախկին պետ Հայկ Ֆարմանյանին 168.am-ը խնդրեց մեկնաբանել, թե «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքին արդյո՞ք չի հակասում վարչապետի սույն հայտարարությունը, և ինչպե՞ս է առհասարակ ՊԵԿ-ում աշխատանքի ընդունվելու կարգը: Վերջինս նկատեց, որ զուտ օրենքի տեսանկյունից նման բան լինել չի կարող:

«Բոլոր այն դեպքերում, երբ ՊԵԿ մաքսային ծառայության առաջատար կամ գլխավոր պաշտոններում առաջանում է թափուր պաշտոն, «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն, ըստ հերթականության, կարող է տեղի ունենալ հետևյալ իրավիճակներից որևէ մեկը․

1) ՊԵԿ ղեկավարը տասնհինգօրյա ժամկետում, օրենքի պահանջներին բավարարող հարկային, մաքսային կամ ՊԵԿ համակարգում քաղաքացիական ծառայություն իրականացնող համապատասխան պաշտոնատար անձանցից կարող է կատարել նշանակում՝ առաջնայնությունը տալով ավելի երկար ստաժ ունեցող մաքսային ծառայողներին կամ այն ծառայողներին, որոնց ատեստացիայի արդյունքներով շնորհվել է ավելի բարձր կոչում:

2) Վերը նշված ժամկետում նշանակում չկատարելու դեպքում՝ ՊԵԿ ղեկավարը կարող է հնգօրյա ժամկետում նշանակում կատարել կադրերի ռեզերվից՝ դարձյալ առաջնայնությունը տալով ավելի երկար ստաժ ունեցող մաքսային ծառայողներին:

3) Թվարկված ժամկետներում նշանակում չկատարելու դեպքում՝ ՊԵԿ-ն օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպում է փակ մրցույթ, որին մասնակցելու հիմնական պայմաններից մեկը, ի թիվս այլ պայմանների, մասնագիտական աշխատանքի փորձն է։ Առաջատար պաշտոնների համար անհրաժեշտ է 3 տարվա մասնագիտական աշխատանքի փորձ, իսկ գլխավոր պաշտոնների համար՝ 5 տարվա մասնագիտական աշխատանքի փորձ։ «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 3.1-ի համաձայն՝ մաքսային ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու դեպքում (ուշադրություն` ոչ թե թափուր, այլ ժամանակավոր թափուր), այսինքն՝ այն դեպքում, երբ տվյալ պաշտոնը զբաղեցնող անձը գտնվում է հղիության կամ ծննդաբերության արձակուրդում, մեկնել է պարտադիր զինվորական ծառայության, կամ մաքսային ծառայողի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելը ժամանակավոր անհնար է դարձել՝ այդ պաշտոնը կարող են զբաղեցնել մաքսային ծառայության կադրերի ռեզերվում գտնվող և տվյալ պաշտոնի նկարագրին բավարարող անձինք, որոնց հետ կնքվում է ժամկետային աշխատանքային պայմանագիր, իսկ դրա անհնարինության դեպքում՝ հաշվի առնելով օրենքի պահանջները, մեկ այլ անձի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելով»,- օրենքի պահանջը ներկայացրեց Հայկ Ֆարմանյանը:

Գոհար Սավզյան

Տեսանյութեր

Լրահոս