«Խոսքի ազատությունը բացարձակ իրավունք չէ և ենթակա է անհրաժեշտ սահմանափակման, եթե անցնում է թույլատրելիի սահմանները». Շուշան Դոյդոյան
«Ատելության խոսքը» պետք է քրեականացվի, բայց նախ պետք է հասկանալ, թե ո՞րն է ատելության խոսքը: 168.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» հիմնադիր Շուշան Դոյդոյանը: Ըստ փորձագետի՝ գործող իշխանությունների կողմից օգոստոսին քննարկման դրված օրենքի նախագիծն այն տարբերակով, որով քննարկվում էր՝ ընդունման, «ատելության խոսքն» էլ՝ քրեականացման ենթակա չէ, քանի դեռ «ատելության խոսքի» սահմանում չկա:
«Նախ պետք է սահմանել, թե ի՞նչ է ատելության խոսքը, հետո նոր՝ մտածել, թե պատասխանատվության ո՞ր ձևն է այս փուլում ավելի նախընտրելի: Սահմանումը առայժմ չկա, հետևաբար՝ չենք կարող որակել՝ որևէ արտահայտություն ատելության խո՞սք է , թե՞ ոչ, և դա խնդիրներ է առաջացնում, որովհետև ցանկացած թեթև զրպարտության կամ վիրավորանքի տարրեր պարունակող արտահայտությունները կարող են որակվել՝ որպես ատելության խոսք:
Սա շատ ավելի խորը երևույթ է, քան պարզապես այս կամ այն անձին վիրավորելը կամ անձնական կյանքի մեջ ներխուժելը: Մեր բոլորի շահերից է բխում հնարավորինս արագ դրա սահմանումը տալը: Ինչ վերաբերում է՝ կոնկրետ քրեակա՞ն , թե՞ քաղաքացիական ոլորտում պատասխանատվություն սահմանելուն, ես ինքս էլ համոզված եմ, որ ճիշտ կլինի այս փուլում քրեականացնելը, գուցե՝ հետագայում վերանայելու պայմանով, բայց պետք է լինի խիստ պատիժ՝ հատուկ, դիտավորյալ կոնկրետ անձին որևէ հանգամանքով՝ ռասայական, ազգային, կրոնական պատկանելությամբ պայմանավորված, բռնության կոչի թիրախ դարձնելու համար:
Գործող օրենքն ընդհանրական է, ասում է՝ քրեորեն պատժելի է նման հանգամանքներով պայմանավորված արտահայտություններ հրապարակելն ընդհանրապես, ոչ թե կոնկրետ անձին կամ անձանց խմբին թիրախավորելը: Պետք է հանրային լայն, բաց քննարկում լինի պատժի տեսակը որոշելու համար՝ լրագրողների, հասարակական կազմակերպությունների, Ազգային ժողովի հետ, հասկանանք՝ ո՞րն է այս պահին ամենաձեռնտու որոշումը: Լրագրողներն ամենահաճախն են բախվում այս խնդրին, նյութերի մեկնաբանություններում նկատած կլինեք՝ վիրավորանքներ նյութի աղբյուրի, հեղինակի հասցեին, այս երևույթը գնալով խորանում է, պետք է ներդրվեն և՛ ինքնակարգավորումների մեխանիզմներ, և՛ օրենսդրական կարգավորումներ»,- ասաց Շուշան Դոյդոյանը:
Փորձագետը պնդում է՝ խոսքի ազատությունը բացարձակ իրավունք չէ և ենթակա է անհրաժեշտ սահմանափակման, եթե անցնում է թույլատրելիի սահմանները:
«Գուցե պետք չէ շտապել ու նման օրենք ընդունել, գուցե ոչ հիմա, գուցե պետք է հիմա ուղղակի քննարկումներ սկսել, բայց պետք է անպայման անպատասխանատու խոսքը որոշակի պատասխանատվության ենթարկվի: Գծված սահմանը շատ հաճախ անցնում են մարդիկ, այսինքն՝ անցնում են քաղաքացիաիրավական կարգավորումներից դուրս հարցերի շրջանակ, այս դեպքում կարող է առաջ գալ քրեական պատասխանատվության անհրաժեշտություն: Ազատ խոսքը բացարձակ իրավունք չէ. մենք մտածում ենք, որ ամեն ինչ կարող ենք ասել ամեն մեկի հասցեին, բայց չենք մտածում, որ որևէ իրավունք բացարձակ չէ, բացի կյանքի իրավունքից, դա իր հերթին՝ ենթադրում է պատասխանատվություն, պատասխանատվության մասը ոչ ոք չի ուզում լսել ու ընկալել, իրենց չի վերաբերում: Իրավունք-պատասխանատվությունը մեկ ամբողջություն է: Ազատ խոսքն իրավունք է, որը ենթակա է անհրաժեշտ սահմանափակման, այս մասին խոսում է և՛ ՄԻԵԴ-ը, և՛ կոնվենցիայի 10-րդ հոդվածը»,- պնդում է Շուշան Դոյդոյանը:
