Նորվեգացի ահաբեկչին մեղսունակ են ճանաչել և դատապարտել 21 տարվա ազատազրկման
Նորվեգիական դատարանը 77 մարդու կյանք խլած Անդերս Բրեյվիկին մեղսունակ է ճանաչել և դատապարտել նրան 21 տարվա ազատազրկման, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Սա նորվեգական օրենսդրության համաձայն առավելագույն պատժաչափն է, որ նշանակվում հատուկ ծանր հանցանքներ գործած անձանց:
33-ամյա Բրեյվիկը պնդում էր, որ իր գործողությունները պայմանավորված են եղել իր ծայրահեղ աջակողմյան և հակամահմեդական հայացքներով և դեմ էր նրան, որ իրեն վերաբերվեն որպես հոգեկան խանգարում ունեցող շիզոֆրենիկի:
Բրեյվիկի գործով դատավարությունը շարունակվում էր 10 շաբաթ: Լսումների ընթացքում ցուցմունք են տվել ահաբեկչության բոլոր վկաները: Այդ ամբողջ ժամանակահատվածում մուգ կոստյումով և փողկապով Բրեյվիկի դեմքի վրա զղջման որևէ նշույլ չի երևացել: Ավելի վաղ, նա նույնիսկ հայտարարել էր, որ զղջում է միայն նրա համար, որ ավելի շատ մարդկանց չի սպանել:
Բրեյվիկին 2 անգամ փորձաքննության են ենթարկել, որոնք տաբեր, հակասական արդյունքներ են տվել: Ըստ առաջինի` նա անմեղսունակ էր ճանաչվել, իսկ մյուսով` մեղսունակ:
Օգոստոսի կեսերին Նորվեգիայի ոստիկանապետ Օյսթեն Մելանդը հրաժարական է տվել նրանից հետո, երբ հետաքննության արդյունքում պարզվել է, որ Արդերս Բրեյվիկի կողմից իրականցված ահաբեկչությունը հնարավոր էր կանխել:
Բրեյվիկը մեղադրվում էր նախորդ տարվա հուլիսի 22-ին մայրաքաղաք Օսլոյի կառավարական թաղամասում պայթյուն իրականացնելու և Ուտոյա կղզում Նորվեգիայի աշխատավորական կուսակցության երիտասարդական ճամբարի մասնակիցների ուղղությամբ կրակ բացելու մեջ, որոնց հետևանքով զոհվել էր 77 մարդ: