37-ի բարդույթ, կամ՝ Հրայրի «ֆենոմենը»
ՀՀ-ում տեղի ունեցող դատաիրավական համակարգի ոտնահարման գործընթացն արդեն շարունակվում է ամիսներ, ու դեռևս որոշակիորեն հասկանալի չէ, թե, ի վերջո, ինչ հանգուցալուծում է տրվելու այս քաոսին։ Փաստն այն է, որ ՀՀ գործող իշխանություններն արդեն բացահայտ չեն թաքցնում, որ իրենց նպատակն է՝ դատական համակարգում սեփական «նոմենկլատուրան» հաստատել․ Փաշինյանը ցանկանում է, որ դատարանների ողջ կոորդինացիան ուղղորդվի մի կետից, և նրա այդ ցանկության համար թիվ մեկ խոչընդոտը, բնականաբար, Սահմանադրական դատարանն է։
Այս հանգամանքի հստակեցումից հետո պարզ է դառնում, թե որն է Հրայր Թովմասյանի դեմ ընթացող այս բացահայտ գրոհների տարափի պատճառը։ Եթե ուշադրությամբ հետևենք վերջին ամիսներին Հրայր Թովմասյանի շուրջ ընթացող գործողություններին ու հնչեցված մտքերին, ապա տպավորություն է ստեղծվում, որ առկա է նրանից ազատվելու քաղաքական օրակարգ, և, որքան էլ տարօրինակ թվա, իշխանություններն այդ ամենն ընդհանրապես չեն ժխտում՝ դա համարելով նորմալ իրավիճակ։
Թովմասյանի նկատմամբ տոտալ գրոհը մի քանի ռաունդից էր կազմված։ Դեռևս ամիսներ առաջ պառլամենտում հատուկ օրենքի փոփոխություն կատարվեց և ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքը փոփոխության ենթարկվեց, որպեսզի դեռևս նախորդ գումարման խորհրդարանի կողմից մեկ անգամ արդեն մերժված տխրահռչակ Վահե Գրիգորյանի թեկնածության հարցը ևս մեկ անգամ քննարկեն։
Այս պարագայում առաջին հայացքից անհասկանալին այն է, որ Փաշինյանը հասավ նրան, որ Գրիգորյանի կողմից դեռևս մեկ տարի առաջ ոչ լեգիտիմ նախագահ համարվող Արմեն Սարգսյանը ևս մեկ անգամ որպես ՍԴ դատավորի թեկնածու նրան ներկայացրեց ԱԺ-ին (հավելենք, որ Գրիգորյանը մինչ օրս այն կարծիքին է, որ Սարգսյանը ոչ լեգիտիմ նախագահ է, քանի որ ընտրվել է ոչ լեգիտիմ պառլամենտի կողմից, չգիտես ինչու, մոռանալով իր անմիջական ղեկավար Փաշինյանին, ով ընտրվեց վարչապետի պաշտոնում)։ Հենց այդ ընտրության ժամանակ էլ Գրիգորյանը խորհրդարանի ամբիոնից ինքն իրեն հռչակեց ՍԴ նախագահ։
Այս տրյուկը Թովմասյանի կողմից ընդունվեց ժպիտով։ Դրանից հետո ականատես եղանք, թե ինչպես խորհրդարանի իշխանական խմբակցությունն անհասկանալի մեղադրանքներով և նաիվ ձևակերպումներով հիմնավորված մի անմեղսունակ փաստաթուղթ էր դրել շրջանառության մեջ, որին կողմ քվեարկեց 98 պատգամավոր, իսկ հետո ՍԴ-ն աշխատանքային կարգով անցկացված նիստում մերժել էր։
Հաջորդիվ գործի դրվեց ավելի, մեղմ ասած՝ կեղտոտ մեթոդիկա․ հատուկ մարմինները սկսեցին ուղղորդվել Հրայր Թովմասյանի բարեկամների ու մերձավորների դեմ։ Այսքանից հետո ակտիվացավ մյուս իշխանական վեկտորը՝ հանձին Արման Բաբաջանյանի, ով, ինչպես շատերն են նկատում՝ դիմեց հին ու փորձված՝ 37 թվականի մեթոդներին:
Հավելենք, որ Արման Բաբաջանյանը դիմում էր ներկայացրել Գլխավոր դատախազություն՝ պահանջելով քրեաիրավական գնահատական տալ, իր բնորոշմամբ, կոպտագույն իրավախախտումներին, որ թույլ են տրվել 2018 թվականի մարտին, երբ Հրայր Թովմասյանը նախ՝ դարձավ ՍԴ անդամ, ապա՝ նախագահ:
Ըստ Բաբաջանյանի՝ Թովմասյանը դիմում չի ներկայացրել պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին, իսկ Արա Բաբլոյանն անհասկանալի հիմքերով Թովմասյանի պատգամավորական լիազորությունները համարել է դադարած:
Նշենք նաև, որ Բաբաջանյանի տված հաղորդագրության հիման վրա ՀՔԾ-ն հայտարարել է, որ գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելու առերևույթ հանցագործության դեպքի կապակցությամբ:
Հաղորդման հիման վրա ՀՔԾ-ում նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու մասին:
Տեղին է հավելել, որ Սահմանադրության դրույթների մանիպուլյատիվ մեկնաբանությունը և խեղաթյուրումը հարված է իրավական պետության հիմքերին, և նմանաբնույթ քայլերն արժանի են քննադատության, և առնվազն գոնե իրավապահ մարմինները պետք է տեղիք չտան նմանաբնույթ երևույթներին:
Ի դեպ՝ այսօր վաղ առավոտյան ՀՀԿ կենտրոնական գրասենյակ են այցելել ՀՔԾ ներկայացուցիչներ՝ փորձելով կուսակցությունից ստանալ Հրայր Թովմասյանի պատգամավորական մանդատի և կուսակցության անդամակցության դադարեցման հետ կապված փաստաթղթեր։
Նշենք նաև, որ ՀՔԾ ներկայացուցիչները կուսակցության գրասենյակ են այցելել անակնկալ՝ անգամ ղեկավար կազմին տեղյակ չեն պահել իրենց այցի մասին։ Իշխանությունները մոռացել են «թռիչքաձև աճի մասին հայտարարությունները», «տնտեսական հեղափոխություն», «ազգային անվտանգության հիմնահարցեր» գումարած՝ Արցախի անվտանգություն և այլն, հիմա նրանց քայլերից այնպիսի տպավորություն ես ստանում, որ երկրի անվտանգության թիվ մեկ սպառնալիքի անունը «Հրայր Թովմասյան» է, որի լիկվիդացմանը լծվել են ողջ թիմով։
Արմեն Հովասափյան
Հ․Գ․ Ժամեր առաջ հայտնի դարձավ, որ ԱԱԾ են կանչվել Հրայր Թովմասյանի 75-ամյա թոշակառու հայրը և երկու դուստրերը։