Բաժիններ՝

Գնահատման համակարգը լուսանցքում է

Բազմաթիվ մասնագետների կարծիքով՝ գնահատումը կրթական գործընթացի կարևորագույն մասն է։ Գնահատման մոտեցումներից է մեծապես կախված, թե ինչպես կաշխատի կրթական համակարգը։

Կրթության գործընթացում էական է, թե ի՞նչն է գնահատվում, ինչպե՞ս է գնահատվում։ Մանկավարժներն ու սովորողներն ուշադրություն են դարձնում այն հանգամանքին, թե ինչն է ստուգվում գնահատման գործընթացում։ Եթե դուք ստուգում եք փաստերի մեխանիկական վերհիշումը, ապա բոլորը դա են սովորում։ Եթե կարևորվում են ոչ միայն փաստերը, այլև մտածելու հմտությունները, ապա բոլորը շեշտը դնում են մտածողության վրա։

Այս առումով շատ կարևոր էր Գնահատման և թեստավորման կենտրոնի ստեղծումը, որը տեղի ունեցավ շուրջ 15 տարի առաջ։ Այդ տարիներին Հայաստանում ընդունելության քննությունները կազմակերպում էր նախարարությունը՝ ժամանակավոր  հանձնաժողովների միջոցով։ Գործընթացը մեծ ջանքեր էր խլում և տևում էր շուրջ 5-6 ամիս։

Պատահական չէ, որ այդ տարիներին նախարարության ոչ պաշտոնական անունը «ընդունելության քննությունների նախարարություն» էր։ Գնահատման և թեստավորման կենտրոնի ստեղծումը նպատակ ուներ գնահատման գործընթացը դնել պրոֆեսիոնալ հիմքերի վրա։ Այստեղ շատ կարևոր էր այն հանգամանքը, որ կենտրոնը որոշակի անկախություն ունենար նախարարությունից, որպեսզի ավելի ազատ լիներ կրթության արդյունքներն օբյեկտիվ գնահատելու հարցում։ Այդ նպատակով կենտրոնը գործում էր ոչ թե նախարարության, այլ կառավարության ենթակայության ներքո։

Կարդացեք նաև

Իհարկե, չենք կարող ասել, որ կենտրոնն անկախ էր նախարարությունից։ Բայց վերջերս ներկայացվել է կառավարության որոշման մի նախագիծ, որի համաձայն՝ Գնահատման և թեստավորման կենտրոնը պետք է դառնա նախարարության ենթակայության հաստատություն։

Կարծում եմ՝ սա ճիշտ քայլ չէ։ Հակառակը, նախարարությունը պետք է նպաստի, որպեսզի կենտրոնը դառնա անկախ մարմին, որպեսզի ավելի ազատ իրականացնի իր գործառույթները և բացահայտի կրթության օբյեկտիվ վիճակը։ Խնդիր է նաև այն, որ արդեն 1.5 տարի  կենտրոնը չունի տնօրեն։ Ընդ որում, կենտրոնի տնօրենը հեղափոխությունից հետո պաշտոնանկ արված առաջին պաշտոնյաներից մեկն էր։

Հաճախ Գնահատման և թեստավորման կենտրոնի մասին խոսելիս՝ հիմնականում նկատի են ունենում բուհերի ընդունելության քննությունների նախապատրաստումը և անցկացումը։ Մինչդեռ դա կենտրոնի գործառույթներից մեկն է միայն։ Օրինակ՝ շատ կարևոր գործառույթ է ընթացիկ գնահատման համակարգի զարգացումը։ Ժամանակակից աշխարհի առաջատար երկրներն աստիճանաբար հրաժարվում են թվանշանային գնահատումից, չեն կարևորում ավարտական քննությունները՝ ավելի մեծ ուշադրություն դարձնելով ոչ թվանշանային, նկարագրական գնահատմանը, ընթացիկ գնահատումներին։

Այս առումով Հայաստանի կրթության թույլ օղակներից մեկն ընթացիկ գնահատումն է։ Ժամանակին ստեղծվեցին ընթացիկ գնահատման որոշակի մեխանիզմներ Կրթության ազգային ինստիտուտի կողմից։ Բայց այս գործընթացները համակարգային լուծումներ չստացան։ Եվ միանշանակ կարելի է ասել, որ գնահատման ամենակարևոր բաղադրիչը՝ ընթացիկ գնահատումը, Հայաստանում ամենավատ վիճակում է։ Ուսուցիչները կարիք ունեն գնահատման վերաբերյալ խորքային վերապատրաստումների։