Մեր այն հարցին, թե արդյոք շատ չի՞ ընդլայնվել «ատելության խոսք» եզրույթի ընկալման շրջանակը, քանի որ միջազգային օրենքներում «ատելության խոսք» են համարվում միայն ռասայով, ազգային կամ կրոնական պատկանելությամբ, սեռական կողմնորոշմամբ պայմանավորված բռնության կոչերը, բայց դրանք չեն կարգավորում միևնույն ազգի, կրոնի, սեռական կողմնորոշման պատկանող անձանց հարաբերությունները, Դոյդոյանը պատասխանեց, որ՝ այո, օգոստոսին քննարկման դրված օրինագծում դրանք շատ ընդհանրական էին:
«Արդարադատության նախարարության օրինագծում ձևակերպումները շատ ընդհանրական էին, ցանկացած բռնության կոչ կարող էր այդ ձևակերպման մեջ մտնել և որակվել՝ որպես ատելության խոսք: Բռնության խոսքը չի համարվում ատելության խոսք, դրա համար է, որ մենք քննադատեցինք այդ օրինագիծը: Այն օրինակն ենք բերել, որ 2016 թվականի «Սասնա ծռերի» հայտնի դեպքերի ժամանակ, եթե լրատվամիջոցը վերահրապարակում էր նրանց արտահայտությունները, դառնում էր դրանց տարածող, և լրատվամիջոցի դեմ կարող էին քրեական գործ հարուցել, եթե այս օրենքի նախագիծն այն ժամանակ օրենքի ուժ ունենար: Հուսով եմ՝ մոռացել են այդ նախագիծը, օգոստոսին էր այդ քննարկումը»,- ասաց Շուշան Դոյդոյանը:
Իշխանական ամենաբարձր օղակներում հնչող «ասֆալտին փռել», «պատին ծեփել» արտահայտությունները Շուշան Դոյդոյանն ատելության խոսք չի համարում:
«ՙԱսֆալտին փռելն» ու «պատին ծեփելն» ատելության խոսք չեն, որովհետև պայմանավորված չեն ազգային, կրոնական, սեռական կողմնորոշումներով, միգրանտների շահերի մեջ չեն մտնում: Թեև կոնկրետ խմբի են ուղղված, բայց դրանք շատ ընդհանրական են, չի անձնավորում, ասվում է՝ նման վարքագիծ դրսևորողներին: Պետք է քննարկել»,- եզրափակեց փորձագետը:
Հիշեցնենք՝ օգոստոսին e-draft.am կայքում քննարկման դրվեց օրենքի նախագիծ, ըստ որի՝ պետք է լրացումներ կատարվեին ՀՀ քրեական օրենսգրքում: Նախագծով առաջարկվում էր օրենսգիրքը լրացնել 226.2 հոդվածով, որով պատասխանատվություն կնախատեսվի անձի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, անձի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ նման բռնություն քարոզելու համար:
Չնայած օրինագծի մասին դեռևս նորություններ չկան, բայց օրեր առաջ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում Մարիա Կարապետյանը տեղեկացրել էր, որ մի խումբ պատգամավորներ հանդես են եկել հայտարարությամբ, որում խստորեն դատապարտվում է քաղաքացիական հասարակության և նրանց ներկայացուցիչների, լրատվության միջոցների և լրագրողների, դատական իշխանության ներկայացուցիչների, իրավապաշտպանների, այլ անհատների և խմբերի նկատմամբ հետապնդման, ահաբեկման, սպառնալիքի և ոտնձգության դրսևորումները, ատելության և թշնամանքի հրահրումը և խրախուսումը: Հայտարարությանը միացել է նաև «Իմ քայլի» պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը, ով նիստից հետո «Ժողովուրդ» թերթի հետ զրույցում պնդել է՝ «ատելության խոսքը» պետք է քրեականացվի:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