Ոստիկանապետի ԺՊ-ի հրամաններով զոհված ու վիրավորված ոստիկանները պարգևատրվել են
ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հրամանով ծառայողական պարտականությունները կատարելիս կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ցուցաբերած անձնազոհության և սխրագործության համար ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկան, ոստիկանության ավագ Տիգրան Առաքելյանը հետմահու պարգևատրվել է «Սխրագործության համար» մեդալով։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարի մեկ այլ հրամանով ծառայողական պարտականությունները կատարելիս վիրավորված, նույն վաշտի ոստիկան, ոստիկանության կրտսեր սերժանտը պարգևատրվել է «Ոստիկանությունում գերազանց ծառայության համար» կրծքանշանով։
Հիշեցնենք, որ այսօր Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արաբկիրի պահպանության բաժնի գիշերային ծառայություն իրականացրած կարգախմբերից մեկի ոստիկանները «Հաղթանակ» զբոսայգու մուտքի մոտ նկատել են երկու անձի։ Ոստիկանության ծառայողները հետապնդել են նրանց և Ազատության պողոտայում բռնել։ Բռնված անձինք դիմադրել են։ Այդ ընթացքում նրանցից մեկը խլել է ոստիկաններից մեկի հաշվեցուցակային ատրճանակն ու կրակել ոստիկաններից մեկի վրա, ինչպես նաև ատրճանակի բռնակով հարվածել մյուս ոստիկանին։ Այնուհետև դեպքի վայրից դիմել են փախուստի։ Ստացած հրազենային վնասվածքի հետևանքով՝ Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկան, 38-ամյա Տիգրան Առաքելյանը մահացել է։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ոստիկանների վրա հարձակվողները եղբայրներ են, մեկը՝ անչափահաս․ նրանք ձերբակալվել են։