Խնդիրներ ունենք նաև միջազգային ստուգատեսների հետ կապված։ Հայաստանը 2003 թվականից մասնակցում է Մաթեմատիկայի և Բնագիտության TIMSS միջազգային ստուգատեսին, որն անցկացվում է 4-րդ և 8-րդ դասարանցիների համար։ Այդ ստուգատեսի արդյունքները երբեք պատշաճ ուշադրության չեն արժանացել։ Եղել են նեղ մասնագիտական եզակի քննարկումներ, բայց մենք խնդիր ունենք ավելի լուրջ հասկանալու իրավիճակը։ Այդ ստուգատեսում Հայաստանի արդյունքները մտահոգիչ են։ Մեր աշակերտները հատկապես վատ արդյունքներ ունեն մտածողության հմտությունների և գիտելիքի կիրառման ոլորտներում։ Խոսակցություններ կային, որ այս տարի անցկացված հերթական ստուգատեսին մասնակցելու են միայն 4-րդ դասարանցիները։

Մինչդեռ շատ ավելի կարևոր է 8-րդ դասարանցիների մասնակցությունը, քանի որ այն ավելի լավ է ցույց տալիս դպրոցական կրթության որակը։ Բայց քանի որ այս ստուգատեսներն ուշադրության կենտրոնում չեն, այդպես էլ հրապարակային հայտարարություն չեղավ այն մասին, թե մասնակցեցի՞ն 8-րդ դասարանցիները, թե՞ ոչ։

Մինչև հեղափոխությունը նախարարությունը որոշում կայացրեց 2021թ.-ից մասնակցել PISA ստուգատեսին։ Բայց առայժմ հասկանալի չէ, թե ինչ ընթացք ունի այս որոշումը։ Արդյո՞ք մեր դպրոցները նախապատրաստվում են այս ստուգատեսին։ Խնդիրն այն է, որ նման ստուգատեսների առաջադրանքները շատ տարբեր են մեր դպրոցներում տրվող առաջադրանքներից։ Հետևաբար՝ անհրաժեշտ է հետևողականորեն դպրոցներին նախապատրաստել այս ստուգատեսին։

Բացի այդ, Հայաստանում իրականացվում են նաև առանձին առարկաների վիճակի գնահատումներ, որի պատասխանատուն նույնպես Գնահատման և թեստավորման կենտրոնն է։ Այս գնահատումների արդյունքները ներկայացվում են կենտրոնի կայքում, բայց առանձնապես ուշադրության չեն արժանանում։

Ընդհանրապես, Հայաստանի կրթական համակարգի հիմնական խնդիրներից մեկն այն է, որ բովանդակային, խորքային հարցերը ոչ միշտ են արժանանում պատշաճ ուշադրության։ Բացի այդ, կրթության գործընթացի տարբեր փուլերի պատասխանատուները ոչ միշտ են համագործակցում իրար հետ։

Օրինակ՝ արդյո՞ք կա պատշաճ համագործակցություն Գնահատման և թեստավորման կենտրոնի, տեսչության, դասագրքերի հարցերով զբաղվող կառույցների, Կրթության ազգային ինստիտուտի (վերջինս արդեն լուծարված է), Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի միջև։ Այս կառույցներից յուրաքանչյուրն իրականացնում է իր գործառույթները, բայց բազմաթիվ հարցեր հնարավոր է լուծել, եթե հաջողվի ապահովել կառույցների համագործակցված աշխատանքը։ Մեզ պետք է կրթության համակարգը տեսնել՝ որպես կապակցված գործընթացների ամբողջություն, որի յուրաքանչյուր շղթան մեծապես կախված է մյուսներից։

Այս շղթայում բացառիկ դեր ունի գնահատումը, քանի որ մարդկանց սովորելը կախված է այն բանից, թե ինչն է վերջում ստուգվելու։ Եթե մենք ունենանք գնահատման լավ գործիքներ, ապա կարող ենք փոփոխություններ ունենալ նաև կրթական շղթայի մյուս օղակներում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս